ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մասնաշենքին կից նորակառույցի տանիքում սեպտեմբերի 22-ին բռնկված հրդեհի փորձաքննությունն ավարտված է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին հրդեհ էր բռնկվել ՀՀԿ-ի գրասենյակին կից նորակառույց շենքի տանիքում, իսկ մայիսի 22-ին՝ գրասենյակի տանիքում: «Հրդեհի առաջացման պատճառ են դարձել կրակի քիչ կալորիականության աղբյուրները, եռակցման աշխատանքի ընթացքում առաջացած գերտաքացված մետաղյա արգասիքները: Հրդեհի հետեւանքով գույքին հասցված նյութական վնասի չափը սեպտեմբերի 22-ի դրությամբ, գտնվող շուկայական միջին արժեքից ելնելով, կազմել է 269 հազ. 618 դրամ, որն արդեն փոխհատուցվել է»,-տեղեկացրեց Ն. Գրիգորյանը՝ նշելով, որ ՀՀԿ կտուրի հրդեհի առաջացման պատասխանատուն եռակցող Հ. Ավագյանն է, որը խախտել է անվտանգության կանոնները: Ու քանի որ դիտավորություն չկա, որոշվել է մերժել նաեւ քրեական գործի հարուցումը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ