Խա՞նդ, թե սիրային հետապնդումներ. ի՞նչը ռազմական ոստիկանության աշխատակցին դրդեց սպանել ռեկտորի եղբորը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության գործի դատաքննությունը:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում հայտնաբերվեց Հարություն Գրիգորյանի դին: Նախնական վարկածով, Գրիգորյանին սպանել էին և դիմել փախուստի:
Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին 5 հատ պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:

Շուտով ոստիկանությունում տեղեկություններ ստացվեցին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը կարող է կատարած լինել պաշտպանության նախարարության Գյումրիի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Կատունյանը` իր կամ աշխատանքային ընկերներից մեկի հաշվեցուցակային զենքով:
Իսկ դրդապատճառը խանդն էր:

Արման Կատունյանն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և հայտնել, որ Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել է Հարություն Գրիգորյանի հետ: Վիճաբանության ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, Գրիգորյանի վրա ինքը կրակե՞լ է, թե ոչ:
Մեղադրյալ Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը դեպքից հետո հայտնել է, թե վարկածը` որի համաձայն, Գրիգորյանի սպանությունը կատարվել է խանդի հողի վրա, իրականությանը չի համապատասխանում: Պաշտպանը վստահեցրել է, որ իրականում Գրիգորյանը տևական ժամանակ սիրահետել էր Կատունյանի կնոջը, ինչի հետևանքով վիճաբանություն էր տեղի ունեցել նրանց միջև, իսկ Գրիգորյանը սպանվել էր:

Իսկ սպանվածի քույրը` Սիրանույշ Բալոյանը, հայտարարել է, որ եթե իր եղբայրը հետապնդել է Կատունյանի կնոջը, ապա ինչո՞ւ վերջինս չի դիմել իրավապահներին:

Նախաքննության ընթացքում Կատունյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց երկրից չհեռանալու պայմանով ստորագրությամբ, իսկ մեղադրանքը` դիտավորյալ սպանության հատկանիշներով, վերաորակվեց հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության:
Իսկ Երվանդ Վարոսյանը, պարզաբանելով վարույթն իրականացնող մարմնի որոշումը, նշել էր, որ ամեն բան կատարվել է դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա:

Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչներ Լիպարիտ Սիմոնյանն ու Թամարա Յայլոյանը դիտարկում էին արել, թե սկզբնական շրջանում բազմակողմանի քննության տպավորություն թողած գործը փորձագետի եզրակացությունը ստանալուց հետո անսպասելի շրջադարձ ունեցավ:

Այժմ մնում է սպասել` ինչ հանգուցալուծում կունենա աղմկահարույց սպանությունը, ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան նոր սկսված դատաքննության ընթացքում և ինչպիսի որոշում կկայացնի դատարանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս