ՈՎ Է ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել՝ «Ժողովուրդ»-ի այն կանխատեսումը, որ ՀՀ իշխանություններն ի սկզբանե որոշել են սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 6-7 դրամով թանկացնել, ընդամենը մեկ շաբաթից պաշտոնապես կիրականանա: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ հրապարակեց հունիսի 17-ին հաստատվելիք որոշման նախագիծը, ըստ որի՝ սպառողին մատակարարվող էլէներգիայի սակագինը 41,85 դրամ կՎտ/ժ-ից կդառնա 48,78 դրամ: Նոր սակագինը նախատեսվում է կիրառել օգոստոսի 1-ից: Հիշեցնենք, որ երբ մայիսի կեսին ՀԷՑ-ը հրապարակեց էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու մասին ներկայացրած իր հայտը, գրել էինք, որ սա ընդամենը տակտիկական քայլ է, որպեսզի 7 դրամով թանկացնելուց հետո սպառողը ՀՀ իշխանություններին մի բան էլ շնորհակալություն հայտնի: Տեղեկացնենք, որ իբրեւ էլէներգիայի թանկացման պատճառ ներկայացվում է ՀԷՑ-ի կուտակած 250 մլն դոլարի պարտքի մարումը: Ու եթե մեկ տարի անց պարզվի, որ ՀԷՑ-ի պարտքերը չեն պակասել, ավելացել կամ նույն են մնացել, ապա ո՞վ է պատասխան տալու ՀՀ սպառողներին լրացուցիչ թալանելու համար: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը պատրաստ է հայտարարել, որ անձամբ պատասխանատվություն է ստանձնում՝ ՀՀ բնակչության եւ արտադրողների ամենածավալուն թալանը թույլ չտալու համար, իսկ եթե չկարողանա դա անել, ապա անձամբ պատասխան կտա՞: Իսկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատրա՞ստ է անձամբ պատասխանատվություն ստանձնել, կամ նույն ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը եւ նրա հանձնաժողովականները պատրա՞ստ են նման պատասխանատվություն ստանձնել: Թվարկված պաշտոնյաներն այժմ պետք է ասեն, թե ով է այս խայտառակության համար մեկ տարի անց պատասխան տալու:

 

 

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, վիրավորված է իր կուսակիցներից եւ այնքան, որ նույնիսկ չի էլ թաքցնում: Աղաբաբյանը ԱԺ է գալիս միայնակ, մի քանի վայրկյան նստում դահլիճում, գրանցվում ու արագ հեռանում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ինքը նեղացած է հարազատ կուսակցությունից, Աղաբաբյանը պատասխանեց. «Այնքանով կա, որ ոնց որ թե կուսակցությունն ինձ արդեն չի վստահում, բոլոր առումներով: Ես ամեն ինչին էլ մասնակցում եմ, բայց խնդիրն այն է, որ անվստահության մթնոլորտը գնալով խորանում է, իսկ դա հաճելի բան չի»: Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է դրսեւորվում այդ անվստահությունը, ՀՀԿ-ականն ասաց. «Ես չեմ ուզում այդքան բացվեմ, դատական պրոցեսից հետո, երբ ամեն ինչ ապացուցեմ…»: Մի խոսքով, Աղաբաբյանը վիրավորված է, բայց կխոսի դատական պրոցեսից հետո: Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանել է 60 մլն դրամով, որը հետագայում ակտը դատարանում բողոքարկել է:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս երկուշաբթի` հունիսի 8-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, հերթական անգամ հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե: Մեր տեղեկություններով՝ կոմիտե գնալու առիթը եղել է իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի գործը: Թե ինչ զրույց է եղել քննիչների ու նրանց ղեկավարների եւ մարզպետի միջեւ, բնականաբար, մեզ չհաջողվեց պարզել, բայց ուշագրավ զուգադիպությամբ երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց: Համաձայն դրա՝ Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով երկու անձ ձերբակալվել է: Նրանք մեղադրվում են Զաքարյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Թե ովքեր են ձերբակալվածները, կոմիտեն չի գաղտնազերծել: Հավանաբար, մարզպետի որդին չկա նրանց մեջ, այլապես անհնար կլիներ այդ փաստը թաքցնել: Հետաքրքիր է, թե ում գլխին է, ի վերջո, կոտրվելու աղմկահարույց պատմությունը:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի երեկվա հրապարակումը, որտեղ համեմատել էինք հունիսի 7-ին Հայաստանի մի քանի քաղաքներում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրողների ցուցակային թվերը եւ նույն այդ քաղաքների մշտական բնակչության թիվը, խորհրդարանում բուռն քննարկումների առիթ էր դարձել: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը իշխանություններից պարզաբանում էր պահանջում, թե ինչպես կարող են ընտրողների եւ բնակչության թվերը նույնը լինել, այդ ո՞ւր անհետացան քաղաքների՝ մինչեւ 18 տարեկան բնակիչները, որոնք դեռեւս ընտրելու իրավունք չունեն: Էլ չասած, որ Ալավերդու ընտրացուցակներում 3 հազարով ավելացել էր բնակչության թիվը: Բնականաբար, իշխանությունները, ավանդույթի համաձայն, փորձում էին մեղքը լրատվամիջոցի, տվյալ դեպքում՝ «Ժողովուրդ»-ի վրա գցել, թե իբր մեր ներկայացրած տվյալներն իրականությանը չեն համապատասխանում: Հատուկ որոշ ՀՀԿ-ականների համար՝ կրկնում ենք եւ գուցե այս անգամ ընկալեն, որ ընտրողների եւ բնակչության թվերը վերցված են բացառապես պաշտոնական աղբյուրներից` ՀՀ ԿԸՀ-ից եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Մանրամասները՝ էջ 3-ում:

 

 

 
ՃԱՇԻՑ ՀԵՏՈ` ՄԱՆԱՆԵԽ

Մինչ ԱԺ պատգամավորները պատրաստվում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումներին, այդ հարցով որոշում կայացնող մարմնի` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախօրեին հայտարարեց, որ օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը կթանկանա 7 դրամով: Երեկ էլ այս տեղեկությունն, ըստ էության, հաստատեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հայտարարելով, որ Կառավարությունում հաշվարկներ են կատարվում, որպեսզի պարզեն, թե ինչ ազդեցություն կունենա այդ թանկացումը տնտեսության վրա։
Այս իրավիճակում հարց է առաջանում, թե այդ դեպքում որն է խորհրդարանական լսումներ հրավիրելու իմաստը, եթե արդեն իսկ ՀԾԿՀ-ն իր որոշումը կայացրել եւ հրապարակել է: Իսկ եթե ավելի խորանանք, ապա մեծ հարց է նաեւ, թե որն է առհասարակ այդ հանձնաժողովի գոյության իմաստը, երբ բոլոր որոշումները կայացվում են շատ ավելի վերեւներում, ընդհուպ Հայաստանի սահմաններից դուրս, իսկ ՀԾԿՀ-ին էլ վերապահվում է զուտ այս կամ այն ռուսական ընկերության ներկայացրած հայցին հավանություն տալու գործառույթը:
Իրականում թե՛ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը, թե՛ սակագնի թանկացման հարցով խորհրդարանում անցկացվելիք լսումները գոլորշի բաց թողնելու նպատակ ունեն: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը դեռ մայիսի 10-ին գրել էր, որ էլէկտրաէներգիայի սակագինը 6-7 դրամով թանկացնելու քաղաքական որոշումը կայացված է, իսկ ՀԷՑ-ի կողմից 17 դրամով թանկացման առաջարկն ընդամենը նրա համար է, որ վերջում ասեն, թե հանձնաժողովի եւ քաղաքական ուժերի «անձնազոհ պայքարի» արդյունքում հոսանքը պահանջվող 17 դրամի փոխարեն թանկանում է ընդամենը 7 դրամով: Եվ հենց այս պատճառով է, որ Հանրապետական կուսակցությունը, ի սկզբանե հայտարարելով, թե պատրաստվում է լսումները փակ ընթացակարգով անցկացնել, որպեսզի ընդդիմությունն այն չվերածի շոուի, ի վերջո, հասկացավ, որ հանրությունը չափազանց վրդովված է, եւ առանց շոուի դժվար կլինի կրքերը հանդարտեցնել: Ուստի ՀՀԿ-ում որոշեցին, որ շոուն պետք է կայանա, սակայն արդեն ՀՀԿ-ի ակտիվ մասնակցությամբ:
Այնպես որ, հունիսի 12-ին ԱԺ-ում կհնչեն թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական պատգամավորների ջախջախիչ, քարը քարի չթողող ելույթները, որից բազմաչարչար ժողովրդի սիրտը մի լավ կհովանա, եւ մինչ մարդիկ հույսեր կփայփայեն, որ նույն ոգով կշարունակվի նաեւ ՀԾԿՀ-ի` հունիսի 17-ին կայանալիք նիստում, եւ դուրս չեն գա փողոց, հանձնաժողովը շատ հանգիստ կհաստատի սակագինը 7 դրամով թանկացնելու` արդեն իսկ երեկվանից ՀԾԿՀ կայքում հրապարակված որոշման նախագիծը: Իսկ արդեն դրանից հետո «Ոչ թալանին» նախաձեռնության` հունիսի 19-ին կազմակերպելիք բողոքի ակցիան, անկախ մասնակիցների քանակից, կնմանվի ճաշից հետո մանանեխի:




Լրահոս