ՀՐԱՄԿԱԶՄԸ` ՓԱԿԱՉՔ, ԶԻՆՎՈՐԸ` ԱՆԱՌՈՂՋ…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ զինվորներն անցնում են ծառայության, նրանք գտնվում են պետության պաշտպանության տակ: Նրանց կյանքը, առողջությունը, պատիվն ու արժանապատվությունը պահպանվում են օրենքով: Բայց Հայաստանում, ցավոք, օրենքները միշտ չէ, որ կյանքի են կոչվում:
Ընդհանուր վիճակի մասին մոտավոր պատկերացում ունենալու համար անանուն հարցումներ արեցինք զինծառայողների շրջանում եւ ուսումնասիրեցինք որոշ քրեական գործեր` պարզելու բանակում մարդու իրավունքների խախտումների բնույթը, առողջության իրավունքի խախտման դեպքերը եւ պաշտոնյաների պատասխանատվության աստիճանը:
Սկսենք Երեմ Ն.-ի դեմ հարուցված քրգործից: Նա, լինելով շարքային, ս.թ. մարտ ամսին հենակետի գետնատնակում անհարկի լիցքավորել է իրեն ամրակցված ինքնաձիգը եւ պատահաբար դիպել զենքի ձգանին: Առաջացած կրակոցից նռնականետորդ Վահագն Ս.-ին պատճառվել է կյանքին սպառնացող առողջության ծանր վնաս: Երեմ Ն.-ին մեղադրանք է առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս: Դատարանը նրան դատապարտել է 1 տարվա պայմանական ազատազրկման:    
Մեկ այլ քրգործով կապիտան Գարիկ Կ.-ն, լինելով մարտական հենակետի պատասխանատու, 2012թ. հուլիսին դիտախորշում ծեծել է իրեն ենթակա սերժանտ Գրիգոր Տ.-ին` նրան պատճառելով մարմնական վնասվածքներ: Իսկ պատճառը եղել է սերժանտի` սաղավարտ չկրելը, որի առիթով կապիտանը դիտողություն է ստացել իր վերադասից: Կապիտանին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության համար: Այս դեպքում, փաստորեն, սպան մարտական հերթապահության կանոնը խախտած սերժանտին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փոխարեն հանցանք է «կատարել»: Այսինքն՝ չի գործել կարգապահական տույժի օրինական մեխանիզմը:     
Նկատենք, որ միեւնույն զորամասում կատարված այս 2 դեպքերում էլ հենակետերի պատասխանատուների զգոնությունը թույլ է եղել կամ չի եղել: Հակառակ դեպքում կապիտանը շատ ավելի շուտ կնկատեր անսաղավարտ զինվորին ու հենակետ այցելող վերադասին եւ «զգաստ» հրաման կտար իր ենթականերին: Իսկ մյուս դեպքում հենակետի պատասխանատուն կհասցներ կանխել զենքի` անհարկի լիցքավորումն ու կրակոցը: Ուշագրավն այն է, որ հենակետերում անզգույշ կրակոցներ հաճախ են լինում, եւ, չգիտես ինչու, զենքի փողերն ուղղված են լինում համածառայակիցների վրա: Սա լուրջ ուսումնասիրության նյութ է…
Բայց կան նաեւ օրինակելի սպաներ, որոնց պարտականությունների կատարմանը խոչընդոտող այլ հանգամանքներ կան: Ռազմական ակադեմիան գերազանցությամբ ավարտած սպան` Գուրգենը (անունը փոխված է), որը վերջերս է կասեցրել ծառայությունը` իր նկատմամբ անարդար վերաբերմունքի պատճառով, ներկայացնում է նախկինում առկա իրավիճակը: Նրա խոսքով՝ զորակոչի կազմակերպման վայրերից սկսած` աչքաթող են անում հիվանդ զինակոչիկներին եւ ուղարկում բանակ: Մինչդեռ կա՛մ պետք է չուղարկեն, կա՛մ բուժեն, հետո ուղարկեն: «Հիվանդ զինվորը մտնում է զորամաս ու համարվում «առողջ», սակայն պատասխանատվությունն արդեն ընկնում է սպայի ուսերի վրա»,-պատմում է Գուրգենը` նշելով, թե ինչ է սպասվում զինակոչիկին զորամաս մտնելուց հետո: Սպան պետք է 40 օր հետեւողականորեն աշխատի զինվորի հետ, մեծացնի նրա ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, որպեսզի մնացած 2 տարին ավելի հեշտ անցնի: Բայց երբ հիվանդ զինվորը չի կարողանում հանձնարարությունը կատարել, խնդիր է առաջանում:
Գուրգենը նկարագրում է մի հիվանդ ու լռակյաց զինվորի վիճակը, ում տույժ է տվել, սակայն հետո զգացել, որ դա ճիշտ չէ. «…Շարային հրապարակում վազացնում եմ, բայց էդ ընթացքում զգում եմ` արդեն լացելով ա վազում: Կանգնեցնում եմ, հարցնում եմ, ասում ա` մեջքս ա ցավում: Բացում եմ, տեսնում եմ` մեջքը ծուռ ա: Ակնհայտ ա երեւում… Ես ներկայացրել եմ, զեկուցել եմ, բայց ոչ մի արդյունք չի եղել: Ես իրան էլ չեմ վազեցրել, արդեն իրա հանդեպ մի քիչ ուշադիր էի, որովհետեւ եթե իր հետ մի բան լինի, իմ վրա ա պատասխանատվությունը»: Սակայն, ըստ Գուրգենի, եղել են դեպքեր, երբ հիվանդ զինվորին տույժի չենթարկելու համար իրեն են պատժել: Եղել են նաեւ դեպքեր, երբ հիվանդին զորամասից ուղարկել են հոսպիտալ` կրկնակի բուժզննման, սակայն ստուգել ու նորից ուղարկել են շարային ծառայության. «…Մեզ մոտ կային, որ դիրքեր դուրս էին գալիս, բայց հենակետեր դուրս չէին գալիս: Եթե անձնակազմը չէր հերիքացնում, նոր գալիս կանգնում էին, բայց տենց իրավունք էլ չկար` իրանք զենքով ծառայություն չպիտի տանեին: Հոգեպես ոչ կայուն վիճակ էր իրենց մոտ»:
Այս դեպքում էլ, փաստորեն, հրամանատարական մի օղակը գործել է, մյուսները՝ ոչ, որոնց անգործության պատճառով էլ խախտվել է զինվորի առողջության իրավունքը:
Վերջում նշենք, որ այս խնդիրներն այնքան էին արմատավորվել բանակում, որ զորահավաքի պատասխանատու որոշ պաշտոնյաներ վերջերս ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, իսկ ոմանց մեղադրանք առաջադրվեց: Սակայն հավատալ, որ դրանից հետո ամեն ինչ միանգամից կփոխվի, առնվազն միամտություն է, քանի որ որոշ հրամանատարներ ուղղակի ի վիճակի չեն միանգամից փոխվել, մանավանդ եթե բարձրաստիճան պաշտոնյաների մեջ ունեն անպատիժ հովանավորներ: Սա եւս շատ լուրջ խնդիր է` բանակում զինվորի առողջության  իրավունքը պաշտպանելու ճանապարհին:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս