ՔՈՒՅՐԸ ՍՊԱՆԵԼ Է ՀԱՐԱԶԱՏ ԵՂԲՈՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընտանիքն ապրում էր նպաստի հույսին

Նոյեմբերի 18-ին՝ ժ. 21:13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Վանաձորի Նարեկացի փողոցում: 38-ամյա Տարոնուհի Ավետիսյանը վիճաբանության ժամանակ սեփական բնակարանում խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է եղբորը՝ 45-ամյա Գարեգին Ավետիսյանին եւ սպանել նրան:
Նշենք, որ դեպքի առթիվ ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգ է ստացվել Տարոնուհի Ավետիսյանից, որը հայտնել է, որ ինքը մարդ է սպանել իրենց տանը: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժ. 20:45-ի սահմաններում, տանը վիճաբանության ժամանակ Տ. Ավետիսյանը խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է եղբոր՝ Գ. Ավետիսյանի կրծքավանդակին եւ սպանել նրան: Տ. Ավետիսյանը ձերբակալված է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը նշեց, որ անձամբ ընտանիքին չի ճանաչում, բայց տեղեկություններ ունի, որ ընտանիքի անդամները շատ անհաշտ են եղել միմյանց հետ. «Գիտեմ, որ սպանվածը` Գարեգին Ավետիսյանը, ամուսնացած էր, բայց երեխաներ չուներ, իսկ քրոջ մասին ոչինչ չեմ լսել: Կոնկրետ թե ինչի հիման վրա է քույրը սպանել եղբորը, չեմ կարող ասել, բայց, որքանով տեղյակ եմ, բնակարանի բաժանման խնդիր է եղել նրանց մեջ»:
Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Ավետիսյանների ընտանիքում ապրել են երկու եղբայրը` Նարեկ եւ Գարեգին Ավետիսյանները, քույրը` Տարոնուհի Ավետիսյանը, եւ նրանց մայրը: Երկու եղբայրները նոր են վերադարձել կալանավայրից: Բնակիչներից մեկը (բնակիչների անունները հարգելի պատճառներով չենք հրապարակում) հայտնեց, որ Գարեգինը 15 տարի ազատազրկված է եղել, իսկ թե ինչ հանցագործություն է կատարել, չկարողացավ ասել:
«15 տարի բանտում նստողը ուրեմն այնպիսի մի հանցանք է գործել, որ այդքան տարի բանտում է անցկացրել, չգիտեմ՝ ինչ հանցանք է, բայց բոլորը գիտեն, որ նա 15 տարի բանտում է անցկացրել: Տարոնուհին էլ ամուսնացած չէր: Ոչ մի վատ բան չեմ լսել նրա մասին, բայց որ իրենց ընտանիքում միշտ վեճեր էին, հաստատ է, շատ անհաշտ էին ապրում»,-ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ ընտանեկան վեճերի հետ կապված՝ ոստիկանությունը բազմիցս է եկել Ավետիսյանների բնակարան: Տեղեկացանք նաեւ, որ ընտանիքի հայրը 10 տարի առաջ կախվելու միջոցով ինքնասպան է եղել, ու ընտանիքում հետագայում այսպիսի անհաշտություններ ու վեճեր են եղել:
«Տանը աշխատողներ չկային: Փոքր տղան՝ Նարեկը, աշխատանքի հետ ընդհանրապես սեր չունի, չի սիրում աշխատել: Գարեգինն էլ թոքախտ ու մի շարք այլ հիվանդություններ ուներ: Մի խոսքով, ընտանիքն ապրում էր մի նպաստի հույսին»,-ասաց մեկ այլ բնակիչ:

Փաստաբանին սպանել են

Նախօրեին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Լոռու մարզի Շահումյան համայնքի տարածքում գտնվող «Մուշ» ռեստորանում սպանվել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, երեւանաբնակ 49-ամյա Սամվել Շարբաթյանը: Նախկինում նա քննիչ է եղել: Շարբաթյանի դիակի վրա եղել են բռնության բազմաթիվ հետքեր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով): Կատարվում է նախաքննություն:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում վանաձորցիները տեղեկացրին, որ սպանված փաստաբանն իր ընկերների հետ այդ օրը գնացել է Վանաձոր` հոգեհանգստի արարողության մասնակցելու: Այնուհետեւ երեկոյան նրանք ընկերներով գնացել են տարածքում գտնվող «Մուշ» ռեստորան: Նրանց հարեւան սեղանակիցները, որոնք վանաձորցի են եղել եւ ալկոհոլի ազդեցության տակ, սկսել են կռիվ հրահրել: Սկսվել է վիճաբանություն, որը վերածվել է  ծեծկռտուքի, ինչի արդյունքում դաժանաբար ծեծվելով` սպանվել է փաստաբան Շարբաթյանը:
Սակայն բլոգեր Իզաբելլա Աբգարյանը տեղի ունեցածի կապակցությամբ իր ֆեյսբուքյան պատին գրել է. «Փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության կապակցությամբ խնդրում եմ լրատվականներին դադարեցնել չստուգված, սխալ տեղեկատվություն տարածելը: Դանակահարություն չի եղել, եղել են կրակոցներ: Անտեղի շահարկումներ էլ մի՛ արեք: Նա գնացել էր քրոջ դստերը նեղացնող երիտասարդների հետ խոսելու: Այսքանը: Խորին ցավակցություններս ընտանիքին… Խոսք չեմ գտնում…»:
Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը լավ է ճանաչել Ս. Շարբաթյանին, քանի որ նրանք մի համակարգում են աշխատել: «Հինգ հոգով ժամը 22:00-ից եկել են, հետո ինչ-որ ծեծկռտուք է եղել, որի արդյունքում հենց տեղում էլ նա մահացել է: Բայց ռեստորանը համայնքի հետ կապ չունի: Այն գտնվում է ոչ բնակելի տարածքում` մայրուղու վրա: Սա առաջին դեպքն է, որ տեղի է ունեցել այդ ռեստորանում: Ամբողջ Վանաձորը խոսում է Սամվելի մասին: Բայց ասեմ, որ շատ հարգված ու խելացի տղա էր: Երբեւէ ոչ մի վատ խոսք չեմ լսել նրա մասին»,-ներկայացրեց համայնքապետը: Նշենք, որ սպանված փաստաբանն ամուսնացած էր եւ ուներ երեք երեխա:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս