Նոյեմբերի 19-ին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ջրծաղկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործի դատաքննությունը:
Ցուցմունք տվեց Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ավագ օրդինատոր, վկա Սեւակ Շահբազյանը: Մինչ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելը (որտեղ 2011-ի դեկտեմբերի 30-ին հիվանդը մահացել էր) Հայկը 23 ժամ գտնվել է Ս. Շահբազյանի հսկողության տակ: Ինչո՞ւ է այդ բաժանմունքը հապաղել զինվորի կյանքը փրկելիս: Հիվանդ զինվորին զննելուց հետո վարակաբանը գրել է՝ անհապաղ տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց: Սակայն հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքը կասեցրել է տեղափոխումը: Երեկ դատարանը փորձում էր բաժանմունքի օրդինատոր Ս. Շահբազյանից պարզել, թե ինչու են կասեցրել զինվորի տեղափոխումը, ինչպիսին է եղել վիրաբուժական բաժանմունքի եւ կոնկրետ Ս. Շահբազյանի աշխատանքի օգտակար գործողության գործակիցը 23 ժամվա ընթացքում: Վկան հայտնեց, որ հիվանդի տեղափոխումը կասեցնելու պատճառը եղել է կույրաղիքի բորբոքման կասկածը: Իսկ ինքը առավոտյան ժամը 10-ից մինչեւ երեկոյան 10-ը 3 անգամ զննել է զինվորին, դրանից հետո՝ մինչեւ առավոտ, նրան չի այցելել, իսկ ՕԳԳ-ն եղել է «դինամիկ հսկողությունը»: Վկան ասաց, որ այդ հսկողության ժամանակ ինքը վիճակի փոփոխություն չի արձանագրել: Տուժողի հայրը բորբոքվեց՝ նշելով. «Էրեխեն ամբողջ գիշեր ցնցվել ա ցավերից: Եթե դինամիկ հսկողություն լիներ, կփրկվեր»:
Ըստ վկայի՝ ինքը բաժանմունքի պետի հանձնարարությունն է կատարել, զննել է եւ եկել այն եզրահանգման, որ սուր վիրահատական պաթոլոգիա չկա, անհրաժեշտության դեպքում պետք է անցկացվի վիրաբույժի կրկնակի կոնսուլտացիա: Վկային հարցրին, թե ինչու ապենդիքսի կասկածը ժխտելու մասին գրառում չեն արել ու նշել, որ իրենք այս հիվանդի հետ այլեւս անելիք չունեն, եւ նրանով պետք է զբաղվի գործով անցնող ամբաստանյալ Մինաս Մկրտչյանի վիրաբուժական բաժանմունքը: Ս. Շահբազյանը պատասխանեց. վերջնական ժխտման համար պետք էր գաստրոսկոպիա անել, որը պետք է նշանակեր թերապեւտը, իսկ ժխտման վերջնական եզրակացությունը պետք է տար իր վերադաս, վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գրիգորյանը: Ու թեեւ վերջինս եւ Ս. Շահբազյանը նշեցին, որ քրգործում կա «ապենդիքսը ժխտելու» մասին գրություն, սակայն ո՛չ այն գրող Վ. Գրիգորյանը, ո՛չ էլ վկան չկարողացան կարդալ այդ գրությունը:
Խոսվեց «դինամիկ հսկողության» անարդյունավետության մասին, թե ինչպես է վկան հսկել, եթե մի ամբողջ գիշեր չի այցելել զինվորին, եւ նա որքան պետք է մնար այդ ցնցումների մեջ, մինչեւ ժխտվեր կամ հաստատվեր ապենդիքսի վարկածը: Վկան ասաց, որ դա կարող է 3 օր տեւել, կարող է ժխտումից հետո վիճակը բարդանալ… Այդուհանդերձ, առավոտյան վիրաբուժականի բժիշկն է զննել զինվորին, եւ նրան գաստրոսկոպիկ հետազոտության են ենթարկել: Երբ սարքը մտցրել են Հայկի կերակրափողի մեջ, վկան առաջին անգամ է այդ չափի բշտիկներ տեսել… Ս. Շահբազյանի խոսքով՝ եթե «ամբողջ հոսպիտալն էլ մնար (հերթապահության), Հ. Խաչատրյանի վիճակը չէր փոխվի»:
ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻՆ ՇՓՈԹԵ՞Լ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ