ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու քաղաքապետարանի վերջին տարիների գործունեության հետ կապված հերթական քրեական պատմությունն է ի հայտ եկել` այս անգամ աղբահանության ոլորտում կատարված չարաշահումների վերաբերյալ: Օրեր առաջ Շիրակի մարզի քննչական վարչությունը գրություն է ուղարկել Գյումրու քաղաքապետարան, որում նշված է. «Քաղաքապետարանի բյուջեի եւ եկամուտների հաշվառման բաժնի աշխատակիցները, օգտագործելով պաշտոնական դիրքը, խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով նախնական համաձայնությամբ 2006-2011թթ. ընթացքում Գյումրու բնակիչների եւ կազմակերպությունների հետ աղբահանության վերաբերյալ կնքված պայմանագրերում կատարելով կեղծիքներ, աղբահանության դիմաց հավաքագրված գումարները պակաս են ցույց տվել եւ բնակիչներից ու կազմակերպություններից հավաքագրած գումարների տարբերությունը համայնքի բյուջե չեն մուտքագրել, յուրացրել են՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս»: Փաստի առթիվ հոկտեմբերի 16-ին քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով (պաշտոնական դիրքի օգտագործմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերի յուրացումն ու վատնումը):
Շիրակի մարզի քննչական վարչության պետ Ալբերտ Երիցյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե ինչի հիման վրա է հարուցվել գործը, բայց հաստատեց, որ գործ կա հարուցված, ու այս պահին ստուգումներ են իրականացվում. «Փաստով հարուցվել է գործ, նախաքննությանը չվնասելու համար այլ մանրամասներ չեմ կարող ասել, ավելի լավ կլինի՝ մի քանի օր հետո դիմեք այս հարցով»:
Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ նաեւ քաղաքապետարանից, որտեղից եւս մեզ առաջարկեցին սպասել մինչ գործի քննության ավարտը: Նշենք, որ քննչական վարչությունը քաղաքապետարանից պահանջել է տրամադրել 2006թ. հունվարի 1-ից մինչեւ 2011թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի բազմաթիվ փաստաթղթերի պատճեններ, հաստիքացուցակներ, նաեւ դրամական օգնություն ստացած ընտանիքների ցուցակը, քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող եւ հաշվեկշռից հանված, օտարված տրանսպորտային միջոցների ցուցակները,  ինչպես նաեւ Գյումրիում աղբահանության ծառայության մատուցման պայմանագրերի պատճենները:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին քաղաքապետարանում ստուգումներ են իրականացնում նաեւ ՀՀ ֆինանսների նախարարությունից՝ պարզելու, թե ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացված գումարները: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ այս ստուգումներից հետո եւս գործեր հարուցվեն:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս