Գերնպատակը մահացության կրճատումն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում է գտնվում Առողջապահության համաշխարահային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի թիմը` ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և կառավարման արդյունքների բարելավման առումով առողջապահական համակարգի մարտահրավերներն ու հնարավորությունները գնահատելու առաքելությամբ։ Փորձագետներն այսօր ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացրեցին մեկ շաբաթվա աշխատանքի արդյունքում ի մի բերված նախնական տպավորությունները։

ԱՀԿ թիմի անդամ Ջիլ Ֆարինգթոնը նշեց, որ Հայաստանում հիվանդացության ու մահացության հիմնական պատճառները սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը և շաքարային դիաբետն են, որոնց հաղթահարման ուղղությամբ արդեն իսկ մշակվել և իրականացվում են ռազմավարական ծրագրեր։ Իսկ այդ հիվանդությունների ռիսկի հիմնական գործոններն են ծխելու շատ մեծ տարածվածությունը հատկապես տղամարդկանց շրջանում (եվրոպական տարածաշրջանում ամենաբարձրը), անառողջ սնունդը, ճարպակալումը, նստակյաց կենսակերպը։

Նշվեց, որ Հայաստանը պարտավորվել է մինչև 2025 թվականը 25%-ով կրճատել ՈՎՀ-ից վաղաժամ մահացությունը` անդրադառնալով այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև գլոբալ նպատակին հասնելուն խոչընդոտող ռիսկի գործոններին։ Նպատակներից առանձնացվեցին նաև զարկերակային գերճնշման, ծխախոտի օգտագործման, թերակտիվության տարածվածության և ալկոհոլի չարաշահման տարածվածության կրճատումը և այլն։

Ռիսկի առկա բարձր գործոնների պայմաններում կարևորվեցին կանխարգելիչ ծրագրերը։

«Հիվանդությունների կանխարգելումն առողջության առաջնային օղակում, այդ ուղղությամբ երկրում իրականացվող ծրագրերը կարող են օժանդակել գլոբալ նպատակներին հասնելուն»,-ասաց ԱՀԿ փորձագետ Աննա Կորոտկովան։
Մտահոգություն հայտնվեց, որ թեև սրտանոթային հիվանդություններով պայմանավորված մահացության ցուցանիշը Հայաստանում ավելի ցածր է, քան հետխորհրդային շատ երկրներում, սակայն շարունակում է բարձր մնալ եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշից։

Գնահատման նպատակով ԱՀԿ թիմը ուսումնասիրություններ է կատարել Երևանի, ինչպես նաև Արագածոտնի և Արարատի մարզերի բժշկական կազմակերպություններում` առաջնորդվելով համակարգված մոտեցումներով։ Արդյունքները հնարավորություն են տվել պատկերացում կազմել ղեկավարման, առաջնային օղակում հիվանդություների կանխարգելման, բուժօգնության որակի ապահովման և առողջապահության ֆինանսավորման ոլորտներում իրականացվող ծրագրերի, դրանցից ակնկալվող արդյունքների, ինչպես նաև առկա խնդիրների մասին։

Ընդգծվեց, որ ՈՎՀ-ը գերակա խնդիր է և պայմանավորված է երկրի տնտեսական աճով: Այս ենթատեքստում կարևորվեցին հանրային առողջապահական ծառայությունների ինքնագնահատման նախաձեռնությունը, հանրային առողջապահության ռազմավարության առկայությունը, ինչպես նաև առողջապահության համակարգի կատարողականի գնահատման հաշվետվությունների օգտագործումը քաղաքականություն մշակողների կողմից:

Նրանք անդրադարձան նաև սկրինինգային ծրագրերի արդյունավետության բարձրացման, բուժօգնության որակի ապահովման, միասնական սոցիալական ապահովագրության համակարգի աստիճանական ձևավորման, միջին բուժանձնակազմի դերի բարձրացման, առողջապահության ֆինանսավորման և այլ ոլորտներում առկա ձեռքբերումներին ու խնդիրներինը։ ԱՀԿ թիմը նշեց, որ Հայաստանում ցածր է առողջապահական ծախսերի մակարդակը։ Եվրոպական տարածաշրջանում այն գրավում է վերջին տեղը։ Մինչդեռ բժշկական ծառայությունների որակի և մատչելիության ապահովումը մեծապես պայմանավորված է ֆինանսավորումից։

ԱՀԿ թիմը ՀՀ առողջապահության նախարարության ստորաբաժանումների ղեկավարներին և ներկայացուցիչներին ներկայացրեցին, թե ինչ քայլեր են անհրաժեշտ առողջապահական կարևոր ցուցանիշների բարելաման համար։
«Սա մեր համատեղ աշխատանքի սկիզբն է։ Այսօր ներկայացված նախնական կարծիքների առթիվ ակնկալում ենք ձեր առաջարկներն ու մոտեցումները»,-ասաց Ջիլ Ֆարինգթոնը։ Նա նշեց, որ հաշվետվության նախնական տարբերակի մշակումը կավարտվի մինչև 2015թ. օգոստոսը։ Այնուհետև, հաշվի առնելով Հայաստանից ստացված մեկնաբանությունները և դիտողությունները, մինչև 2015թ. հոկտեմբեր կմշակվի հաշվետվության վերջնական տարբերակը։

Մեկ շաբաթվա ընթացքում կատարած մեծածավալ և կարևոր աշխատանքի համար ԱՀԿ թիմին շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱՆ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ Սամվել Սողոմոնյանը։




Լրահոս