Armenian text to speach

ԿԼԻՆԻ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԷՐ ՀԷՑ-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսպիսով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից ներկայացված հայտի վերաբերյալ կայացվելիք որոշման նախագիծը: Ասել է թե՝ որոշումը կայացված է:

Ըստ այդմ, ՀԾԿ հանձնաժողովը մտադիր է հունիսի 17-ի իր նիստում հաստատել մի որոշում, ըստ որի՝ 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար էլէներգիայի ցերեկային սակագինը կդառնա 48.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագին` 38.78 դրամ/կՎտժ: 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 37.28 դրամ/կՎտժ եւ գիշերային սակագին` 33.28 դրամ/կՎտժ, 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 39.78 դրամ/կՎտժ եւ 35.78 դրամ/կՎտժ գիշերային սակագինը, 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագին` 45.78 դրամ/կՎտժ, իսկ գիշերայինը` 35.78 դրամ/կՎտժ:
Նախագծին կից հավելվածում ՀԾԿՀ-ն ներկայացրել է իր կողմից հաշվարկված սակագնի հաշվարկները: Ըստ այդմ, ՀԷՑ-ի կողմից ներկայացված հայտում ընկերության պահպանման ծախսերը կազմել էին 39 միլիարդ 597 մլն դրամ, իսկ ըստ ՀԾԿՀ-ի հաշվարկներով այն կազմելու է 13 մլրդ դրամով պակաս: Մարժան, այսինքն՝ ամեն մի կՎտ/ժ-ից ՀԷՑ-ի օգուտը կազմելու է 16,13 դրամ: Սակագնում ներառված ծախսերը եւ շահույթը, ըստ ՀԾԿ հանձնաժողովի հաշվարկների, պետք է կազմեն 74 մլրդ 491 մլն դրամ: ՀԾԿ հանձնաժողովը ՀԷՑ-ի ծախսերից կոնկրետ աշխատավարձի մասով հատկացումները կրճատել է 3 մլրդ 879 մլն դրամով: Ըստ ՀԷՑ-ի՝ իր աշխատակիցների միջին աշխատավարձը պետք է լինի 240 հազար դրամ, ՀԾԿՀ-ն առաջարկում է 200 հազար դրամ տարբերակը: Նյութերի վրա կատարվելիք ծախսերը 8 մլրդ 39 մլն-ից հանձնաժողովը իջեցրել է 2 մլրդ 676 մլն դրամի, այսինքն՝ կրճատումը կազմել է 5 միլիարդ 363 մլն դրամ: Նորոգման ծախսերը կրճատվել են 752 մլն դրամով եւ այսպես շարունակ:
Ավտոմեքենաների վարձակալության աղմուկ հանած ծախսերը ՀԾԿ հանձնաժողովը կրճատել է կիսով չափ` 103 մլն դրամից դարձնելով 52 մլն դրամ, իսկ անշարժ գույքի վարձակալության համար նախատեսված ոչ պակաս աղմկոտ ծախսերից 127 մլն դրամը կրճատվել է: Ներկայացված թվերն ուսումնասիրելիս կրկին հարցերի մի շարքը շարունակում է օդում կախված մնալ: Մասնավորապես, մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի տնօրինության ծառայողական ավտոմեքենաների վարձակալությունն ու սպասարկումն ինչո՞ւ պետք է ներառվի սակագնում, ինչպես որ արված է, կամ նրանց բջջային հեռախոսի ծախսը ինչո՞ւ պետք է ներառվի սակագնի մեջ, կամ ինչ է նշանակում խորհրդատվական ծախսեր, ինչո՞ւ պետք է դրա համար սպառողը վճարի: Ինչո՞ւ պետք է սպառողը վճարի անհասկանալի նպատակներով ինչ-որ ադմինիստրատիվ շինությունների վարձակալության համար: Այս շարքը կարելի է շատ երկար շարունակել, եւ կասկածից վեր է, որ ցանկության դեպքում ՀԷՑ-ի ծախսերը կարելի է այնքան կրճատել, որ ոչ միայն սակագինը բարձրացնելու կարիք չէր առաջանա, այլ նաեւ խնայված միջոցներով հնարավոր կլիներ ընկերության պարտքերը փակել: Բայց, դե, այդ դեպքում ՀԷՑ-ի տնօրինությանը եւ նրանց հետ «փայ» մտած ՀՀ պաշտոնյաներին գողանալու բան չէր մնա:
Ի դեպ, նույն՝ հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն նախատեսում է հաստատել էլէներգիա արտադրող խոշոր ընկերությունների սակագները: Ինչպես հայտնի է՝ բոլորը դիմել էին սակագնի բարձրացման համար: Նրանցից միայն «Հայաստանի ատոմային կայանի» դեպքում է ՀԾԿՀ-ն սակագնի բարձրացումը պատրաստվում մերժել, դեռ մի բան էլ գործողը որոշ չափով կիջեցնեն: Իսկ «Հրազդան ՋԷԿ-ի», « Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի», «Երեւան ՋԷԿ»-ի, Սեւան-Հրազդան Կասկադի սակագների բարձրացման հայտերը կբավարարվեն:
Ակնհայտ է, որ ՀԾԿ հանձնաժողովը միայն պետական սեփականություն հանդիսացող ՀԱԷԿ-ի դեպքում է համարձակվել ոչ ասել, իսկ ռուսական սեփականություն հանդիսացող ՋԷԿ-երի եւ Սեւան-Հրազդան կասկադի դեպքում ոնց ասել են, այդպես էլ կվարվի:
Հ.Գ. Ի դեպ, ինչպես հայտնի է՝ հունիսի 19-ին էլէներգիայի թանկացման դեմ մեծ երթ է նախատեսված: ՀՀ իշխանությունները փաստացի փորձում են իրադարձությունները արագացնել, որպեսզի թույլ չտան, որ բողոքի ալիքը գնալով ավելի ծավալվի:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԻՆՉՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ՀԵՏՈ ԿՏԵՍՆԵՆՔ 12-ԱՄՅԱ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շվեդիայի կրթության եւ հետազոտությունների նախարար Հելեն Հելմարկ Կնուտսոնը «ժողովուրդ»-ի հետ զրույցում կարեւորել է կրթական համակարգի միջազգայնացման խնդիրը:

-Հայաստանում շատերը դեմ էին 12-ամյա կրթությանը, անգամ մեր որոշ պատգամավորներ սուր քննադատությամբ հանդես եկան կրթության նման ձեւաչափի անցման կապակցությամբ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ է ԵՄ-ն հորդորում Հայաստանին անցնել 12-ամյա կրթական համակարգին:
-Դա բոլոնյան գործընթացի մի մասն է: Դուք պետք է կրթական համակարգ ունենաք, որը կհամապատասխանի այդ գործընթացում ներգրավված եվրոպական կրթական տարածքի երկրների կրթական համակարգին: Կարծում եմ՝ դա չափազանց կարեւոր քայլ էր, եւ եվրոպական երկրներն աջակցում են ձեզ՝ զարգացնելու ձեր կրթական համակարգը:
-Բայց մի՞թե կարծում եք, որ Հայաստանը կարիք ուներ 12-ամյա կրթության անցմանը: Չէ որ տասնամյա կրթական համակարգով եւս Հայաստանը կրթության առումով առաջատար էր, մեր ուսանողները կարողանում էին իրենց ուսումը շարունակել աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում, եւ, ըստ էության, 12-ամյա կրթական համակարգը Հայաստանում այդքան էլ չի բարձրացրել կրթության որակը:
-Ինձ համար չափազանց դժվար է պատասխանել Ձեր այս հարցին: Սակայն Շվեդիան եւս կողմ է այն տեսակետին, որ բոլոր երկրները 12-ամյա կրթություն ունենալու կարիք ունեն, քանի որ մենք տեսնում ենք, որ երիտասարդների շարքում գործազրկության մակարդակը բարձր է: Կարծում եմ՝ 12-ամյա կրթությունն այս առումով չափազանց կարեւոր է: Սա նաեւ կնպաստի բուհերի միջազգայնացման խնդրին ու կնպաստի միջբուհական համագործակցության եւ ուսանողների փոխանակման ծրագրերին:
-Իսկ ինչպե՞ս կարող է նպաստել 12-ամյա կրթությունը երիտասարդության շարքում գործազրկության նվազեցմանը:
-Կարծում եմ՝ աշխատանքային կյանքն այսօր ու վաղը պահանջում է ոչ միայն բարձրագույն կրթություն, այլ նաեւ՝ որակյալ միջնակարգ կրթություն, որն էլ ապահովում է 12-ամյա կրթությունը:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչքան ժամանակ անց Հայաստանում կկարողանանք տեսնել 12-ամյա կրթության առավելությունները:
-Այդքան էլ վստահ չեմ կարող ասել: Դրա համար, ինչ խոսք, որոշ ժամանակ կպահանջվի: Սակայն չափազանց կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր երիտասարդ ունենա լավ կրթություն եւ հնարավորություն՝ շարունակելու իր կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Զրուցեց ՏԱԹԵՎ ՖՌԱՆԳՅԱՆԸ

 

 

 
ԿԱԹԸ՝ ՋՐԻՑ ԿՐԿՆԱԿԻ ԷԺԱՆ
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպարում գյուղացիներից կաթ են ընդունում 2 ձեռներեց՝ Կոթի գյուղի մի բնակիչ եւ ոսկեպարցի մի գործարար: Նրանք ոսկեպարցիներից կաթն ընդունում են լիտրը 120 դրամով: Ոսկեպարցիները, սակայն, «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ հաջորդ ամիս կաթի ընդունման գինը նվազելու է 20 դրամով: Այդ մասին տեղեկացրել է կաթ ընդունողներից մեկը: Անասնատերերը դժգոհում են, որ կովերը պահելու, կթելու չարչարանքն է մնում, իսկ եկամուտ իրենք չեն ունենում: Մինչդեռ անասնապահները ձմռան սեզոնին` գրեթե 6 ամիս, կովերին պահում են գոմերում` կերակրելով թանկ անասնակերով: Ու թե եկամուտ էլ պիտի ունենային, ամռան այս մի քանի ամիսներին վաճառվող կաթից պիտի լիներ, այն էլ, փաստորեն, ցածր գնով պիտի վաճառեն: Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում՝ Ոսկեպարում, պլաստմասսե տարայով մեկ լիտր «Ջերմուկը» վաճառվում է 250 դրամով: Հանքային, գազավորված ջուրը ավելի քան կրկնակի թանկ է անաղարտ բնության մեջ պահած կովերի կաթից: Իհարկե, վաճառվող հանքային ջրի գնի մեջ ներառված են նաեւ տարայի արժեքը, հարկերը, բանվորի աշխատավարձը, ամորտիզացիոն ծախսը եւ այլն: Սակայն հանքային ջրի եւ կաթի գների նման տարբերությունը աբսուրդի է նման: Ուշագրավ է, որ խանութներում վաճառվող կաթնամթերքի գները ամենեւին չեն նվազում: Թվում է, թե գյուղացիների համար ելք կարող է լինել կաթը մթերելու փոխարեն դրանից պանիր եւ յուղ պատրաստելը: Սակայն դրանք իրացնելն էլ մեկ այլ դժվարություն է: Նշենք, որ Ոսկեպարում վաճառվող, տնայնագործական եղանակով պատրաստվող պանրի գինը 2000 դրամից նվազել է 1600 դրամի:

 

 

ՌՈՒՍ ՄՈՏՈՑԻԿԼԻՍՏԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Հունիսի 6-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Բերդավան գյուղի բարձունքում տեղի ունեցած վթարի արդյունքում իրար են բախվել Մոսկվայի 45-ամյա բնակիչ Պավել Կուլիկովի վարած մոտոցիկլը, Կողբի բնակիչ, 23-ամյա Տարոն Ուլիխանյանի «Մերսեդեսը» եւ Այրում քաղաքի 26-ամյա բնակիչ Վահե Բեջանյանի վարած «ՎԱԶ-2106» ավտոմեքենան: Վ. Բեջանյանն աշխատում է ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի Բագրատաշենի սահմանային անցակետում՝ որպես ավագ հսկիչ, իսկ Տ. Ուլիխանյանը Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող է: Վթարի արդյունքում Պավել Կուլիկովը եւ Վահե Բեջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ: Պ. Կուլիկովն ունեցել է կոնքոսկրի կոտրվածք, աղիքի վնասվածք, եղել է անգիտակից վիճակում: Նա Նոյեմբերյանի ԲԿ-ում վիրահատվել է: ԲԿ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դանիել Ամիրաղյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ ներկայումս Պ. Կուլիկովի վիճակը միջին ծանրության է: ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հայկ Բեգլարյանից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, նշանակված է փորձաքննություն:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս