ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՌԵՐՈՎ ՉԻ ԶԱՐԳԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջին անգամ սրտնեղեց եւ բողոք արտահայտեց Հայաստանի տնտեսության ապագայի վերաբերյալ վատ կանխատեսումներից, իսկ դա տեղի ունեցավ Կառավարության մայիսի 22-ի նիստում, թվում էր, թե դա ընդամենն ընդհանուր նեղվածության եւ պահի դրսեւորում էր: Սակայն արդեն ակնհայտ է, որ վարչապետն իսկապես չի տիրապետում իրավիճակին եւ նրան թվում է, թե Հայաստանի բնակչությունն իր շրջապատի պես է ապրում, եւ նրա համար անհասկանալի է, թե մարդիկ ինչու եւ ինչից են բողոքում:

Այսպես՝ ըստ aravot.am կայքի՝ երբ լրագրողներից մեկը Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվել է, թե հոսանքի թանկացման դեպքում ինչ պետք է անի Հայաստանի բնակչությունը, չէ որ առանց այդ էլ աշխատավարձերը ցածր են, եւ մարդիկ չեն կարողանում իրենց սոցիալական խնդիրները հոգալ, վարչապետը բառացի պատասխանել է. «Դուք ինչի՞ եք տենց վատ տրամադրված: Գնալով վիճակը չի լավանում… Մենք պետք է ամեն ինչ անենք, որ լավանա, եւ մենք այդ գործին ենք լծված: Ես Ձեզ մի քանի անգամ ասել եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ հատուկ Ձեզ համար ասել, որ մենք երկրորդ կիսամյակում ունենք բազմաթիվ ծրագրեր, որ իրականացնելու ենք, եւ դա բերելու է տնտեսության ակտիվացմանը: Իսկ դա կխթանի նաեւ մեր ժողովրդի բարեկեցությունը, ամեն դեպքում մենք՝ Կառավարությունով, լծված ենք այդ գործընթացներին»:
Հետաքրքիր է, թե որն է Հովիկ Աբրահամյանի՝ նման լավատեսության աղբյուրը: Գուցե՞ ինքը Հայաստանում կյանքը գնահատում է իր շրջապատի, նախարարների եւ նրանց շրջապատի ու մնացած իշխանավորների անհոգ եւ ցոպ ապրելակերպով: Հասկանալի է, որ վարչապետի ընտանիքի համար ամսական ծախսերի, ասենք, 10 կամ 20 հազար դրամով ավելացումը նշանակություն չունի, այդքան իրենք հաց ուտելուց թեյավճար են թողնում: Բայց հարցը Հայաստանի բնակչության մասին էր եւ ոչ թե իշխանավորների:
Ասենք, որքան էլ պաշտոնական վիճակագրությունը սրբագրում եւ պլպլացնում են, միեւնույն է՝ այն «մատնում» է, թե ինչ ծանր կացությունում է հայտնվել Հայաստանի տնտեսությունը: Ասենք, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում մանրածախ առեւտուրը այս տարվա առաջին չորս ամիսներին հետեւողական նվազել է, ըստ վերջին տվյալի՝ այս տարվա առաջին չորս ամիսներին, անցած տարվա համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է 7,6 տոկոսով: Իսկ որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, եւս մեկ անգամ կրկնենք՝ առեւտրի նվազումը նշանակում է բնակչության գնողունակության անկում, նշանակում է մարդկանց աղքատացում: Մարդկանց գնողունակությունն էլ խոստումներով, սիրուն բառերով եւ լավատեսությամբ չի լուծվում: Այն ունի կոնկրետ եւ նյութական լուծում՝ եկամուտների ավելացում:
Կամ մեկ այլ պաշտոնական տվյալ՝ արտահանումը Հայաստանից այս տարվա առաջին չորս ամիսներին, անցած տարվա համեմատ, նվազել է 19,8 տոկոսով: Արտահանման ծավալների նվազումը նշանակում է ընկերությունների եկամուտների նվազում, իսկ դա իր հերթին նշանակում է աշխատատեղերի կրճատում կամ աշխատավարձերի կրճատում, նշանակում է ընկերությունների սնանկացում: Իհարկե, ՀՀ Կառավարությունում պարզել են, թե ինչ են արտահանման ծավալներն այդպես կտրուկ նվազել. պատճառը Ռուսաստանի տնտեսությունում տիրող անորոշ վիճակն է: Բայց կարո՞ղ է ՀՀ Կառավարությունն ասել, թե կոնկրետ ինչ են անում ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությամբ: Իհարկե, չեն կարող, քանի որ Կառավարությունում նստած սպասում են, թե երբ պետք է Ռուսաստանում տնտեսական վիճակը կարգավորվի, որպեսզի հայ արտադրողները կարողանան կոնյակ կամ, ասենք, ձուկ արտահանել այդ երկիր: ՀՀ Կառավարությունը սպասելուց բացի՝ ոչինչ չի կարող անել, քանի որ իրավիճակը շտկելու մարդկությանը հայտնի մնացած բոլոր գործիքները ՀՀ ներկայիս իշխանությունների դեմ են: Մասնավորապես, խոսքը Հայաստանի տնտեսությունը մենաշնորհների ճիրաններից ազատելու եւ մարդկանց տնտեսական գործունեություն ծավալելու ազատություն տալու ու օրենքը բոլորի համար միատեսակ կիրառելու, կամ այլ կերպ ասած՝ օլիգարխ-պաշտոնյա երեւույթի բացառման մասին է: Նման բան ներկա իշխանությունները չեն կարող անել, քանի որ դա նույնն է, թե նրանք ատրճանակը դնեն իրենց քունքին:
Այնուամենայնիվ, այդ ինչ ծրագրերի մասին է խոսում Հովիկ Աբրահամյանը, որոնք պետք է իրագործվեն երկրորդ կիսամյակում: Իհարկե, նա չի մանրամասնում, բայց խոսքը նոր վարկային միջոցների ներգրավման մասին է, որոնց փաստաթղթերը վաղուց կնքվել են, եւ սպասվում է, որ տարվա երկրորդ կեսին գումարներն արդեն կգան Հայաստան: Բայց ողջ խնդիրն այն է, որ այդ միջոցները միմիայն կնպաստեն օլիգարխ-պաշտոնյաների, ասենք, նույն Հովիկ Աբրահամյանի եւ նրա մերձավորների, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի, Սերժ Սարգսյանի մերձավորների, Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդիների, նախարարների եւ մնացած պաշտոնյաների էլ ավելի հարստացմանը: Վարկային միջոցները բնակչության կենսամակարդակի վրա այլեւս չեն կարող դրական ազդել, դրանք լավագույն դեպքում հնարավորություն կտան տնտեսության վերջնական փլզումը եւ մարդկանց վերջնական աղքատացումը հետաձգել, ոչ ավելին:
Հայաստանի տնտեսության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ներկա կառուցվածքով այն հասել է զարգացման իր գագաթնակետին, եւ եթե համակարգը չփոխվի, ապա բարելավում չի կարող լինել, եւ դա կապ չունի, թե վարչապետի պաշտոնում ով նստած կլինի՝ տնտեսագետ Տիգրան Սարգսյանը, թե դզող-փչողից իր կարիերան սկսած Հովիկ Աբրահամյանը, որն այս ընթացքում հասցրել է զբաղեցնել Հայաստանի բոլոր բարձրագույն պաշտոնները, բացառությամբ նախագահի աթոռի:
Այսինքն՝ ներկա իշխանություններին վաղուց ժամանակն է գիտակցել, որ Հայաստանի տնտեսության միակ խոչընդոտն իրենք եւ իրենց կառուցած համակարգն է, ու քանի դեռ այն չի փոխվել, տնտեսությունը չի կարող զարգանալ, առավելագույնը արտաքին պարտքի ավելացման հաշվին կարող է ինքնապահպանվել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ՄԻԼԻՈՆԱԿԵՐ ՄՈԾԱԿՆԵՐԸ
«Ժողովուրդ»-ն արդեն գրել է ՀՀ Կառավարության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքում մոծակների եւ այլ խայթող միջատների դեմ պայքարի համար 15 մլն դրամ հատկացնելու մտադրության մասին: Եւ երեկ գործադիրը հաստատեց համապատասխան որոշումը: Թիվ 39 ընտրատարածքից (որը ներառում է Ջերմուկը) ԱԺ պատգամավոր դարձած ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանից «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ամեն տարի մի քանի տասնյակ միլիոն դրամներն ինչի վրա են ծախսվում, որ մոծակների վերջը չի երեւում: Մտահոգ պատգամավորը հայտարարեց, թե պետք չէ ինչ-որ շոուներ փնտրել: «Եթե հաշվարկներ անեք, կպարզեք, որ այդ գումարի չափը կարող է նաեւ չբավարարել նման աշխատանքի համար: Բայց Դուք ինչ-որ բաներ եք փնտրում, ինչ-որ սենսացիաներ, դրա համար էլ իրականությունից անտեղյակ եք»,- բացատրեց «մոծակներից քաշված» պատգամավորը: Տպավորություն է, որ Ջերմուկի մոծակներն էլ են ուրիշ` առողջ, կերած-խմած, եւ նրանց դեմ պայքարը հեշտ ու էժան բան չէ:

 

ԳՆՈՒՄ ԵՆ ՆՇԵԼՈՒ
Այսօր ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտից հետո, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամները կրկին քաղաքից դուրս են գալու: ԲՀԿ-ական օրենսդիրները որոշել են նշել նստաշրջանի ավարտը եւ դա պատրաստվում են անել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում: Թե որտեղ, երեկվա դրությամբ մեզ չհաջողվեց ճշտել: Խնջույքի հեղինակ-կազմակերպիչը, ինչպես միշտ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն է, որը «տղերքին» տանելու է լիցքաթափվելու: Սակայն ուշագրավն այն է, որ այդ քեֆին մասնակցող պատգամավորների գերակշիռ մասը մի քանի տարվա պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ ոչնչով աչքի չի ընկել: Նրանք սովորաբար նիստերի մեկնարկից հետո դահլիճում մնում են մոտ 10 րոպե, այնուհետեւ հեռանում: Դահլիճում նրանց ներկայությունը երբեմն ձգվում է միայն այն պատճառով, որ այդ անգամ սովորականից շատ կոճակ սեղմելու կարիք է լինում: Փաստորեն կոճակ սեղմելուց էլ են հոգնում:

 

ՎԱՌՎԵԼ Է
Երեկ՝ ժամը 05.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Երեւան-Սեւան մայրուղում գտնվող «Սարանիստ» ՍՊԸ-ի ապակյա տարրաների գործարանում: Հրդեհի պատճառը եղել է հումքի հալեցման վառարանից շիկացաց ապակու հումքի արտահոսքը (մոտ 30 տ), որի արդյունքում այրվել է արտադրամասի կառավարման սենյակը՝ 50 քմ մակերեսով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.39-ին, մարվել՝ 06.53-ին: Նշենք, որ այդ արտադրամասը պատկանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանին՝ Շշերի Մելոյին, ով երեկ խորհրդարան չէր եկել, իսկ ԲՀԿ-ականներն էլ հայտարարեցին, թե զբաղված է գործարանի գործերով: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում եւս Մելիք Մանուկյանն ասաց, որ շատ զբաղված է, վնասների մասին էլ խոստացավ խոսել այսօր:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՉԱՐԻՔԻ ԹԱՏՐՈՆ
Երեկ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հիշեցրել է փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը եւ վարչապետին հարցրել` ի վերջո, բամփեցի՞ք, թե՞ չբամփեցիք Գագիկ Ծառուկյանին: Ի պատասխան՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե ստուգումների հետ կապված ծավալների խնդիր կա եւ հայտարարել, թե մի օր եւս կձգձգվեն դրանք` խոստանալով ավարտվելուն պես ներկայացնել արդյունքները: Փաշինյանն էլ հիշեցրել է Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի կողմից միմյանց չարիք անվանելու իրողությունն ու ասել.«Ինչպես տեսնում եք` չարիք-չարիք կինոթատրոն: Եվ ես ուզում եմ չարիքի իշխանությանը եւ չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսի 1-ին` կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորվելու կապակցությամբ»:

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԿԱՆԵՆ
Երեկ Կառավարությունն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկել է 2015 թվականի հունիսի 15-ին, ժամը 12:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում մի շարք օրինագծեր են եւ միջազգային պայմանագրերի վավերացում:

 

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԿԻՆ «ՇԵՖԻ»
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին «բամփելու մասին» Նիկոլ Փաշինյանի կողմից վարչապետին տրված հարցին, ասել է. «Կուզենայի Նիկոլ Փաշինյանի չկայացած, անփառունակ շոուին երկու բառով անդրադառնալ: Քանի անգամ խորհուրդ են տվել պատեհ-անպատեհ առիթներով Գագիկ Ծառուկյանի անունը շրջանառելու փոխարեն զբաղվի իր գործերով: Այսօր եւս իր բանուգործը թողած, իր գործերը թողած՝ հնչեցնում է Ծառուկյանի անունը եւ փորձում է ինչ-որ բաներ խոսել այստեղ»:




Լրահոս