Արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանն ազգային ավիափոխադրող չունի, եւ դեռ պարզ չէ, թե երբ կունենա եւ ընդհանրապես կունենա՞ արդյոք: Ինչպես հայտնի է՝ «Արմավիայի» սնանկանալուց հետո ազգային փոխադրողի իրավունքը տրվեց «Էյր Արմենիա» ավիաընկերությանը: Այս ընկերությունն ընդամենը մի քանի ամիս կանոնավոր չվերթներ կազմակերպելուց հետո ծանր ֆինանսական կացությունում հայտնվեց ու դադարեց թռիչքներ իրականացնել: Կանոնավոր չվերթների վերսկսման ժամկետներն արդեն կես տարուց ավել է՝ պարբերաբար հետաձգվում են: «Էյր Արմենիա» ավիաընկերության մամլո խոսնակ Սիրակ Համբարձումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չի կարողացել ասել, թե երբ է իրենց ավիաընկերությունը նախատեսում վերսկսել իր չվերթները: «Չվերթները վերսկսելու ուղղությամբ դեռ հստակ նորություն չկա: Այս պահին տեխնիկական հարցեր կան՝ կապված գումարը Հայաստան փոխանցելու հետ, որն էլ գտնվում է լուծարման փուլում: Առաջիկայում պարզ կլինի»,- ասել է «Էյր Արմենիայի» մամուլի խոսնակը: Այսպիսով կարող ենք արձանագրել, որ ՀՀ ներկա իշխանություններին հաջողվեց ավիացիայի ոլորտն ամբողջությամբ քայքայել: Սա այն դեպքում, երբ այդ ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 500 մլն դոլար, որի մոտ կեսը կարող էր մուտք գործել Հայաստանի տնտեսություն: ՀՀ Կառավարությունը տարիներ շարունակ փաստացի ոչնչացրեց ավիացիան եւ որպես ոլորտի տապանաքար հայտարարեց «բաց երկնքի» քաղաքականության անցնելու մասին` փաստացի ոլորտում շրջանառվող միջոցները նվիրելով օտարերկրյա ավիաընկերություններին: Սա էլ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «նվերն» էր մեզ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի հարեւանները պարիսպ են կառուցել, որպեսզի չտեսնեն սպանդի արդյունքում ամայացած օջախը: Բարձր պատ շարելու համար իրեն օգնելու ակնկալիքով Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին է դիմել նաեւ սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրը` Կարինե Ավետիսյանը, որի տունը հենց նույն բակում է գտնվում: Հիշեցնենք՝ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Կարինե Ավետիսյանը ոճրագործությունից հետո հրաժարվում է իր տանից եւ չի ցանկանում այնտեղ ապրել: «Ես այդ բակ չեմ վերադառնա, վախենում եմ, հոգեկանս կխանգարվի»,- ասել էր Ավետիսյանների հարազատը: Բայց քանի որ Կարինե Ավետիսյանին այլ տնով ապահովելու խնդիրը հնարավոր չի եղել լուծել, վերջինս Շիրակի մարզպետարանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել պարսպապատել իր տան տարածքը: «Շուտով կպարսպապատեն, որից հետո կկարողանամ վերադառնալ իմ տուն»,- ասաց Կարինե Ավետիսյանը:
Մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում Մուշեղ եւ Հարություն Զաքարյան եղբայրների ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուց բացի՝ այլ ազգականներ էլ են անցնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տուժող Զաքարյանները նախորդ օրն այս գործով ձերբակալված Սուրիկ Խաչատրյանի վարորդի` Արագած Ղեւոնդյանի որդու` Դերենիկ Ղեւոնդյանի եւ Սյունիքում հայտնի Յուրկայի (մարզպետի մորաքրոջ թոռն է) անուններից բացի՝ նշել են, որ դեպքին մասնակից են եղել նաեւ մարզպետի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, եւ Սուրիկ Խաչատրյանի եղբայրը: Ենթադրվում է, որ խոսքը Սեյրան Խաչատրյանի կամ նույն՝ հանրահայտ Աղալարի մասին է, որի անվան հետ բազմաթիվ քրեական պատմություններ են կապվում: Բայց այն փաստը, որ նրանց անունները գործում առկա են, դեռ չի նշանակում, որ նրանք տեղի ունեցածի համար պատասխանատվության կենթարկվեն: Իսկ թե ով կամ ովքեր կլինեն «քավության նոխազը», ցույց կտա ժամանակը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզվում է, որ «Երեւան ՋԷԿ»-ը, որի հզորությունը 220 ՄՎտ է, իրանական գազով էլէներգիա արտադրելու դիմաց վճարելու համար ծախսում է իր հզորության մոտ 38 տոկոսը: Ավելի պարզ եթե ձեւակերպենք, ստացված գազով արտադրված էլէներգիայի 38 տոկոսը «Երեւան ՋԷԿ» վերադարձնում է իրանական կողմին, իսկ մնացած 62 տոկոսը վաճառում: Արդյունքում այս ՋԷԿ-ի էլէներգիան կրկնակի անգամ ավելի էժան է, քան, ասենք, «Հրազդան ՋԷԿ»-ի կամ «Հրազդան ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի արտադրածը: Սա այն դեպքում, երբ նույն «Երեւան ՋԷԿ»-ը տարեկան 4 մլրդ 252 մլն (ընդհանուր ծախսի 16,33 տոկոսը) հատկացնում է իր նոր տուրբինի կառուցման վարկի մարման համար: «Հրազդան ՋԷԿ»-ը եւ նրա 5-րդ էներգաբլոկը կարող էին, չէ՞, նույն սխեմայով գործել, բայց նման բան հնարավոր չէ, քանի որ այդ ՋԷԿ-երը պատկանում են «Գազպրոմ Արմենիային»: Հասկանալի է, չէ՞, որ «Գազպրոմ Արմենիան» հանուն էժան էլէներգիայի իր գազից չի հրաժարվի եւ սկսի Իրանի հետ համագործակցել: Ոչինչ, որ մենք թանկ վճարենք գազի համար:
ՊՅՈՒՌՈՍՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի մասին աղմկահարույց հրապարակումների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորպես ասված է. «Նկատի ունենալով, որ «Հայկական ժամ» ինտերնետային լրատվական կայքում հրապարակված հոդվածները սուտ տեղեկություններ են պարունակում վերոհիշյալ վթարը (2012-ին Հովհաննես Հայրապետյանի` մահվան ելքով վթարը «Ժ») Ռուզաննա Խաչատրյանի կողմից կատարված լինելու մասին, քննարկվում է սուտ մատնության հատկանիշներով քրեական գործ հարուցելու հարցը»:
Նախ` բավականին տպավորիչ է այն օպերատիվությունը, որով ՀՀ գլխավոր դատախազությունն արձագանքեց Սեյրան Օհանյանի դիմումին: Ուզում ենք հավատալ, որ Գեւորգ Կոստանյանի ցուցաբերած այս փութաջանության պատճառը ոչ թե այն է, որ դիմողը ՀՀ պաշտպանության նախարարն է, իսկ մեղադրվող կողմը՝ լրատվամիջոց, այլ գլխավոր դատախազի մասնագիտական բարեխղճությունը: Թեեւ մինչ այս արձանագրված բազմաթիվ դեպքերում, մասնավորապես Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի, կամ բռնաբարելու եւ գնդակահարելու սպառնալիքներ հնչեցրած ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի հետ կապված դիմումների դեպքում նման բարեխղճության ականատեսը չենք եղել:
Ինչեւէ: Մինչ դատախազության հաղորդագրության բովանդակությանն անդրադառնալը, հատուկ ընդգծենք, որ մեզ համար որեւէ մեկի հասցեին սուտ, զրպարտչական բնույթի հրապարակումները դատապարտելի են, եւ այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել: Սակայն նույնքան անընդունելի է այն միտումը, որը նկատելի է գլխավոր դատախազության գործողություններում: Տպավորություն է, որ փորձ է արվում լրատվամիջոցներին ահաբեկել` դեռեւս 2010-ից ապաքրեականացված վիրավորանքի եւ զրպարտության հոդվածների փոխարեն հրապարակ բերելով «սուտ մատնության» տարբերակը: Ուշագրավ է նաեւ այն, որ դատախազությունը հայտնի հրապարակումներում Ռուզաննա Խաչատրյանին վերագրված անբարո արարքների, կոռուպցիոն դրսեւորումների, 100 հազարանոց մուշտակի եւ այլնի հետ կապված մեղադրանքներին չի անդրադարձել՝ առանձնացնելով միայն վթարի դրվագը, ինչից կարելի է ենթադրել, որ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը դատախազությունը չի վիճարկում: Ամեն դեպքում, սա մի գործընթաց է, որի ցանկացած ելքի դեպքում պաշտպանության նախարարը չի շահելու:
Եթե ըստ չհերքված տեղեկությունների` նախագահական հավակնություններ ունեցող Սեյրան Օհանյանը կարծում է, որ լրատվամիջոցների հետ պատերազմելով եւ սեփական ընտանիքին վերաբերող այս կամ այն կայքում հրապարակված տեղեկատվությունն էլ ավելի հանրայնացնելով՝ վերականգնելու է իր վարկանիշին հասցված վնասը, ապա նա չարաչար սխալվում է: Հատկապես մեր իրավապահ համակարգի հանդեպ վստահության բացարձակ դեֆիցիտի պայմաններում անգամ դատարանի որոշումը հանրության համար կասկածահարույց է լինելու: