ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԿԱՆՉԵԼ ԵՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին նոյեմբերի 19-ին կրկին հրավիրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: Civilnet.am-ի փոխանցմամբ՝ նախկին արտգործնախարարին հրավիրել էին՝ ծանոթանալու գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքներին, սակայն Օսկանյանը հրաժարվել է անել դա՝ պատճառաբանելով, որ դրանք իր գործին չեն վերաբերում։

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԳՆԱ ԱԺ
Ազգային Ժողովի՝ նոյեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անհետաձգելի գործեր չունենալու դեպքում ներկա կգտնվի։ Այդ մասին Լուրեր.com-ին ասել է Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։

ԵՐԵՎԱՆԸ ԹՈՂԱԾ…
Ռոբերտ Քոչարյանի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում հերքել է լուրերն այն մասին, որ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արտերկրում. «Այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռ. Քոչարյանը Կանադայում էր: Թերեւս կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ. իսկ ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը եւ Ս. Սարգսյանը, Երեւանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման եւ դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը»:

ԿԼԻՆԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը NEWS.am-ին հայտնել է, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարելիք այցի շրջանակում կլինեն նաեւ Արցախում. «Այսպիսի հանդիպումներն արդեն դարձել են ավանդական, եւ չեմ կարծում, որ այս անգամ ձեւաչափը կփոխվի»:

ՆՈՍՏԱԼԳԻԿ ՀՈՒՇԵՐ
Անդրադառնալով վերջերս ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հեգնական դիտարկմանը, թե ամբողջ հասարակությունը եւ սփյուռքը լարված սպասում են, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը որ ժամին եւ երբ պետք է հայտնի իր առաջադրման մասին, ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն «Առավոտ»-ին ասել է. «Հա՛, սպասում են, որ այս իշխանությունը հրաժարական տա, տանել չեն կարողանում այս իշխանությանը»: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին անտառի ամենապարծենկոտ կենդանու՝ նապաստակի հետ Գ. Սահակյանի համեմատությանը, Խաչատրյանը հակադարձել է. «Ինձ համար Գալուստ Սահակյանը մնացել է Գալուստ Սահակյան՝ 90-ականների, երբ իմ ենթական էր»:

ԲՈՂՈՔ
«Տաշիր» առեւտրի կենտրոնի աշխատողները դժգոհում են, որ տնօրինությունը որոշել է հանել ամսվա միակ հանգստյան օրը եւ աշխատանքային ժամերը 10:00-20:00-ի փոխարեն դարձնել 10:00-21:00: «Մեզ ստրուկի տեղ են դրել եւ բանեցնում են: Հերիք չէ ընդամենը մեկ օր էինք ազատ, հիմա ուզում են դրանից էլ զրկել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է  «Տաշիր»-ի աշխատողներից մեկը:

«ԴՐԱՅՎԸ» ԳՆԱՀԱՏՎԵՑ
Նոյեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ ռազմավարական զարգացման հարցերով: «Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է ՌԴ տարածքում բնական գազի իրացմամբ: Կ. Կարապետյանը պահպանել է նաեւ «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011թ. դեկտեմբերից:




Լրահոս