ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշները գուժում են երկրի աղետալի վիճակի մասին: Այս խոսքերն ամենեւին էլ չափազանցություն չեն, այլ նման եզրահանգման կարող է գալ ցանկացած ոք՝ ծանոթանալով վերջին տարիներին Հայաստանի ժողովրդագրական տվյալների հետ:
ՀՀ ԱՎԾ-ն վերջերս հրապարակել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2012 թվականի հունվար-սեպտեմբերին» վերնագրով զեկույցը: Այստեղից պարզվում է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 109 հազար 405 ՀՀ քաղաքացի: Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտագաղթածների թիվը կազմել է 98 հազար 148 հոգի: ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը երեկ էլ հրապարակել է այս տարվա առաջին 10 ամիսներին ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների վիճակագրությունը: Ըստ այդմ՝ ՀՀ-ից մեկնել ու չի վերադարձել 88 հազար 241 մարդ: Միակ մխիթարական ցուցանիշն այն է, որ հոկտեմբեր ամսին ՀՀ վերադարձածների թիվը 8 հազար 854-ով գերազանցել է մեկնածների թվին: Բայց եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ առաջին 10 ամիսներին ավելի քան 88 հազար մարդ է մեկնել երկրից, այս փոքր հաջողությունը հազիվ թե որեւէ էֆեկտ ունենա: Ճիշտ է, իշխանությունները խորհուրդ են տալիս այս տվյալների հիման վրա եզրակացություններ չանել, այլ սպասել տարեվերջյան ամփոփ տվյալներին, քանի որ հույս կա՝ արտագնա աշխատանքի մեկնածները նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կվերադառնան հայրենիք: Բայց անգամ այս դեպքում ՀՀ-ից մեկնածների թիվը գերազանցում է վերադարձածներին: 2010թ. արտագաղթած ՀՀ քաղաքացիների թիվը կազմել է 57 հազար 240, 2011թ.՝ 49 հազար 126 մարդ: Արտագաղթի տվյալների մասին է խոսում ուսումնական հաստատություններում աշակերտների եւ ուսանողների թվի հետեւողական նվազումը: Չենք խոսում ՀՀ-ում ՌԴ կառավարության կողմից իրականացվող «Համերկրացիներ» ծրագրի մասին, որին անդամագրվողների թիվը գնալով ավելանում է:
Անզեն աչքով անգամ նկատելի է, որ երկիրը դատարկվում է ահռելի տեմպերով, ու հիմա արտագաղթը դարձել է ՀՀ թիվ մեկ խնդիրը՝ սպառնալով ՀՀ ազգային անվտանգությանը: Ճիշտ է, օրերս ՀՀ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Կենտրոն» հ/ը-ով փորձում էր համոզել, թե ամենեւին էլ արտագաղթ կամ միգրացիա չկա, իսկ ՀՀ-ից մեկնածներն էլ կվերադառնան հայրենիք: Բայց հասկանալի է՝ իշխանություններն այդպես ընդամենը փորձում են մեղմել իրավիճակը:
Արտագաղթի չափերը շատ ավելի ակնառու են դառնում, երբ այս տվյալները համադրում ենք ժողովրդագրական այլ ցուցանիշների հետ: Օրինակ՝ ԱՎԾ տվյալների համաձայն՝ նվազում են նաեւ ծնելիության ցուցանիշները: Այս տարվա առաջին 9 ամիսներին ՀՀ-ում ծնվել է 30 հազար 906, իսկ նախորդ տարի՝ 31 հազար 854 երեխա: Ասել է թե՝ նախորդ տարվա համեմատ ծնվածների թիվը նվազել է 948-ով: Նվազել է նաեւ բնական հավելաճը:
Նկատենք, որ ծնվածների թիվը վերջին տարիներին նվազում է հետեւողականորեն: ԱՎԾ հրատարակած «Հայաստանը թվերով. 2012» ժողովածուի տվյալների համաձայն՝ 2010թ. ծնվել է 44 հազար 825 երեխա, 2011թ.՝ 43 հազար 340: Աճել է նաեւ մահացության ցուցանիշը, արդյունքում՝ բնական հավելաճը 2010թ. եղել է 16 հազար 904, իսկ նախորդ տարի՝ 15 հազար 377:
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում այս հարցին շատ անդրադարձ է եղել, սակայն իշխանություններն ամեն գնով փորձում են լռել. «Չեն ցանկանում հարցին անդրադառնալ՝ դրանով մեկ անգամ եւս ապացուցելով, որ իրենց համար կարեւորը ոչ թե ՀՀ քաղաքացուն իր երկրում արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելն է, այլ հակառակը` ամեն ինչ անել այդ քաղաքացուց մեկ օր շուտ ազատվելու համար»: Ըստ Խաչատրյանի՝ իշխանությունների այս մտադրությունների մասին, բացի վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ արտագաղթի մասին իբր կատակով արված հայտնի խոստովանությունից, խոսում է նաեւ 2013թ. բյուջեի նախագիծը: «Ապացույցը՝ կառավարության-իշխանության կողմից ներկայացված 2013թ. բյուջեն, որը ոչ մի խնդիր քաղաքացու համար չի լուծում, երկրի առաջընթացի համար ոչ մի քայլ չի նախատեսում»,-ասաց նա: Այս առումով պատահական չէ, որ հաջորդ տարվա պետական բյուջեով թեեւ կանխատեսվում է 4,5-5 տոկոս գնաճ, բայց մյուս կողմից չեն ավելանում աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստները: «Ոչ մի բացատրություն էլ ստեղծված իրավիճակի վերաբերյալ չի տրվում, իսկ մարդիկ, կորցնելով ամենակարեւորը` սեփական երկրում մարդավայել ապրելու հնարավորությունը, հույսը, լքում են այն՝ մինչեւ վերջ չգիտակցելով՝ ինչու, ինչի համար: Արդյոք կվերադառնան նրանք: Ոչ ոք չի կարող պատասխանել: Սակայն փաստ է, որ այս տարի էլ նախորդ տարիների նման երկիրը կկորցնի իր սեփական քաղաքացիների մի ստվար մասին: Այս դեպքում իսկապես անիմաստ են դառնում ցանկացած ծրագրերը, քննարկումները, հայրենասիրական ճառերը, որոնց հեղինակը գործող իշխանությունն է»,-ամփոփեց Վահագն Խաչատրյանը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս