
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան: Ու քանի որ հայտնի չէ, թե մեր հարեւան երկիրը երբ կհանի դրված արգելանքը, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ին արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ` խնդրին շուտափույթ լուծում տալու համար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքի մեջ են բանակցությունները Իրանի հետ, եւ առհասարակ, խնդրի կարգավորմանն ուղղված ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել ՀՀ ԱԳՆ-ն: «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում եմ, որ Թեհրանում Հայաստանի դեսպանության կողմից ձեռնարկվում են քայլեր, որոնց մասին հրապարակային խոսելուց ձեռնպահ կմնամ»,-«Ժողովուրդ»-ին պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: