«Համով-հոտով Երևան» խորագրով փառատոն «Երևանյան ամառ – 2015» -ի շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում հունիսի 13-ին Թումանյանի անվան այգում կանցկացվի «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների փառատոնը` «Համով-հոտով Երևան» խորագրով: Այս և փառատոնին վերաբերող այլ մանրամասներ են ներկայացրել «Արմենպրես» լրատվական գործակալության սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Փառատոնի նպատակն է հանրությանը, այդ թվում նաև Երևան այցելած հյուրերին ծանոթացնել հայկական ավանդական տոնածիսական ուտեստների հարուստ ընտրանուն՝ դրանով իսկ նոր կյանք տալով հայոց տոնածիսական մոռացված կամ առավել հազվադեպ պատրաստվող կերակրատեսակներին։ Առանձին տաղավարներով փառատոնին կներկայացվեն հայկական ազգային ու եկեղեցական 13 տոների ավանդական ուտեստներն ու տոների ծիսական ավանդույթները։

«Արդեն երրորդ տարին մայրաքաղաքում անցկացվող «Երևանյան ամառ» ծրագիրը հագեցած է տարաբնույթ միջոցառումներով և փառատոներով: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ հետ կազմակերպվող փառատոնը առիթ է՝ մեկ անգամ ևս անդրադարձ կատարելու մեր արմատներին և աշխարհին ներկայացնելու հայկական հնագույն մշակութային և խոհանոցային ժառանգությունը:

Միջոցառումը կլրացվի համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգի-պարի համույթները, կլինեն նաև արհեստագործական տաղավարներ»,-տեղեկացրել է Կամո Մովսեսյանը:

Կարևորելով ազգային խոհանոցի ավանդույթների վերականգնումն ու այն հանրությանը ներկայացնելը՝ Սեդրակ Մամուլյանը նշել է, որ փառատոնի կազմակերպումը նաև պատասխանատու առաքելություն է:

«7-րդ անգամ անցկացվելիք փառատոնն այս տարի քաղաքապետարանի հետ աշխատանքի շնորհիվ միանգամայն կտարբերվի նախորդներից ու կառանձնանա իր մասշտաբայնությամբ: Մեզ համար այն տարվա կարևորագույն և պատասխանատու միջոցառումն է, որին կմասնակցեն հայկական խոհանոցը ներկայացնող կազմակերպություններ՝ թոնրատներ, ռեստորաններ, արհեստագործական քոլեջներ, հասարակական կազմակերպություններ»,-նշել է Սեդրակ Մամուլյանը:

Անդրադառնալով փառատոնի միջոցով Երևանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրության աճին՝ Մարիա Բարաղամյանն ընդգծել է, որ վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանը որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացման ուղին և դրանից ելնելով էլ մշտապես նմանօրինակ նախաձեռնությունների աջակիցն է: Նշվել է նաև, որ զբոսաշրջային ընկերությունների հետ համագործակցության շրջանակում փառատոնի մասնակից կդառնան նաև Երևանում իրենց հանգիստն անցկացնող զբոսաշրջիկները:

«Յուրաքանչյուր ազգի մշակութային կարևոր այցեքարտ է հանդիսանում ազգային խոհանոցը, և չկա մի զբոսաշրջիկ, որին չհետաքրքրի այցելած երկրի խոհանոցը: Փառատոնի անցկացումն այս տեսակյունից ևս մեկ լավ հնարավորություն է՝ Երևանը ներկայացնելու որպես միջոցառումային ու փառատոնային մայրաքաղաք: Անշուշտ, մեր գլխավոր նպատակն է մայրաքաղաքն ավելի հետաքրքիր դարձնել ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար: Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա լինելու քաղաքային այս գեղեցիկ տոնախմբությանը»,-ընդգծել է տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

Հյուրասիրությունից բացի, ներկայացված կերակրատեսակները նաև կվաՃառվեն խորհրդանշական արժեքով: «Համով–հոտով Երևան» խորագիրը կրող «Հացը լեռներում» փառատոնը կմեկնարկի ժամը 16:00-ին և կշարունակվի մինչև 20:00-ն:




Լրահոս