ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ֆրանսիայի Հանրապետությունում

Հունիսի 6-ին աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանը Կաննի փառատոների պալատում մասնակցել է «Միդեմ-2015» միջազգային աշխարհահռչակ երաժշտական փառատոնի բացման արարողությանը: Ու որքան էլ զարմանալի է՝ երաժշտական փառատոնի բացումը մեկնարկել «լենտ կտրելու» արարողությամբ: Սակայն «լենտի փոխարեն» Ֆրանսիայում կապել են հայկական եռագույնը, եւ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանի ներկայությամբ փառատոնը բացվել է՝ հայկական եռագույն դրոշը կտրելով: Ս. Սարգսյանն էլ փոխանակ ընդվզեր հայոց դրոշը կտրելու փաստի դեմ, միայն ժպտում է:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ովքեր կարող են մասնակցել որդեգրման գործընթացին:

Սվետա Միքայելյան (41 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ՝
1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
2) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց.
4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի պարտականություններից հեռացված անձանց.
5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով.
6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ: Համապատասխան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, հաստատում է ՀՀ Կառավարությունը.
7) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները.
8) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ՝ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական եւ տեխնիկական սահմանված պահանջներին.
9) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:
Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միեւնույն երեխային:
Միեւնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունքը տրվում է երեխայի ազգականներին եւ խորթ ծնողներին՝ վերոհիշյալ պահանջների հաշվառմամբ:
Եթե որդեգրողը ամուսնության մեջ չի գտնվում, նրա եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի առնվազն տասնութ տարի:
Երեխային խորթ հոր (խորթ մոր) կողմից որդեգրելիս տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ-ին որդեգրման ենթակա 109 երեխաներին ցանկացել է որդեգրել 245 անձ, իսկ 2014թ-ին որդեգրման ենթակա երեխաները 125-ն են եղել, որոնց ցանկացել է որդեգրել 259 հոգի:

 

 

 

 
ՀԱՐՑ. 2013թ-ին գնել եմ մեքենա, որի նախկին տերը գույքահարկի պարտք է ունեցել (նախկին ասելով՝ նկատի ունեմ մեքենայի երրորդ՝ նախկինի նախկին տերը): Ես ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել մեքենայի նախկին (երրորդ) տիրոջը, որպեսզի նա մուծի գույքահարկի իր պարտքը: Խնդրում եմ ասեք՝ այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Եթե նրան չգտնեմ, եւ պարտքը չմարվի, ապա ով պետք է պատասխանատվության ենթարկվի: Ի վերջո, ո՞վ պետք է մուծի մեքենայի նախկին տիրոջ կուտակած գույքահարկի պարտքը: Նշեմ, որ պարտքի մասին ծանուցումն իմ անունով է հասցեագրված:

Հարություն Գրիգորյան (42 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի եկամուտների հաշվառման եւ գանձման վարչությունից տեղեկացնում են, որ համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտը (բացառությամբ փոխադրամիջոցների) կամ դրա մի մասն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար չմարված հարկային պարտավորությունները (ՀՕ-113-Ն, ուժի մեջ է մտել 23.12.2013թ.): Հետեւաբար փոխադրամիջոցի առուվաճառքի պայմանագիրը մինչեւ 23.12.2013 թվականը կնքված լինելու դեպքում, համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, նոր սեփականատիրոջն են անցնում օտարման օրվա դրությամբ տվյալ հարկվող օբյեկտի համար նախկին սեփականատերերի կողմից չմարված հարկային պարտավորությունները, որոնք ենթակա են վճարման վերջինիս կողմից:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման գործընթաց իրականացնող քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս լինել հնարավորինս զգոն, մինչ որեւէ գույք ձեռք բերելը հավաստիանալ, որ դրա վրա չկան կուտակված հարկային պարտքեր, ապա միայն գնել այն: Հակառակ դեպքում հայտնվելու եք այնպիսի տհաճ իրավիճակում, ինչպես մեզ դիմած քաղաքացին:




Լրահոս