Ո՞ՒՐ ԵՆ ՄԵՐ ԿՈՐԱԾ ԱՍՏՂԵՐԸ. ՄԱՍ 4

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընդառաջ գնալով ընթերցողների խնդրանքներին` «պեղել» նախկինում հայտնի, այսօր, սակայն մոռացված աստղերին, որոնք ինչ-ինչ պատճառներով լքել են ասպարեզը:

Այսպիսով` հերթական աստղը, որին պեղել ենք, նախկին «32 ատամ» հումորային ակումբի հիմնադիր անդամ Վահագն Գրիգորյանն է: Նա այժմ էկրաններին բացարձակ չի երեւում, սակայն, իր խոսքով, դա չի նշանակում, թե հեռացել է ոլորտից. «Էկրանին չեմ երեւում, բայց բեմում երեւում եմ, պարզապես այս պահին հեռուստատեսության համար հարմար նախագիծ չունենք: Հիմա «Թատրոն 32»-ում աշխատում եմ ներկայացումների վրա` բեմի բանվորից մինչեւ բեմադրող ռեժիսոր: Ափսոս, ժամանակ չեմ ունենում մեր թատրոնի դիմացի ավտոկանգառով էլ զբաղվել»,- մեզ հետ զրույցում կատակեց Վահագնը` հավելելով, որ թատրոնում վերջերս երկու նոր պրեմիերա է եղել:
Մեր այն հարցին, թե հետեւո՞ւմ է արդյոք Վահագնը այսօրվա հումորային հաղորդումներին եւ ինչ է կարծում` ինչ է պետք նոր, որակյալ հումորով հանդես գալու համար, վերջինս պատասխանեց. «Նոր գաղափարը ֆինանս է պահանջում, բացի այդ` սերնդափոխության կարիք կա. տարիներն անցնում են, սակայն նոր դեմքեր հումորային ասպարեզում չեն երեւում: Իսկ հումորը չեմ կարծում, թե մեր եթերներից պակասել է. դիտեք ԱԺ-ի ցանկացած նիստ եւ կհամոզվեք դրանում»,-կես կատակ, կես լուրջ ասաց Վահագնը:
Նա չբացառեց, որ իրեն էլի երբեւէ կտեսնենք էկրաններին. «Պարզապես ես իմ առջեւ էկրաններին երեւալու խնդիր չեմ դրել, կարեւորը որակյալ աշխատանք անեմ: Եթե լինի լավ առիթ, համապատասխան հարթակ, կվերադառնամ»,- անկեղծացավ Վահագնը` հավելելով, որ այդ հարցում ֆինանսի գործոնն իր համար առաջնային չէ:
Հաջորդ հեռուստատեսային դեմքը, որի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել, դերասանուհի Աննա Դավթյանն է, ով հայտնի դարձավ «Դիմակահանդես», «Եղբայրներ» հեռուստասերիալներից: Նրա` ասպարեզից կտրուկ անհետանալն անմիջականորեն կապ ուներ ամուսնանալու հետ: Աննան տեւական ժամանակ է` ամուսնու հետ ապրում է Մոսկվայում եւ արդեն երեխա ունի: Մենք հետաքրքրվեցինք` նա ցանկություն ունի՞ վերադառնալ ասպարեզ եւ չի կարոտո՞ւմ արդյոք իր աշխատանքը: Աննայի խոսքով` թեեւ իր ամուսինը շատ ադեկվատ է վերաբերվում իր մասնագիտությանը, ամեն դեպքում` իր համար ամուր ընտանիք կազմելը կյանքում ամենակարեւորն է: Միեւնույն ժամանակ, նա խոստովանեց, որ կարոտում է իր աշխատանքը, մասնավորապես` թատրոնի բեմը (Աննան Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի նախկին դերասանուհի է): «Շատ եմ կարոտում թատրոնում ապրած էմոցիաները, հանդիսատեսի հետ անմիջական շփումը, որը ոչ մի բանի հետ չես համեմատի»,- ասաց նա` հավելելով, որ ժամանակի սղության պատճառով դեռեւս չի կարող վերադառնալ թատրոն, սակայն նման ցանկություն ունի:
Աննան նաեւ տեղեկացրեց, որ այժմ էլ կարիերայի հետ կապված շատ հետաքրքիր առաջարկներ ունի. «Փակագծերը բացել դեռեւս չեմ կարող, միայն կասեմ, որ խոսքը սերիալի մասին չէ»,-եզրափակեց դերասանուհին:
Ժամանակին հայտնի եւ ակտիվ մյուս դեմքը, որին անդրադարձել ենք, պրոդյուսեր, սցենարիստ, հաղորդավար Սարգիս Մնոյանն է, որին հեռուստադիտողները կարող են հիշել, օրինակ, «Բարի ախորժակ» հաղորդաշարից: Մեր այն հարցին, թե ինչու վերջին շրջանում հանդես չի գալիս որպես հաղորդավար, Սարգիսը պատասխանեց, որ այդ մասին հատուկ չի էլ մտածում, քանի որ հաղորդավարությանը երբեւէ չի վերաբերվել որպես հիմնական գործի` միաժամանակ հավելելով, որ հնարավոր է` էլի հայտնվի էկրանին: «Պարզապես հեռուստատեսությունում աշխատելու առաջարկը պետք է լինի հետաքրքիր, շատ ժամանակ չխլի, համապատասխանի իմ գաղափարներին: Եղել են առաջարկներ, որոնք մերժել եմ հենց այս պայմաններից մեկի կամ մի քանիսի բացակայության պատճառով»,-ընդգծեց նա:
Սարգիս Մնոյանին ոմանք հիշում են նաեւ որպես երգիչ, շատերին տպավորել է հատկապես որդու հետ համատեղ նրա տեսահոլովակը: Մենք հարցրինք` հնարավո՞ր է արդյոք, որ Սարգիսն էլի երգի, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես ունեմ ձայնագրած եւ չձայնագրած երգեր, բայց դրանց գործը չի հասնում: Նույնիսկ ռադիոեթեր չտվեցի պատրաստի երգը, էլ ուր մնաց` տեսահոլովակ թողարկելու մասին մտածեմ»,- եզրափակեց Սարգիսը` շնորհակալություն հայտնելով նրանց, ովքեր դեռ հիշում են իրեն:

 

 

 

 
«ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՄ ՀԱՍՑՆՈՒՄ, ԻՆՔՍ ԷԼ ՉԳԻՏԵՄ…»

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը երկրորդ երեխայի ծնունդից անմիջապես հետո վերադարձավ ասպարեզ: Նա «Ժողովուրդ»-ին պատմել է, թե ինչպես է կարողանում հաջողությամբ համատեղել դերասանական կարիերան երեխայի խնամքի հետ:

-Սաթենի՛կ, Ձեր երկրորդ բալիկի ծնունդից հետո, կարելի է ասել, ռեկորդային արագությամբ վերադարձաք եթեր. ստեղծագործական դադարը մեկ ամիս էլ չտեւեց: Ինչպե՞ս դա ստացվեց:
-Այո՛, երեխաս բացարձակ չազդեց դերասանական կարիերայիս վրա: Իմ դեպքում միշտ այդպես է եղել. երբ հղի էի իմ առաջնեկով, նկարահանվում էի սերիալում: Նույնը տեղի ունեցավ դստերս պարագայում: Նրա ծնվելուց հետո էլ անմիջապես վերադարձա ասպարեզ: Թե ինչպես եմ այս ամենը հասցնում, ինքս էլ չգիտեմ…
-Այդքան հագեցած առօրյայում Ձեր որդին օգնո՞ւմ է Ձեզ:
-Այո՛, մեծ բալիկս ինձ շատ է օգնում, իր քրոջն էլ շատ է սիրում, երբ օտար մարդիկ մոտենում, սիրում են, անմիջապես խանդում է, ասում է` Լյուսին միայն իմն է: Նա կարող է ժամերով օրորել քրոջը, իսկ ես այդ ընթացքում քնում եմ. իսկապես հրաշալի է նման օգնական ունենալը…
-«Անցյալի ստվերները» սերիալում հանդես եկաք չար կնոջ դերում: Վերջինս այնքան էր տարբերվում նախկինում Ձեր մարմնավորած մյուս կերպարներից, որ ոմանք չէին հաշտվում դրա հետ: Նման կտրուկ կերպարային փոփոխություն էլի ակնկալե՞նք:
-Այդ շրջանում ով ինձ տեսնում էր, ասում էր` դու էդքան նուրբ աղջիկ ես, ոնց ես կարողանում նման չար կնոջ դեր խաղալ: Կարծում եմ` էլի կլինեն դրսեւորվելու նման հնարավորություններ, համենայն դեպս, ես շատ եմ սիրում ինձ փորձել նման ընդգծված կերպարներում:
-Ձեզ միանգամից հաջողվեց նոր առաջարկներ ստանալ: Հիմա սերիալներից, գեղարվեստական ֆիլմերից , թատրոնից ի՞նչ հրավերներ ունեք:
-Արդեն նկարահանվել եմ Դավիթ Բաբախանյանի «Հյուսիս-հարավ» ֆիլմում, «Որոգայթ» սերիալը վերածվել է լիամետրաժ ֆիլմի. այնտեղ եւս խաղացել եմ մեկ դրվագում: Արման Մարությանից կատակերգությունում նկարահանվելու առաջարկ ունեմ: Հրավեր եմ ստացել նաեւ նկարահանվելու նոր գեղարվեստական ֆիլմում, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է. այն մանկական արկածային կատակերգություն է, ֆիլմի հասույթը պետք է օգտագործվի բարեգործական նպատակներով: Նկարահանվել եմ նաեւ Մոսկվայում, մեկ այլ ֆիլմում, սակայն այդ մասին փակագծերը դեռ չեմ բացի: Ընդգրկված եմ նաեւ Հ. Պարոնյանի անվան թատրոնի մի ներկայացման մեջ. պրեմիերան, կարծում եմ, կլինի աշնանը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ Է ՍՏԱՑԵԼ
Կանադահայ օպերային երգչուհի, հանրահռչակ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանն արժանացել է Կանադայի Wilfrid Laurier համալսարանի բանասիրական գիտությունների պատվավոր դոկտորի կոչման: Երգչուհին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել իրեն նման պատվի արժանացնելու համար: «Պահեր, որոնք ես երբեք չեմ մոռանա»,-գրել է երգչուհին եւ իր ճառից փոքրիկ հատված ավելացրել, որում խորհուրդ է տալիս բարություն անել մյուսներին, լսել ներքին ձայնը:
Հիշեցնենք, որ Իզաբել Բայրաքդարյանը ծնվել է Լիբանանում, հայկական ընտանիքում: Ելույթ է ունեցել աշխարհի հեղինակավոր բեմերում: Առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` «Մատանիների տիրակալը» ֆիլմի երգի համար: Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի սաունդթրեքում եւս հնչում է Բայրաքդարյանի ձայնը:

 

ՄԻԼԻՈՆԱՏԵՐ ՍԻՐԵԿԱՆ ՈՒՆԻ
Հայտնի աստղ Փերիս Հիլթոնը միլիոնատեր սիրեկան ունի: Հիլթոնին շքեղ զբոսանավի վրա «բռնեցրել են» գործարար, միլիոնատեր Թոմաս Գրոսի հետ: TMZ-ի փոխանցմամբ` Թոմասի ունեցվածքը կազմում է 200 միլիոն դոլար: «Նրանք հանդիպել են Կաննի փառատոնի օրերին եւ դրանից հետո միշտ միասին են ժամանակ անցկացնում: Թոմասն արդեն ծանոթացել է Փերիսի ընտանիքի հետ, իսկ Հիլթոնին հաճելի է, թե նա որքան ցանկալի է Գրոսի համար»,-ասել է Հիլթոնին մոտ կանգնած աղբյուրը:

 

TWITTER-Ի ԱԶԴԵՑԻԿՆԵՐԸ
The Huffington Post-ը հրապարակել է Twitter-ում ամենաազդեցիկ կանանց լավագույն 100-յակը, որը գլխավորել է 42 միլիոն հետեւորդ ունեցող Բրիթնի Սփիրսը: Նշենք, որ այս ցուցակում ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զբաղեցրել է 9-րդ տեղը, իսկ քույրը` Քլոե Քարդաշյանը` 4-րդ: Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել ոչ միայն բաժանորդագրված օգտատերերի, այլեւ գրառումների թիվը, ինչպես նաեւ՝ այն ազդեցությունը, որն աստղերը թողնում են երկրպագուների վրա: Երկրորդ տեղը զբաղեցրել է Արիանա Գրանդեն, որը 78 հազար ռեթվիթ է կատարել եւ ակտիվորեն քննարկել գենդերային անհավասարության հարցը: Երրորդ հորիզոնականում հայտնվել է Նիքի Մինաժը, որն իր առօրյայի ամեն մանրամաս հանրայնացնում է Twitter-ի միջոցով: Լավագույն տասնյակում հայտնվել են նաեւ Իգի Ազալիան, Լեդի Գագան, Բելա Թորնը, Էլեն Դեջեներեսը եւ Օփրա Ունֆրին:




Լրահոս