Լյուքսեմբուրգում կայացել է «Թվային տնտեսություն» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին Լյուքսեմբուրգում տեղի է ունեցել «Թվային տնտեսություն» խորագրով Արևելյան գործընկերության առաջին նախարարական համաժողովը: Համաժողովին մասնակցել են ԵՄ Արևելյան գործընկերության անդամ երկրների և ԵՄ անդամ 28 երկրների տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտը կարգավորող նախարարներ ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական կողմից միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն  Ճշմարիտյանը,  Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը, ԵՄ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը:

Համաժողովին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն  Ճշմարիտյանը հանդես է եկել ելույթով: Նախարարն իր ելույթում նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեծապես կարևորում է Հայաստանում թվային տնտեսության և ինովացիոն համակարգի զարգացումը` որպես ՀՀ տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման հիմնական գործոն: Նախարար Ճշմարիտյանը հայտնել է Հայաստանի կառավարության պատրաստակամությունը`  համագործակցելու ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների հետ` թվային տնտեսությունների ներդաշնակեցման ու ինտեգրման ուղղությամբ:

Նախարարը հավելել է, որ համաժողովը առանձնահատուկ հարթակ է թվային տնտեսությունների զարգացման ոլորտում առկա մարտահրավերների, հետագա զարգացման հնարավորությունների քննարկման և փորձի փոխանակման համար:

Նախարարական համաժողովի շրջանակում ընդունվել է Թվային տնտեսության վերաբերյալ հռչակագիրը, որի դրույթներն ուղղված են համախմբելու ԵՄ և Արևելյան գործընկերության անդամ երկրների համատեղ ջանքերը` թվային տնտեսության ոլորտում փոխգործակցության ապահովման նպատակով: Հռչակագրով, մասնավորապես, նախատեսվում է համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով` էլ. կառավարման ենթակառուցվածք, էլ. ծառայություններ (էլ. առողջապահություն, էլ. կրթություն, էլ. գնումներ, էլ. մաքսային համակարգ, էլ. հարկային համակարգ և այլն), կիբեռանվտանգություն, տվյալների գաղտնիության ապահովում և պաշտպանություն, անվտանգ էլ. նույնականացում, էլ. առևտուր, թվային կարողությունների զարգացում և այլն:

Համաժողովի ընթացքում ԵՀ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով Գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության տնօրեն Գերհարդ Շուման-Հիցլերը և «GEANT» ասոցիացիայի նախագահ Պիեռ Բրույեռը պայմանագիր են ստորագրել «[email protected]» ծրագրի վերաբերյալ:

Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ապահովել արդյունավետ վիրտուալ համագործակցություն արևմտյան գործընկերների շուրջ 2 միլիոն հետազոտողների և ուսանողների միջև` տարածաշրջանային և համաշխարհային նշանակության գիտական խնդիրների լուծման համար, վերացնել տարածաշրջանային վիրտուալ համագործակցության համար առկա տեխնիկական խոչընդոտները, աջակցել ժամանակակից գործիքների տրամադրմանը` Արևելյան Գործընկերության անդամ երկրներում բարձրորակ աշխատուժի պահպանման նպատակով, խթանել Արևելյան գործընկերության անդամ երկրներում ՏՏ կրթական և հետազոտական համակարգերի արդիականացմանն ուղղված ներդրումները:




Լրահոս