«ԵՍ ՉԵՄ ՊԱՏԺՈՒՄ, ԵՍ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ ԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ իրենց կողմից իրականացված ստուգումների արդյունքում Երեւանում տուգանվել է 11 գազալցակայան: Նախարարը շեշտել էր, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում եւ հորդորել միայն տուգանքներով չսահմանափակվել, խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաեւ շարժական գազալցակայանները:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նախարարը պատկերացնում իր հետագա աշխատանքը գազալցակայանների անվտանգության ապահովման ուղղությամբ:
-Պարո՛ն Երիցյան, Ձեր ղեկավարած գերատեսչությունը գազալցակայանների անվտանգության խնդրով սկսեց առավել ակտիվ զբաղվել միայն այն ժամանակ, երբ մեկը մյուսի հետեւից տեղի ունեցան ողբերգական դեպքեր` մարդկային զոհերով: Ինչո՞ւ մինչ այդ ՏԿԱԻՆ-ը չէր զբաղվում իրեն լիազորված աշխատանքներով, ինչո՞ւ եք նոր որոշել նման գործունեություն իրականացնել:
-Դուք շատ սխալ տեղեկություններ ունեք մեր վարած աշխատանքի վերաբերյալ, որովհետեւ իրականում մենք մշտապես էլ աշխատել ենք, ու մշտապես էլ մեր հսկողությունը եղել է: Ուղղակի վերջին դեպքերից հետո ավելի ակտիվորեն սկսվեց քննարկվել այդ հարցը ու այն աշխատանքները, որոնք մենք կատարում էինք, բայց չէր լուսաբանվում, դրա մասին արդեն սկսեցին բարձրաձայնել: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այդ հարցում մեր աշխատանքները մշտական ու շարունակական են եղել: Բոլոր գազալցակայանները տարին մեկ անգամ պետք է փորձաքննություն անցնեն, դրանից ավել մենք անելիք չունենք ու դրա իրավունքն էլ չունենք: Մենք չենք կարող ամեն օր գնալ գազալցակայաններ ու սկսել ստուգումներ իրականացնել, եթե մենք գնանք, մեզ կգան, կասեն՝ ինչու եք ամեն օր գալիս: Մարդն իր բիզնեսով է զբաղվում, ես իրավուքն չունեմ անընդհատ հսկել նրա աշխատանքը, մեր ֆունկցիան է՝ տարին մեկ անգամ ստուգումներ իրականացնել, որը մենք պարտադիր անում ենք:
-Այդ դեպքում ինչո՞ւ եք հիմա նորից ստուգումներ իրականացնում, ի՞նչ խնդիրներ են առկա այդ ոլորտում, որոնք չի հաջողվում լուծել՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար:
-Իսկապես այդ հարցում մի սպեցեֆիկա կա, գազալցակայանների թիվն ավելացել է, ու խնդիր է առաջացել վաճառքի հետ կապված, ինչի համար էլ գազալցակայանների սեփականատերերը փորձում են իրենց հնարքների միջոցով հաճախորդներ ավելացնել: Իսկ դա անում են անվտանգության հաշվին. նախատեսված չափից շատ են լիցքավորում: Կա նաեւ անորակ գազալցակայանների հարցը, դրանց սեփականատերերը չեն օգտվում այն անհրաժեշտ սարքավորումներից, որոնք նախատեսված են օրենքով: Մենք բազմիցս ենք բարձրաձայնել այդ մասին, ներկայացրել ենք իրողությունը, ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է դա Ձեզ համար նորություն:
-Բայց ողբերգական դեպքերի գրանցումից հետո պատկան մարմինները սկսեցին ուսումնասիրել այն խնդիրները, որոնք տարիներ ի վեր առկա էին գազալցակայաններում, ու միայն հիմա տուգանքներ նշանակե՞լ: Մի՞թե դա բավարար է, որպեսզի հաջորդ անգամ նման դեպքերը չկրկնվեն: Անպայման պետք է լիներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարակա՞նը, որպեսզի սկսեիք ավելի լուրջ վերաբերվել հարցին:
-Ես արդեն բացատրեցի, որ մենք մշտապես էլ գազալցակայանների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում ենք պահել, մենք մշտապես կատարել ենք մեզ վերաբերող գործառույթները: ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո մենք սկսկել ենք նորից ստուգումներ իրականացնել, բայց տարին մեկ անգամ փորձաքննություն է արվում: Չգիտեմ, որտեղից եք վերցնում, որ մինչ այդ մենք որեւէ աշխատանք չենք իրականացրել այդ ոլորտում: Մենք կարող ենք փաստաթղթերով խոսել, որտեղ կներկայացվի այն տուգանքների չափը, որը մեր գերատեսչությունը սահմանել է գազալցակայանների ստուգումների իրականացման ժամանակ:
-Հայտնի իրողություն է, որ գազալցակայանները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնք սերտ կապեր ունեն Սերժ Սարգսյանի հետ, արդյո՞ք Ձեզ կհաջողվի նրանց «պատժել»:
-Ես չեմ պատժում, ես կատարում եմ իմ աշխատանքը ու ՀՀ վարչապետի հանձնարարականը, կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ տեղյակ են, որ ես Ձեր նշած պատժիչ գործառույթը չեմ իրականացնում: Դա իմ աշխատանքի մեջ ներառված չէ:
-Նույն խնդիրն առկա է նաեւ վերելակների հարցում, ինչո՞ւ այդ դաշտում եւս պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, ինչի արդյունքում դարձյալ գրանցվում են մարդկային զոհերով ողբերգական դեպքեր:
-Դուք սխալ տեղեկություն ունեք, մենք կրկին ստուգումներ ենք իրականացնում, բայց մեզ պետք է դիմեն համայնքներից, որպեսզի մենք իրավունք ունենանք այդ ստուգումներն իրականացնել: Ասեմ Ձեզ՝ շատ հեշտ է ինչ-որ գնահատականներ հնչեցնել, քննադատել, բայց դա միայն մեր գերատեսչությանը չի վերաբերում, շատ խնդիրներ կան, որոնք պետք է հերթով իրականացնել: Իսկ ինչը վերաբերում է մեզ, դա մենք կատարում ենք: Ես կարծում եմ՝ իմ ղեկավարման տարիներին կարողացել եմ ապացուցել, որ այն, ինչը վերաբերում է իմ գերատեսչությանը, մենք աշխատում ենք դա կատարել բարեխղճորեն:

 

 

 

 
ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ, ԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ. ՀԱԿ-ՀՅԴ-ՕԵԿ ԲԱՆԱՎԵՃ

Երեկ խորհրդարանում յուրօրինակ իրավիճակ էր. ընդդիմադիր ուժերը իշխանության հետ բանավիճելու փոխարեն միմյանց հասցեին էին մեղադրանքներ հնչեցնում: Բանը հասավ նրան, որ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին «անհասկացող» որակեց, իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին` «ստախոս»:

Խորհրդարանում քննարկվում էր «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծը, որի համահեղինակը Արծվիկ Մինասյանն է: Նախ` ՀՅԴ-ական պատգամավորը վիճաբանեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հետ, ով հայտարարեց, թե հանրաքվեի փոփոխությունն ընդամենը Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագրի բաղկացուցիչ մասն է: «Եվ դրա նպատակով նախաձեռնել է իր թիմակիցների հետ մի սահմանադրական ռեֆորմ, որի ամբողջ իմաստն է անցումը դեպի խորհրդարանական համակարգ, որում Սերժ Սարգսյանը կպահպանի կա՛մ ԱԺ նախագահի պաշտոնը, կա՛մ միգուցե վարչապետի պաշտոնը՝ ինչպես նաեւ համատեղելով այդ պաշտոնը ՀՀԿ ղեկավարի պաշտոնի հետ, մի խոսքով, պահպանելու է իր անձնական իշխանության ռեժիմը»,-հայտարարեց Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը հորդորեց ազնիվ խաղալ. «Չգիտես ինչու՝ հեղինակն ընտրել է մեծամասնության հետ այս հարցը համաձայնեցնելու մարտավարությունը: Առաջարկներից ընդունել է միայն այն, ինչ կարողացել է համաձայնեցնել իշխանության հետ: Հարց է ծագում՝ հեղինակն ինչո՞ւ է (հեղինակը՝ Արծվիկ Մինասյան, Ս. Գ.) դրան գնացել: Ցավոք, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն դաշնակցել են ոչ միայն այս սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու գործում, այլեւ այդ «այո»-ն կեղծելու ու ոչ լեգիտիմ հերթական Սահմանադրությունն ունենալու գործում: Բայց նկատի ունեցեք, որ Դաշնակցությունն ում հետ համագործակցել է, այդ ուժերը հետո շատ վատ վախճան են ունեցել»,- զգուշացրեց Զուրաբյանը:
Մինասյանի պատասխանը չուշացավ. դիմելով Զուրաբյանին՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Դուք, պարո՛ն Զուրաբյան, այդպես էլ չարժեւորեցիք փոխադարձ հարգանքի կամ միմյանց հետ աշխատելու հնարավորությունը: Ձեր կողմից փորձ է արվում նեղ, ճղճիմ հայտարարություններով հերթական քաղաքական դիվիդենտները շահել: Երբ ՀՅԴ-ն գործում էր, Ձեր ուժը իսկի ծնված էլ չէր: Դուք եք կեղծիքների նախահայրը, Դուք ի՞նչ բարոյականությամբ եք նման հայտարարություն անում մեր հասցեին: Ստախոսը Դուք եք, պարո՛ն Զուրաբյան, այս ամբիոնից ինչ անիմաստ հայտարարություն ասես, անում եք, այդ աստիճան իրավագիտական տգիտություններ մի՛ ասեք»:
Քննարկման ընթացքում ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ դժգոհում էր, որ իրենց առաջարկությունները չեն ներառվել նախագծում, ինչը եւս վրդովեցրեց Մինասյանին. «Չհասկացողը դու ես, տիկի՛ն Բիշարյան, միայն ՀԱԿ-ն է գրավոր առաջարկություններ արել, ու չփորձեք պատճառաբանել, թե տեխնիկական խնդիրներ են եղել: Ձեր շատ մտքեր ուղղակի իրավագիտական անգրագիտություն են»,- հայտարարեց Մինասյանը:
Նախագծի քվեարկությունը կկայանա այսօր:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 
ՌՈՒՍՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ
Մի քանի օր առաջ կայծակնային արագությամբ լուրեր տարածվեցին, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն առաջիկայում Հայաստանում նոր պաշտոն կստանա: Տեղեկությունն, իհարկե, որեւէ կերպ ո՛չ հաստատվեց, ո՛չ հերքվեց, բայց պարզվում է՝ ոչ էլ լուծում է ստանալու: Պատճառն այն է, որ ի սկզբանե մտադրություն է եղել Մ. Հակոբյանին Արցախից բերել եւ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակել՝ այդ պաշտոնից ազատելով գեներալ Յուրի Խաչատուրովին: Սակայն «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Խաչատուրովի ռուս գործընկերները կտրուկ դեմ են արտահայտվել նրա պաշտոնանկության գաղափարին, ինչի պատճառով հարցը առկախվել է:

 

2 ԳՈՐԾԱՐԱՆ՝ ՄԵԿ ԳՅՈՒՂՈՒՄ
ՀՀ Տավուշի մարզի Չորաթան գյուղն առաջիկայում կունենա ռետինե ձեռնոցի երկու գործարան: «Ժողովուրդ»-ը Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանից տեղեկացավ, որ գործարանի բացումը կլինի հուլիսի 22-ին: «Այս պահին դեռ վերանորոգման աշխատանքներ են կատարվում: Երկու գործարան պետք է բացվի, իսկ աշխատողների թիվը կհասնի մոտ 200-ի»,- տեղեկացրեց գյուղապետը: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ չորաթանցիները գործարանի կառուցմամբ շատ են ոգեւորված ու մեծ հույսերով են լցված: Նշենք, որ ռետինե ձեռնոցի գործարանը կառուցվում է ռուսաստանաբնակ հայ գործարար Սուրեն Երիցյանի կողմից, ով նպատակ ունի արտադրանքը գրեթե ամբողջությամբ արտահանել ՌԴ:

 

ԼՈՒՍԱՑՈՒՅՑ՝ ԼՂՀ-ԻՆ
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում որոշում կկայացվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը գույք հատկացնելու մասին մի որոշում: Բանն այն է, որ անկախության 23-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցող ՀՀ պատվիրակության կողմից որոշվել է բավարարել Ստեփանակերտի քաղաքապետարանի խնդրանքը՝ քաղաքի Վարդան Մամիկոնյան, Արթուր Մկրտչյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում լուսացուցային օբյեկտ կառուցելու մասին: Եւ նախորդ տարվա նոյեմբերին «Լուսանշան» ՊՈԱԿ-ի կողմից ավարտվել են նշված լուսացուցային օբյեկտի կառուցման աշխատանքները, որի արժեքը կազմել է 8 մլն 413 հազար 110 դրամ:

 

ԴԵ, ԲՌՆՎԵՔ ՄՈԾԱԿՆԵՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ղեկավարած ոլորտում առկա բոլոր խնդիրները լուծել է եւ սկսել անհանգստանալ Ջերմուկի մոծակներով: Առողջարանային այս քաղաքի մոծակների դեմ պայքարի նպատակով ՀՀ Կառավարությունն իր այսօրվա նիստում ԳՆ-ին կհատկացնի 15 մլն դրամ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Ջերմուկի մոծակների դեմ պայքարի նպատակով ԳՆ-ին հատկացրել էր 4 մլն 576 հազար դրամ: Իսկ ահա 2009-2011 թվականներին՝ 20 մլն դրամ: Սակայն դրանք այդպես էլ չեն վերանում: Իսկ թե ով պետք է մտածի մայրաքաղաք Երեւանի մոծակների դեմ պայքարի մասին, առայժմ հայտնի չէ:




Լրահոս