Ես չեմ պատժում, ես կատարում եմ իմ աշխատանքը. Արմեն Երիցյանը՝ գազալցակայանում անցկացվող ստուգումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն օրեր առաջ խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ իրենց կողմից իրականացված ստուգումների արդյունքում Երեւանում տուգանվել է 11 գազալցակայան: Նախարարը շեշտել էր, որ ստուգումները շարունակվելու են հանրապետության բոլոր մարզերում եւ հորդորել միայն տուգանքներով չսահմանափակվել, խստացված ռեժիմով ստուգումները շարունակել՝ վերահսկողության տակ պահելով նաեւ շարժական գազալցակայանները:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է նախարարը պատկերացնում իր հետագա աշխատանքը գազալցակայանների անվտանգության ապահովման ուղղությամբ:

-Պարո՛ն Երիցյան, Ձեր ղեկավարած գերատեսչությունը գազալցակայանների անվտանգության խնդրով սկսեց առավել ակտիվ զբաղվել միայն այն ժամանակ, երբ մեկը մյուսի հետեւից տեղի ունեցան ողբերգական դեպքեր` մարդկային զոհերով: Ինչո՞ւ մինչ այդ ՏԿԱԻՆ-ը չէր զբաղվում իրեն լիազորված աշխատանքներով, ինչո՞ւ եք նոր որոշել նման գործունեություն իրականացնել:

-Դուք շատ սխալ տեղեկություններ ունեք մեր վարած աշխատանքի վերաբերյալ, որովհետեւ իրականում մենք մշտապես էլ աշխատել ենք, ու մշտապես էլ մեր հսկողությունը եղել է: Ուղղակի վերջին դեպքերից հետո ավելի ակտիվորեն սկսվեց քննարկվել այդ հարցը ու այն աշխատանքները, որոնք մենք կատարում էինք, բայց չէր լուսաբանվում, դրա մասին արդեն սկսեցին բարձրաձայնել: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ այդ հարցում մեր աշխատանքները մշտական ու շարունակական են եղել: Բոլոր գազալցակայանները տարին մեկ անգամ պետք է փորձաքննություն անցնեն, դրանից ավել մենք անելիք չունենք ու դրա իրավունքն էլ չունենք: Մենք չենք կարող ամեն օր գնալ գազալցակայաններ ու սկսել ստուգումներ իրականացնել, եթե մենք գնանք, մեզ կգան, կասեն՝ ինչու եք ամեն օր գալիս: Մարդն իր բիզնեսով է զբաղվում, ես իրավուքն չունեմ անընդհատ հսկել նրա աշխատանքը, մեր ֆունկցիան է՝ տարին մեկ անգամ ստուգումներ իրականացնել, որը մենք պարտադիր անում ենք:

-Այդ դեպքում ինչո՞ւ եք հիմա նորից ստուգումներ իրականացնում, ի՞նչ խնդիրներ են առկա այդ ոլորտում, որոնք չի հաջողվում լուծել՝ ողբերգական դեպքերից խուսափելու համար:

-Իսկապես այդ հարցում մի սպեցեֆիկա կա, գազալցակայանների թիվն ավելացել է, ու խնդիր է առաջացել վաճառքի հետ կապված, ինչի համար էլ գազալցակայանների սեփականատերերը փորձում են իրենց հնարքների միջոցով հաճախորդներ ավելացնել: Իսկ դա անում են անվտանգության հաշվին. նախատեսված չափից շատ են լիցքավորում: Կա նաեւ անորակ գազալցակայանների հարցը, դրանց սեփականատերերը չեն օգտվում այն անհրաժեշտ սարքավորումներից, որոնք նախատեսված են օրենքով: Մենք բազմիցս ենք բարձրաձայնել այդ մասին, ներկայացրել ենք իրողությունը, ուղղակի չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է դա Ձեզ համար նորություն:

-Բայց ողբերգական դեպքերի գրանցումից հետո պատկան մարմինները սկսեցին ուսումնասիրել այն խնդիրները, որոնք տարիներ ի վեր առկա էին գազալցակայաններում, ու միայն հիմա տուգանքներ նշանակե՞լ: Մի՞թե դա բավարար է, որպեսզի հաջորդ անգամ նման դեպքերը չկրկնվեն: Անպայման պետք է լիներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարակա՞նը, որպեսզի սկսեիք ավելի լուրջ վերաբերվել հարցին:

-Ես արդեն բացատրեցի, որ մենք մշտապես էլ գազալցակայանների խնդիրը մեր ուշադրության կենտրոնում ենք պահել, մենք մշտապես կատարել ենք մեզ վերաբերող գործառույթները: ՀՀ վարչապետի հանձնարարականից հետո մենք սկսկել ենք նորից ստուգումներ իրականացնել, բայց տարին մեկ անգամ փորձաքննություն է արվում: Չգիտեմ, որտեղից եք վերցնում, որ մինչ այդ մենք որեւէ աշխատանք չենք իրականացրել այդ ոլորտում: Մենք կարող ենք փաստաթղթերով խոսել, որտեղ կներկայացվի այն տուգանքների չափը, որը մեր գերատեսչությունը սահմանել է գազալցակայանների ստուգումների իրականացման ժամանակ:

-Հայտնի իրողություն է, որ գազալցակայանները պատկանում են այնպիսի մարդկանց, որոնք սերտ կապեր ունեն Սերժ Սարգսյանի հետ, արդյո՞ք Ձեզ կհաջողվի նրանց «պատժել»:

-Ես չեմ պատժում, ես կատարում եմ իմ աշխատանքը ու ՀՀ վարչապետի հանձնարարականը, կարծում եմ՝ բոլորն էլ շատ լավ տեղյակ են, որ ես Ձեր նշած պատժիչ գործառույթը չեմ իրականացնում: Դա իմ աշխատանքի մեջ ներառված չէ:

-Նույն խնդիրն առկա է նաեւ վերելակների հարցում, ինչո՞ւ այդ դաշտում եւս պատշաճ վերահսկողություն չի իրականացվում, ինչի արդյունքում դարձյալ գրանցվում են մարդկային զոհերով ողբերգական դեպքեր:

-Դուք սխալ տեղեկություն ունեք, մենք կրկին ստուգումներ ենք իրականացնում, բայց մեզ պետք է դիմեն համայնքներից, որպեսզի մենք իրավունք ունենանք այդ ստուգումներն իրականացնել: Ասեմ Ձեզ՝ շատ հեշտ է ինչ-որ գնահատականներ հնչեցնել, քննադատել, բայց դա միայն մեր գերատեսչությանը չի վերաբերում, շատ խնդիրներ կան, որոնք պետք է հերթով իրականացնել: Իսկ ինչը վերաբերում է մեզ, դա մենք կատարում ենք: Ես կարծում եմ՝ իմ ղեկավարման տարիներին կարողացել եմ ապացուցել, որ այն, ինչը վերաբերում է իմ գերատեսչությանը, մենք աշխատում ենք դա կատարել բարեխղճորեն:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս