Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպարում գյուղացիներից կաթ են ընդունում 2 ձեռներեց՝ Կոթի գյուղի մի բնակիչ եւ ոսկեպարցի մի գործարար: Նրանք ոսկեպարցիներից կաթն ընդունում են լիտրը 120 դրամով: Ոսկեպարցիները, սակայն, «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ հաջորդ ամիս կաթի ընդունման գինը նվազելու է 20 դրամով: Այդ մասին տեղեկացրել է կաթ ընդունողներից մեկը: Անասնատերերը դժգոհում են, որ կովերը պահելու, կթելու չարչարանքն է մնում, իսկ եկամուտ իրենք չեն ունենում:
Մինչդեռ անասնապահները ձմռան սեզոնին` գրեթե 6 ամիս, կովերին պահում են գոմերում` կերակրելով թանկ անասնակերով: Ու թե եկամուտ էլ պիտի ունենային, ամռան այս մի քանի ամիսներին վաճառվող կաթից պիտի լիներ, այն էլ, փաստորեն, ցածր գնով պիտի վաճառեն: Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում՝ Ոսկեպարում, պլաստմասսե տարայով մեկ լիտր «Ջերմուկը» վաճառվում է 250 դրամով: Հանքային, գազավորված ջուրը ավելի քան կրկնակի թանկ է անաղարտ բնության մեջ պահած կովերի կաթից:
Իհարկե, վաճառվող հանքային ջրի գնի մեջ ներառված են նաեւ տարայի արժեքը, հարկերը, բանվորի աշխատավարձը, ամորտիզացիոն ծախսը եւ այլն: Սակայն հանքային ջրի եւ կաթի գների նման տարբերությունը աբսուրդի է նման: Ուշագրավ է, որ խանութներում վաճառվող կաթնամթերքի գները ամենեւին չեն նվազում: Թվում է, թե գյուղացիների համար ելք կարող է լինել կաթը մթերելու փոխարեն դրանից պանիր եւ յուղ պատրաստելը: Սակայն դրանք իրացնելն էլ մեկ այլ դժվարություն է:
Նշենք, որ Ոսկեպարում վաճառվող, տնայնագործական եղանակով պատրաստվող պանրի գինը 2000 դրամից նվազել է 1600 դրամի: