ԱԺ-ում էլէներգիայի սակագնի բարձրացման հարցով հրավիրված լսումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը վրդովված ասաց. «Բիբինը ոնց ծախսել ա, թող տանի փակի: Իսկականից հերիք ա թալանեք»:
Փաշինյանը ներկայացրեց որոշակի տվյալներ, որոնց համաձայն սակագինը բարձրացնելով, կկարողանանք փոխհատուցել ՀԷՑ-ի 37 մլրդ պարտքի միայն 23 մլրդ-ը. «Մեր այս սակագինը բարձրացնելով` ընդամենը կարողանում ենք մարել այդ կուտակված պարտքի 23 միլիարդը, բա էդ դեպքում 14 միլիարդը ո՞նց պետք է փակենք: Պարզվում է, որ այդ 14 միլիարդն արդեն փոխհատուցվել է անցած տարվա և նախանցյալ տարվա սակագնի բարձրացման հաշվին: Այսինքն` այս 23 միլիարդի փոխհատուցումը մենք կարող ենք ներկա սակագնով անել երկու տարվա ընդացքում, մանավանդ, որ այդ փոխհատուցումը կարող ենք կատարել երեք տարվա ընթացքում»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով`մենք ժամանակի մեջ տեղավորվելու խնդիր չունենք և պարզ է դառնում, որ սակագինը բարձրանում է մի պարզ պատճառով՝ ՀԷՑ-ը պարտք է արտադրողներին և փող չունի. «Փող չունի, որովհետև Բիբինը, ըստ տեղեկությունների, 60 հազար դոլար աշխատավարձ է ստանում, շռայլություններ է անում: Եթե Բիբինը իրեն ճոխություններ թույլ չտար, «Լեքսուսներ» չգներ, այս խնդիրները չէին լինի»: