ԱՄԵՆ ԻՆՉ ԿՎԵՐԱԴԱՐՁՎԻ ԻՐ ՏԵՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՀՀ պատմության թանգարանի նախաձեռնությամբ եւ կառավարության որոշմամբ մարզերից Երեւան տեղափոխվեցին 60-ից ավելի հուշարձաններ`  ցուցահանդեսի մասնակցելու եւ 2016թ. իրենց տեղը վերադարձվելու պայմանով:
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը պնդում է, որ տեղափոխվող հուշարձանները բեկորներ չեն, դրանք անշարժ հուշարձաններ են. «Այդպես է գրված պետության ցուցակներում՝ անշարժ հուշարձան»: Լեւոն Բարսեղյանը մտահոգություն ունի, որ հնարավոր է՝ հետո որոշում կայացվի, որ հուշարձանները պետք է գնան ցուցահանդես Մոնրեալ, հետո որոշեն, որ ավելի լավ կլինի Նոր Զելանդիա էլ գնան, իսկ վերջում  էլ դրանց կրկնօրինակները հետ գան:
«Մտնում են գյուղերը ոստիկանների հետ, գյուղապետերին, որոնք փորձում են դիմադրել, մի կողմ են քշում ու կառավարության որոշումն են դեմ տալիս: Այդ ցուցակի մեջ կան հուշաքարեր, որոնք տեղահանվելու են Երեւանից եւ տեղափոխվելու են կենտրոն: Լավ, Երեւանից ինչի՞ ես քանդում հանում, ա՛յ մշակույթի նախարար: Մարդկանց տար էդ հուշարձանների մոտ: Ա՛յ տնաշեն, էդ մեր գյուղերի, քաղաքների եղած-չեղածը ո՞ւր ես հանում տանում Երեւան»,-իր դժգոհությունն է հայտնել պարոն Բարսեղյանը:
Ու քանի որ այս որոշումը կառավարության կողմից հաստատված է, եւ այն իրականացնում է ՀՀ պատմության թանգարանը, «Ժողովուրդ»-ը զրուցեց թանգարանի տնօրեն ԱՆԵԼԿԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
-Անտեղյակությունը, չիմացությունը, չկամությունը, նաեւ ինչ-որ առումով անդաստիարակ վիճակը ստիպում է մի քանի ընդդիմախոսների այդպես արտահայտվել: Լավ կլիներ՝ մինչեւ իր ներքինը դրսեւորելը գար իր աչքով նայեր, հետո նոր խոսեր: Ավելի լավ կլիներ, որ մեր բոլոր ընդդիմախոսները հայերեն կարդալ իմանային, կարդալուց հետո` մտածել: Սեւ ու սպիտակի վրա գրված է, ընդառաջում են ՀՀ պատմության թանգարանի առաջարկին՝ 2013 թվականին ցուցահանդես անելու եւ  2016-ի սեպտեմբերին իրենց գտնվելու վայրերը վերադարձնելու պայմանով: Ես կարդացի կառավարության N 1169 ա որոշման տեքստը: Բոլոր ծախսերը կրում է ՀՀ պատմության թանգարանը: Չկա հատուկ ֆինանսավորում, ինչի համար մարդիկ զայրանում են, թե ուր են գնում փողերը: Այս ամենն իրականացվում է թանգարանի արտաբյուջետային միջոցների հաշվին:
-Ի՞նչ նպատակով է արվում այս ամենը:
-Ի ցույց դնելու վաղ միջնադարյան հայկական մշակույթը, հատկապես կոթողները, բեկորները… Ոչ մի կոթող, ոչ մի բեկոր տեղաշարժ չի արվել այսպես կոչված ամրացված տեղից: Նրանք բոլորն արդեն իսկ տեղաշարժված, բեկված եւ, ինչպես մեր ընդդիմադիրներն են ճիշտ նկարագրում, շատ անմխիթար վիճակում են եղել:
Պատմության թանգարանն անում է իր կանոնադրական ձեռնարկը` ցուցահանդես է կազմակերպում 2013-2016-ին:
Ուզում եմ նշել, որ ոչ մի խաչքար որեւէ գերեզմանի, որեւէ հուշարձանի վրայից չի հանվել: Մենք ունենք մեր ցուցակի մեջ մի նմուշ` Գոգարանի կոթողը, բայց քանի որ այն տեղադրված էր, մենք չենք վերցրել այդ կոթողը: Մենք հաշվի ենք առել ամեն մանրուք, որպեսզի որեւէ կերպ չվնասենք եւ ոչ մի կոթող: Հենց տեղում արվել է մանրազնին քննություն, ամեն ինչ արվել է հուշարձանների պահպանության գործակալության հետ բոլոր հարցերը քննարկելուց հետո: Չի եղել եւ ոչ մի բան, որ մենք պոկենք եւ բերենք:
-Ո՞ր մարզերից եք բերել հուշակոթողները:
-Երեւանից, Շիրակից, Սյունիքից, Կոտայքից, Արագածոտնից, Տավուշից, Վայոց ձորից: Գեղարքունիքից չենք բերել, ինչը շատ ավելի հեշտ կլիներ: Տավուշից բերել ենք երկու նմուշ, որոնք ողբալի վիճակում են, հիմա մեկը մաքրել ենք:
-Որտե՞ղ են տեղադրվելու եւ ցուցադրվելու այդ նմուշները:
-Կտեղադրվեն ՀՀ պատմության թանգարանի հրապարակահայաց սյունասրահում, որը մենք առել ենք ապակե պատերի մեջ, որպեսզի դրսից էլ երեւա: Ոչ մի բերված նմուշ թանգարան ներս չի մտնելու: Դրան ի հավելումն՝ ամեն մարզից բերված հուշարձանին կից դրվելու են գովազդային բացատրական վահանակներ, որ, օրինակ, Լոռիում կա 3045 հուշարձան, դրանք կդառնան ուղղորդող գովազդ դեպի բուն մարզ: Բոլորը, նաեւ մասնագետները, խոսում էին, որ իբր Բարձրաքաշի Սուրբ Գրիգորից մենք բերել ենք արեւի ժամացույցը: Տեսե՛ք՝ ինչ անպատասխանատու հայտարարություններ են անում: Մենք չենք բերել այդ ժամացույցը, բայց ինչ-որ մեկը հայտարարում է, քանի որ դա տպավորություն է թողնում: Կցանկանայի, որ ոչ մեկը երբեք չխոսի մի նույթից, որից անգետ է:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս