«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է կաթնամթերք արտադրող «Դուստր Մարիաննա», «Դուստր Մելանիա» եւ «Միլ կաթ» ընկերություններ` նրանց գործունեությանն ու ընթացիկ խնդիրներին ծանոթանալու նպատակով:
«Մեր հիմնական խնդիրն է շուկան ապահովել տեղական արտադրության կաթի փոշիով եւ կտրուկ կրճատել ներկրվող կաթի փոշու ծավալները: Հզորությունները շատ մեծ են, եւ կաթի ավելցուկը չոր կաթի վերածելու շնորհիվ մենք կկարողանանք ձմռան ամիսներին սեփական արտադրությունն ապահովել, ինչպես նաեւ արտահանումներ իրականացնել»,- հայտարարել է նախարարը։ Նրա խոսքերով՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է ներկրվել շուրջ 688 տոննա կաթի փոշի, այսինքն` նախորդ տարվա համեմատ շուրջ 38 տոննայով պակաս: Եւ կաթի մթերման գործընթացն իրականանում է սահուն եւ առանց խնդիրների, այս պահին բոլոր ընկերությունները գյուղացիներից կաթը մթերում են 120-130 դրամով։
Իհարկե, գյուղնախարարը կարող է շատ բաներ խոստանալ եւ հայտարարել, սակայն իրականում գյուղացիները պնդում են, որ կաթն իրենցից գնում են 80-100 դրամով, ինչը ձեռնտու չէ: Այդ գնով կաթը վաճառելով՝ գյուղացիները չեն կարողանում անասնակերի խնդիրն անգամ լուծել, ուր մնաց եկամուտ ունենան: Բայց նախարարն, ինչպես միշտ, գյուղացիներին փորձել է մոլորեցնել: Հետաքրքիր է` մինչեւ երբ է նա պատրաստվում սուտն ու աճպարարությունը դարձնել աշխատանքային գործիքներ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: