Ո՞վ է եղել գյուղապետի նկատմամբ մահափորձի հեղինակը, և ինչո՞ւ քրեական հետախուզության բաժնի պետը ձերբակալվեց տարիներ անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աչաջուր համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի դեմ մահափորձի գործով երկու տարի անց ձերբակալվել է Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Այդինյանը:
Այն, որ մի քանի տարի է, ինչ Աչաջուր համայնքում կրքերը չեն հանդարտվում, հայտնի է բոլորին: Բանն այն է, որ դեռեւս 2013 թվականից համայնքի ղեկավար Կամո Ղալթախչյանի նկատմամբ մի քանի անգամ մահափորձեր էին իրականացվել:

Լրատվամիջոցների հետ զրույցում համայնքի ղեկավարը հայտարարել էր, որ 2013թ. սեպտեմբերին իր դեմ մահափորձ է կատարել Աչաջուրի համայնքի նախկին ղեկավար Տաթեւ Գասպարյանը: Եվ, ահա, սպանության փորձերը չէին բացահայտվել, եւ համայնքի ղեկավարը դիմել էր հատուկ քննչական ծառայություն եւ հայտնել, որ դա իր ընտանիքի նկատմամբ կատարված միակ ոտնձգությունը չէ: Ավելին՝ տեղեկացրել էր, որ հիշյալ դեպքից շուրջ 6 ամիս առաջ դարձյալ նույն գյուղում ինքնաձիգի կրակահերթեր են արձակվել այս անգամ որդու վարած ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն, ըստ էության, հանցագործությունը չի բացահայտվել:

Արդյունքում, ՀՔԾ-ում նախաքննության արդյունքում պարզվել էր, որ դեպքից անմիջապես հետո հիշյալ ժամանակահատվածում ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցնող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Այդինյանը, տեղեկացված լինելով, որ սպանության փորձ է կատարվել, դեպքը սահմանված կարգով չէր հաշվառել, չէր արձանագրել ավտոմեքենայի թափքին առկա ակնհայտ հրազենային վնասվածքների հետքերը, որի հետեւանքով դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը օրինական ընթացք չեն ստացել: Եվ, ահա, այս ամենի արդյունքում երեկ հայտնի դարձավ, որ դեռեւս երկու տարի անց տեղի ունեցած միջադեպի գործով Արմեն Այդինյանը ձերբակալվել է:

Ի դեպ, նշենք, որ 2015թ. հունվարի 17-ին Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդին եւ երկու այլ անձ առեւանգել էին համայնքի բնակիչ Մեխակ Մելիքբեկյանին: Նրանք Մեխակին տեղափոխել էին Տավուշի մարզում գտնվող Ջողազ կոչվող վայր, ծեծի ենթարկել եւ պահանջել խոստովանել, թե իբր ինքն է կատարել Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Տաթեւ Գասպարյանի կազմակերպած մի շարք ծանր հանցագործությունները, այդ թվում՝ Աչաջուրի գյուղապետ Կամո Ղալթախչյանի նկատմամբ 2013թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած սպանության փորձը: Երեք երիտասարդներին էլ մեղադրանք էր առաջադրվել, եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ Արմեն Այդինյանը ոստիկանության Տավուշի մարզի միակ պաշտոնյան չէ, որ պաշտոնեական լիազորությունները անցնելու հատկանիշներով ձերբակալվում է: 2014թ կալանավորվել էր ոստիկանության Իջեւանի բաժնի պետ, փոխգնդապետ Անդրանիկ Ազիբեկյանը: Վերջինս էլ իր տեղակալի հետ «Իջեւանատուն» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ նկատմամբ կրակոցների գործով ապացույցներ էր կեղծել:

Քնար Մանուկյան




Լրահոս