ՀԵՐՔՈՒՄ ԵՆ ԱՆՀԵՐՔԵԼԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը երեկ այնքան էր սեւեռվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անհեթեթությունները լղոզելու մտքի վրա, որ ակամայից ինքը հայտնվեց զավեշտալի ու ամոթալի վիճակում:
Ճիշտ է, գովելի փաստ է, որ ՀՀԿ-ում դեռ կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն գնով պաշտպանել վարչապետին: Բայց երբ դա արվում է՝ խեղաթյուրելով ճշմարտությունը, մարդկային տրամաբանության բոլոր օրենքներին հակառակ, սեփական տղամարդկային արժանիքները ոտնահարելու գնով, պարզապես խղճահարության տեղիք է տալիս:
Եւ այսպես, ասուլիսի ժամանակ Մինասյանը հերքել է «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում տպագրված այն տեղեկությունը, որ Տ. Սարգսյանը նոյեմբերի 16-ին Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ ունեցած հանդիպմանն ասել է, թե անապահով ընտանիքների աշխատունակ անձինք նախընտրում են ստանալ 30-50 հազար դրամ նպաստ, քան աշխատել ու ստանալ 100-120 հազար դրամ աշխատավարձ:
«Իհարկե չի ասել: Ես ցավում եմ այդ լրատվամիջոցի համար: Կառավարության կայքում ուղղակի դրված է տեսանյութը, եւ նրանց պարտականությունն էր նայել ու տեսնել, թե ինչ է ասել վարչապետը Տնտեսագիտական համալսարանում»,-փորձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ նա՝ մեզ մեղադրելով անպարկեշտ կեցվածք ընդունելու մեջ:
Բայց խնդիրն այն է, որ նույն ՀՀ կառավարության կայքում տեղադրված հաղորդագրությունը պնդում է բոլորովին հակառակը: Մեջբերում ենք պաշտոնական կայքից մի հատված. «Կառավարության ղեկավարը նշել է, որ այս առումով բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել.  անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»,-նշել է գործադիրի ղեկավարը»»:
Հետաքրքիր է՝ այս տողերը կարդալուց հետո Գագիկ Մինասյանը չի՞ ամաչել, չի՞ փոշմանել, որ խայտառակվեց: Գոնե այսքանից հետո տղամարդկություն ունենա եւ նույնքան հրապարակավ ներողություն խնդրի «Ժողովուրդ»-ից: Եւ, ի վերջո, ո՞վ է անպարկեշտ կեցվածք ընդունել՝ «Ժողովուրդ» օրաթե՞րթը՝ բարեխղճորեն մեջբերելով ՀՀ վարչապետի անտրամաբանական մտքերը, թե՞ Գագիկ Մինասյանը: Սա արդեն թողնում ենք ընթերցողի եզրակացությանը:
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ ֆինանսների նախարարությունից էլ հերքել են, թե ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը չի ասել. «Մեր ժողովուրդը ծույլ է, պետք չէ նրան փող տալ, նա սիրում է տանը նստել ու նպաստ ստանալ»: Հարկ ենք համարում հիշեցնել նույն փոխնախարարին, որ նա այդ խոսքերն արտասանել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների հեղինակած օրինագծի քննարկման ժամանակ: Եւ որպես դեղամիջոց՝ ՀՀ կառավարության անդամներին առաջարկում ենք առավոտյան խմել մեկ բաժակ մեղրաջուր՝ հիշողությունը վերականգնելու համար:

 ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս