ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը երեկ էլ հրապարակել է այս տարվա առաջին 10 ամիսներին ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 88 հազար 241 մարդ: Միակ մխիթարական ցուցանիշն այն է, որ հոկտեմբեր ամսին ՀՀ վերադարձածների թիվը 8 հազար 854-ով գերազանցել է մեկնածների թվին: Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀ իշխանությունների համար կարեւորը ոչ թե քաղաքացուն իր երկրում արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելն է, այլ հակառակը` ամեն ինչ անել այդ քաղաքացուց մեկ օր շուտ ազատվելու համար: «Ապացույցը՝ կառավարության-իշխանության կողմից ներկայացված 2013թ. բյուջեն, որը ոչ մի խնդիր քաղաքացու համար չի լուծում, երկրի առաջընթացի համար ոչ մի քայլ չի նախատեսում»,-նշեց նա՝ հավելելով, որ թեեւ հաջորդ տարվա պետական բյուջեով կանխատեսվում է 4,5-5 տոկոս գնաճ, բայց մյուս կողմից չեն ավելանում աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ