Երեկ Հայաստան է ժամանել Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը` մասնակցելու հունիսի 13-ին նախատեսված Հայաստան-Պորտուգալիա խաղին:
Բազմաթիվ ֆուտբոլասերներ հավաքվել էին հավաքականին հյուրընկալող հյուրանոցի մուտքի մոտ` տեսնելու ֆուտբոլային աստղերին: Armlur.am-ի հետ զրույցում նրանցից շատերը խոստովանեցին, որ այդտեղ են հատկապես հավաքականի ավագին` Կրիշտիանո Ռոնալդուին տեսնելու, նրա հետ լուսանկարվելու և նրանից ստորագրություն ստանալու համար: Նրանք անընդհատ վանկարկում էին «Ռոնալդու», «Հայաստան»:
Մոտ 3 ժամ անդադար սպասելուց հետո հսկող ոստիկանները հայտարարեցին, որ հավաքականն արդեն ժամանել է, սակայն հյուրանոց է մտել ետին մուտքով` այդպիսով խույս տալով երկրպագուների հետ հանդիպումից:
Դա առաջացրեց հավաքվածների զայրույթը, և երբ արգելապատնեշները հանեցին, երկու կողմերից հավաքվածները միացան` գոչելով «գրոհում ենք Մարիոթը»: Հասկանալով, որ իրավիճակը կարող է անկառավարելի դառնալ` ոստիկանները փորձեցին պատ շարել` թույլ չտալով երկրպագուների մուտքը հյուրանոց, ինչը առիթ դարձավ նրանց միջև հրմշտոցների:
Սակայն պետք է նշել, որ ոչինչ չխանգարեց հավատարիմ երկրպագուներին մինչև ուշ երեկո մնալ հյուրանոցի մոտ` հույս ունենալով տեսնել իրենց սիրելի ֆուտբոլիստին:
Առավել մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում: