«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին պատրաստվում են կարգապահական պատասխանատվության ենթարկել:
Նշենք, որ ըստ ՀՀ դատական օրենսգրքի` դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը քննելու արդյունքում արդարադատության խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետեւյալ տեսակներից մեկը` նախազգուշացում, նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, խիստ նկատողություն, որը զուգորդվում է դատավորին 1 տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով, դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ հանրապետության նախագահին դիմելը:
Եվ, ահա, 2015 հունիսի 5-ին ՀՀ դատավորների ընդհանուր էթիկայի ժողովը եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը միջնորդություն է ներկայացրել արդարադատության խորհրդին, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին: Սակայն դատավորին պատասխանատվության ենթարկելու նիստը հետաձգվել է մինչ հունիսի 26-ը: Իսկ ինչ սխալի համար են պատրաստվում պատասխանատվության ենթարկել դատավորին, եւ, առհասարակ, ընդունո՞ւմ է նա իր մեղքը: Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք Իշխան Բարսեղյանի հետ:
-Պարո՛ն Բարսեղյան, Ձեզ պատրաստվում են կարգապահական պատասխանատվության ենթարկել: Ի՞նչ սխալ եք թույլ տվել:
-Անկեղծ ասած, կոնկրետ չգիտեմ, դա ընթացիկ բան է: Դեպարտամենտը ուսումնասիրություն է կատարել, կարգապահական հանձնաժողովը քննարկել է եւ այդպիսի եզրահանգման է եկել: Իսկ մնացածը պարզ կլինի արդարադատության խորհրդի նիստից հետո, թե ինչն ինչոց է:
-Սա առաջի՞ն դեպքն է, որ ենթարկվում եք կարգապահական պատասխանատվության, թե մինչ այդ էլ եք ենթարկվել պատասխանատվության:
-Չէ՛, չի եղել:
-Միգուցե չեք ցանկանում կոնկրետ գործի մասին ասել, բայց գոնե գիտեք, թե, օրինակ, Ձեր կողմից քննվող որ գործում եք թույլ տվել սխալ, որն էլ հիմք է դարձել, որ Ձեզ պատասխանատվության ենթարկեն:
-Կարծում եմ, որ ոչ մի սխալ էլ թույլ չեմ տվել, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց թե խորհուրդը ինչպիսի եզրահանգման կգա, չեմ կարող ասել: Ավելին՝ եթե կան խախտումներ էլ, ապա դրանք կոպիտ խախտումներ չեն:
-Կարգապահական պատասխանատվությունը դատավորին սթափեցնո՞ւմ է:
-Չեմ կարող ասել, այդպիսի կենսափորձ չունեմ, եւ այդպիսի իրավիճակ չի եղել, որ ասեմ՝ զգոնացնում են, թե ոչ:
-Իսկ չե՞ք կարծում, որ կարգապահական պատասխանատվությունը կարող է նաեւ դատավորին կաշկանդել որեւէ գործում ազատ որոշում կայացնել:
-Բացարձակապես ոչ, քանի որ օրենքը հստակ կարգավորում է: Կրկնում եմ՝ արդարադատության խորհուրդը կոլեգիա մարմին է, ուստի կքննարկեն, կարող է՝ բավարարեն, կարող է՝ կարճեն, կտեսնենք:
-Նշեցիք, որ Ձեր սուբյեկտիվ կարծիքով սխալ չեք, եթե հակառակը պարզվի՞:
-Ում էլ որ այս հարցը տաք, սուբյեկտիվորեն կասի, որ ինքը սխալ չէ, մնացածը կտեսնենք:
Նշենք, որ չնայած Իշխան Բարսեղյանն ասաց, թե կարգապահական պատասխանատվության չի ենթարկվել եւ չի կարող ասել՝ այն զգոնացնում է դատավորին, թե ոչ, սակայն դատավորը կա՛մ մոռացել է, կա՛մ խուսափեց նախկինում իր նկատմամբ կիրառված նկատողության մասին բարձրաձայնումից: Բանն այն է, որ 2013թ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ հայտարարվել էր նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Բայց դատավորը, մեղմ ասած, անցյալից դասեր չի քաղել:
Իսկ կենթարվի՞ այս անգամ նա կարգապահական պատասխանատվության, թե ոչ, պարզ կլինի հունիսի 26-ին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՅՈՎԻԿԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովիկին պատկանող ընկերությունը տուգանվել է ֆինանսների նախարարության կողմից: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ախթամար» ՓԲԸ-ի անունով Հայաստան են ներմուծվել 18820 կգ կենդանի խոզեր, որոնք 2015թ փետրվարի 20-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի գրության համաձայն՝ վերցվել են 1 ամիս ժամկետով ժամանակավոր պահպանման, սակայն սահմանված ժամանակահատվածում ընկերությունը մաքսային մարմին հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում՝ մայիսի 19-ին «Ախթամար» ՓԲԸ-ի տնօրեն Յուլիա Սարգսյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն եւ նա տուգանվել է 50.000 դրամի չափով:
ԽՂՃԻ ՄՏՈՔ
Երեկ ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ կիրակի օրը՝ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ, ինքը Արթուր Հարությունյանի շտաբում չի եղել: «Ես ընդամենը եղել եմ Աբովյան քաղաքում, եղել եմ տեղամասերի առաջ, եղել եմ տարբեր վայրերում, կուսակցության մեր գրասենյակում: Ես այնտեղ նախ եւ առաջ եղել եմ Կոտայքի մարզի ՕԵԿ պատասխանատու, որպես նաեւ ՕԵԿ մամլո խոսնակ: Մենք հանձնաժողովներում ունեցել ենք կուսակցականներ, ես եղել եմ այնտեղ, որ որեւէ խնդրի դեպքում լինեմ մեր հանձնաժողովի անդամներին մոտ: Ի պաշտոնե ես լինում եմ տարբեր վայրերում, տարբեր քննարկումներ եմ ունենում, իսկ դրանում որեւէ արտառոց բան չկա: Աբովյանում ՕԵԿ-ը որեւէ մեկի թեկնածությունը չի սատարել, մենք մեր անդամներին հորդորել ենք քվեարկել խղճի մտոք»,-եզրափակեց մամլո խոսնակը:
ԱՂՋԿԱ ՀԱՄԱՐ ՍՊԱՆԵՑԻՆ
Հունիսի 3-ին Աջափնյակ վարչական շրջանում սպանված Ազատ Առաքելյանի գործով «Ժողովուրդ»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ 16-րդ թաղամասի 39-րդ եւ 40-րդ շենքերի հետնամասում գտնվող այգում նշված օրը՝ ժամը 00:00-ի սահմաններում, Ազատ Առաքելյանը եւ Վաղինակ Դերձյանը, նախնական պայմանավորվածության համաձայն, հանդիպել էին, վիճաբանել, որի ժամանակ էլ Վաղինակը ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ էր հասցրել Ա. Առաքելյանի կենսական կարեւոր օրգաններին: Ստացած բազմաթիվ վնասվածքներից նա մահացել էր: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վիճաբանությունը եղել է աղջկա համար:
ՁԻ՞Ն Է ՀԱՐՎԱԾԵԼ
Երեկ Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքի դաշտամիջյան հատվածում անասուններին պահելու ժամանակ մահացել է գյուղի բնակիչ 27-ամյա Տարոն Ղազարյանը: Ըստ շրջանառվող լուրերի՝ տղան կա՛մ ձիուց վայր ընկնելու արդյունքում է մահացել, կա՛մ նրան սպանել են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ազատի համայնքի ղեկավար Սիմոն Սահակյանն ասաց. «Մեզ մոտ նման բան չկա, քննությունը կապացուցի, որ տղան ձիուց ընկել է ու երեւի ցանկացել է բռնել ձիուն, հարվածել է, ու նա մահացել է: Խեղճ ու կրակ ընտանիք էին, մեր գյուղի հովիվն էր ու չէր էլ ամուսնացել»:
ՏՈՒԳԱՆՎԵՑ
Երեկ փաստաբան Արգիշտի Կիվիրյանը մեղավոր է ճանաչվել ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու քրեական գործով: Դատարանի վճռով ակտիվիստը դատապարտվել է չորս հարյուր հազար դրամ տուգանքի: Սակայն կիրառելով համաներում՝ դատարանը Կիվիրյանին ազատել է պատժից: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ ամռանը ակտիվիստը միացել էր Կոմիտաս 5 շենքի բնակիչների պայքարին՝ ընդդեմ բազմահարկ շենքի կառուցմանը, որի արդյունքում մարդիկ զրկվեցին արեւի լույսից:
ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Գործարար Փայլակ Հայրապետյանի դեմ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած քաղաքացիական հայցի նախնական քննությունը երեկ հետաձգվել է դատարանում երրորդ կողմի՝ փոտոլրագրող Գագիկ Շամշյանի բացակայության պատճառով: Իսկ կողմերից ո՛չ Փ. Հայրապետյանը, ո՛չ էլ Տ. Սարգսյանը չեն ներկայացել, փոխարենն ուղարկել են իրենց ներկայացուցիչներին: Տ. Սարգսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր վստահորդը, ամենայն հավանականությամբ, նիստերին չի ներկայանա: Փ. Հայրապետյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատասխանող կողմը հարցեր ունի, որոնց պատասխանները Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչը տալ չի կարող, այդ պատճառով իրենք կմիջնորդեն, որ նախկին վարչապետը դատարան ներկայանա եւ ցուցմունք տա:
ԻԲՐ ՉԻ ՄՏԱԾՈ՞ՒՄ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե իր կնոջ մասին հրապարակումները բացահայտ հերյուրանքներ են եւ բնավ չեն համապատասխանում իրականությանը: «Մենք դիմել ենք համապատասխան ատյաններին, եւ գործը կամաց-կամաց բացահայտվում է: Ես այդպիսի իրավիճակում երբեւիցե զգացմունքներին չեմ տրվում, չնայած նրան, որ հայկական ընտանիքներում տղամարդկանց մոտ այլ տեսակետ կա»,- նշել է Օհանյանը: Անդրադառնալով տարածված այն տեղեկությանը, թե ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը տեղափոխվելու է Հայաստան, Օհանյանն ասել է, թե նման որոշումները կայացվում են ռազմաքաղաքական մակարդակում: Իսկ հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ ինքը պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում, Պն նախարարն ասել է. «Ես հպարտանում եմ` ՀՀ պաշտպանության նախարարն եմ, եւ իմ ուսերի վրա դրված է չափազանց մեծ պատասխանատվություն: Ես այդ պատասխանատվությունը կրում եմ եւ պետք չէ այլ բաների մասին մտածել»:
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ-Թայիփ Էրդողանին ներկայացրել է կառավարության հրաժարականի մասին դիմում, իսկ վերջինս էլ ընդունել է այն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում անելով Թուրքիայի նախագահի լրատվական ծառայությանը: Նշվում է, որ Էրդողանը նախարարների կաբինետին շնորհակալություն է հայտնել աշխատանքի համար: Միեւնույն ժամանակ նա վարչապետ Ահմեդ Դավութօղլուին խնդրել է շարունակել զբաղեցնել իր պաշտոնը` մինչ նոր կաբինետի ձեւավորումը, որը տեղի կունենա կիրակի: