Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հունիսի 8-ին հրավիրել էին ՀՀ քննչական կոմիտե: Ու դրա հենց հաջորդ օրը Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի փաստի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալվեցին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղեւոնդյանի որդին` Դերենիկ Ղեւոնդյանը, եւ Սյունիքում հայտնի Յուրկան, որը մարզպետի մորաքրոջ թոռն է:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, երբ աղմկահարույց ծեծից հետո մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, լքեց Հայաստանը, նրան ուղեկցում էր հենց նույն Դերենիկը: Սակայն, ինչպես նկատում ենք, Հայաստան վերադառնալուց հետո մարզպետի որդին դեռեւս շարունակում է վայելել ազատությունը, իսկ, ահա, վարորդի որդին հայտնվեց ճաղերի հետեւում: Եվ սա այն դեպքում, երբ լրատվամիջոցների հետ զրույցում Զաքարյանների մայրը` Անահիտ Գալստյանը, հայտարարել էր, որ իր որդիներին ծեծի ենթարկողը եղել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը: Ավելին՝ Զաքարյանների մայրը վստահեցրել էր՝ ինքը, ամուսինը եւ իր որդիները մի քանի անգամ հարցաքննվել են եւ ամեն անգամ ցուցմունք են տվել մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի դեմ, անգամ իրավապահներից պահանջել են վերծանել Մուշեղի հեռախոսազանգերը. «Թող վերծանեն, ինչի՞ են լռում, ես չգիտեմ, էտքան մարդ էնտեղ եղել է, ամեն տղայիս վրա 30-40 հոգով հարձակվել են, նույնիսկ Հարութս չի հիշում՝ ոտքով են հարվածել աչքին, թե բիտայով, իրան հրել, քցել են գետնին, հարձակվել են, ինչով կարողացել են՝ է՛լ մահակներով, է՛լ քացով, է՛լ մետաղական գործիքներով հարվածել են: Տիգրան Խաչատրյանն էլ է եղել ու իրա թափթփուկները»:
Միթե տուժած տղաների մոր այս հայտարարությունը եւ Հարութի հեռախոսազանգերի վերծանումը հիմք չեն եղել իրավապահների համար, որպեսզի մարզպետի որդուն եւս պատասխանատվության կանչեն: Ստացվում է՝ ոչ: Իսկ ինչ ապացույցներ են պետք, որ իրավապահները ձերբակալեն Տիգրան Խաչատրյանին: Միգուցե նրանք սպասում են միջադեպի արդյունքում ծանր վնասվածք ստացած, տեսողությունը վերականգնելու նպատակով Մոսկվա մեկնած Հարութի վերադարձին, որ վերջինս եւս մեկ անգամ պնդի իր ցուցմունքը, եւ նոր նրան ձերբակալե՞ն: Այս դեպքում հարց է առաջանում՝ արդյո՞ք մեկ հոգու ցուցմունքի հիման վրա կարող են մարզպետի որդուն ձերբակալել:
Բայց նույնիսկ եթե այդպես լինի, ապա պետք է տեղեկացնենք, որ այդ օրվա ծեծին մասնակից է եղել ոչ միայն մարզպետի ավագ որդին, այլեւ մյուս հարազատները:
«Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ այս ծեծի գործով մասնակիցները ցուցմունքներ են տվել այն մասին, որ տուժող Զաքարյանները, բացի մարզպետի որդուց եւ ձերբակալված անձանցից, իրավապահներին այլ անուններ էլ են տվել: Նրանք հայտնել են, որ բացի նշված մասնակիցներից՝ ծեծի օրը ներկա են եղել մարզպետ Խաչատրյանի կրտսեր որդին` Տրդատ Խաչատրյանը, Սուրիկ Խաչատրյանի եղբայրը՝ Սերյան Խաչատրյանը: Ավելին՝ շրջանառվող լուրերի համաձայն՝ այս գործով կան մարդիկ, որոնք փախուստի մեջ են, իսկ թե ովքեր են, դեռ հայտնի չէ:
Եւ նախօրեի ձերբակալություններով կարծես թե նոր սկիզբ է դրվել գործի ընթացքին: Ըստ մեզ հասած տեղեկությունների` առաջիկայում սույն գործով այլ ձերբակալություններ եւս կլինեն, եւ մեղադրանքներ կառաջադրվեն: Իսկ թե, ի վերջո, ում գլխին կկոտրվի աղմկահարույց պատմությունը, ցույց կտա ժամանակը:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդ Արագած Ղեւոնդյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք աղմկահարույց գործը կոտրվում է իր որդու գլխին, եւ արդյո՞ք նա հանուն իր ղեկավարի որդու թույլ կտա հարազատ որդին հայտնվի ճաղերի հետեւում՝ իր վրա վերցնելով ողջ պատասխանատվությունը: «Իմ որդին չափահաս է եւ գիտի իր անելիքը: Ինձ մի՛ խանգարեք, ես դատարանում եմ, չեմ կարող այլեւս խոսել»,- ասաց մարզպետի վարորդը:
Նկատենք, որ փաստորեն վարորդ Արագած Ղեւոնդյանի որդին՝ Դերենիկը, մարզպետի որդու մասնակցությամբ ծեծի գործով է ձերբակալաված, իսկ ինքն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարցաքննվում էր՝ որպես վկա 2013թ. հունիսի 1-ին մարզպետի տան մոտ հնչած կրակոցների գործով:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԻՐԵՐԸ ՑԱԾ Է ՆԵՏԵԼ
Երեկ Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց 58 հասցեի շենքի բնակարաններից մեկում լարված իրավիճակ է եղել: Մեզ հասած տեղեկություններով՝ նշված հասցեի շենքերից մեկի բնակիչ Սուրենը տան իրերը կոտրել է եւ սկսել բնակարանի պատուհանից ցած նետել: Ավելի ուշ հարեւանները լսել են օգնության ձայներ եւ շտապ ահազանգել ոստիկանություն: Ըստ ականատեսների՝ դեպքի վայր ժամանած իրավապահները Սուրենին տարել են ոստիկանություն, եւ ավելի ուշ նրան տեղափոխել հոգեբուժարան:
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԾԵԾ
Հունիսի 9-ին Կիեւյան փողոցում աղջիկների լուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկություններով` նշված հասցեում երկու աղջիկներ՝ Աննան եւ Արեւիկը, վիճել են, որից հետո սկսել են ծեծել միմյանց: Տարածքում հավաքված մարդիկ չեն կարողացել հանդարտեցնել աղջիկներին եւ կատարվածի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը, որից հետո նրանց տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին:
ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՔ
«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը դիմել է Ադրբեջանում անցկացվող առաջին Եվրոպական խաղերի հովանավորներին՝ կոչ անելով «աչք չփակել խախտումների վրա հանուն սեփական հետաքրքրությունների ու պաշտոնապես խնդրել ազատ արձակել Ադրբեջանում կալանավորված 12 լրագրողներին ու բլոգերներին»: «Եվրոպական խաղերի հարգելի՛ հովանավորներ, McDonald’s-ի, Coca-Cola-ի, Motorola-ի ու այլ միջազգային ընկերությունների ղեկավարներ: Մի քանի օր դուք ուշադրության կենտրոնում կլինեք՝ որպես Բաքվի պատմության մեջ առաջին Եվրոպական խաղերի պաշտոնական հովանավորներ ու գործընկերներ: Թույլ կտա՞ք, ձեր տնտեսական շահերը կուրացնեն ձեզ մարդու իրավունքների մասին հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻ
Վրաստանի Կառավարությունը որոշել է այն երկրների ցուցակը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի ու գտնվել այդ երկրի տարածքում մեկ տարի: Բացի այդ՝ առանց վիզային ռեժիմի ու մեկ տարվա ընթացքում Վրաստանի տարածքում գտնվելու իրավունք կարող են ունենալ այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն ՄԱԿ-ի անձնագիր: Նշված կարգից կարող են օգտվել 94 երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ Հայաստանի:
ՆՈՐ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Armlur.am-ի փոխանցմամբ` հունիսի 13-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա «Հիմնադիր խորհրդարան»-ի հրավիրած հանրահավաքը, որի ընթացքում կքննարկվեն ներքաղաքական հարցեր:
ԻՍԿ ՈՉ ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵ՞ՐԸ
Կառավարությունն արդեն սկսել է հաշվարկները՝ պարզելու, թե էլեկտրաէներգիայի մոտ 7 դրամով թանկացման դեպքում ինչպես պետք է օգնեն անապահով ընտանիքներին: Այս մասին երեկ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ընդունելով, որ հոսանքի թանկացումը բեռ կլինի ոչ միայն անապահով ընտանիքների, այլեւ ողջ բնակչության համար, նախարարն, այնուամենայնիվ, նշել է, որ հնարավոր փոխհատուցումը կտրվի միայն նպաստառու մոտ 105 հազար ընտանիքներին։
ԿՈՊԵԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից զինվորական կենսաթոշակը հաշվարկելու հիմնական չափը կլինի 16 հազար դրամը 14 հազարի փոխարեն, զինծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 1500 դրամ 1300-ի փոխարեն:
Գործադիրը նաեւ սահմանել է պարտադիր ժամկետային զինծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը. առաջին խմբի հաշմանդամի համար՝ 36 հազար դրամ 31 հազար 500-ի փոխարեն, երկրորդ խմբի հաշմանդամների համար՝ 26 հազար դրամ 23 հազար 100-ի փոխարեն, երրորդ խմբի հաշմանդամների համար՝ 18 հազար դրամ 15 հազար 750 դրամի փոխարեն:
ՀԱՆԳԱՄԱՆԱԼԻՑ
Երեկ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր։
Ի ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կառավարության երեկվա նիստում հավանության է արժանացել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Երեւանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, չափը սահմանել առավելագույնը 35 հազար դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազար դրամ, սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:
ՆՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԼԻՆԻ՞
Եթե Ղարաբաղում լայնամասշտաբ հակամարտություն ծագի, անհնար կլինի հասնել բանակցված կարգավորման», – «Ազատությանն» ասել է Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով շաբաթվա վերջին մեկնելու է Բաքու: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելու հեռանկարին` Ուորլիքն ասել է. «Անցած հոկտեմբերին երկու նախագահները պարտավորվեցին ակտիվացնել երկխոսությունը: Այդ հանդիպումից հետո շատ բան է փոխվել՝ ուղղաթիռի հետ կապված ողբերգությունը, շփման գծում լարվածության աճը, ինչպես նաեւ՝ Հայաստանում հիշատակման արարողությունները, Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը, կրոնական միջոցառումները: Այս ամենի հետեւանքով չկարողացանք կազմակերպել նախագահների հանդիպումը: Սակայն իմ այս այցի նպատակներից են նախագահների հնարավոր հանդիպման ժամկետներ նախանշելը եւ նախագահների կողմից քննարկվելիք հարցերի շրջանակը ձեւակերպելը»: