Այն, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն էլէներգիայի սակագնի թանկացումից հրաժարվել, թերեւս ի սկզբանե հասկանալի էր, եւ միամտություն էր կարծել, որ ՀՀ ԱԺ-ում նախատեսված լսումներն այս հարցում կարող են ինչ-որ բան փոխել: Հակառակ դեպքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախապես չէր հրապարակի էլէներգիաի սակագինը բարձրացնելու մասին որոշման նախագիծը:
Սակայն այդ լսումների ժամանակ ՀՀ ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի ելույթը եւ պատգամավորների հարցերին տված պատասխաններն ամբողջությամբ լույս սփռեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության վրա: Եթե նախկինում ընդամենը ենթադրվում էր, որ ի դեմս ՀԷՑ-ի՝ Հայաստանի ողջ բնակչությանը թալանող մի կառույցի հետ գործ ունենք, ապա այժմ արդեն կարելի է վստահաբար ասել, որ այդպես է:
Ռոբերտ Նազարյանը երեկ խորհրդարանում պարզաբանեց, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԷՑ-ի կուտակած 106,6 միլիարդ դրամ պարտքը: Դրանից 23,4 միլիարդը, ըստ ՀԷՑ-ի, գոյացել է 2012-2013 թվականներին` նախատեսվածից թանկ էլէներգիա գնելու արդյունքում, քանի որ սակավաջրության արդյունքում ՀԷԿ-երը քիչ հոսանք են արտադրել, ատոմակայանն էլ նախատեսվածից ավելի երկար է պրոֆիլակտիկ նորոգման համար կանգնել: Մոտ 14 միլիարդ դրամ էլ կազմում են այդ վնասները ծածկելու համար բարձր տոկոսներով վերցված վարկերի հաշվարկված տոկոսները:
Իսկ մնացած 70 միլիարդ դրամը ՀԷՑ-ի վարկային պարտավորություններն են, որոնք արդեն իսկ գոյություն են ունեցել: Ավելին՝ վերը նշված 23,4 միլիարդ դրամի վնասները ծածկելու համար վերցված վարկերը բարձր տոկոսներով են տրվել, քանի որ ՀԷՑ-ը արդեն իսկ իր ակտիվներից շատ վարկային պարտավորություններ է ունեցել: Բայց ինչո՞ւ է ՀԷՑ-ը այդ 70 միլիարդ դրամի վարկը վերցրել: Ռոբերտ Նազարյանն այս հարցի պատասխանն այդպես էլ չհնչեցրեց:
Փոխարենը նա մի քանի ուշագրավ թվեր հրապարակեց, քանի որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի վրա խիստ զայրացած էր, ի դեպ, վերջինս արհամարհել էր Հայաստանի խորհրդարանին եւ չէր եկել լսումներին մասնակցելու: Այսպես, ըստ Ռոբերտ Նազարյանի՝ 2007 թվականից սկսած ՀԷՑ-ի վնասները օրենսդրությամբ թույլատրվածից առնվազն մեկ տոկոսով ավել են եղել, ինչը նշանակում է, որ այս ճանապարհով առնվազն 25 միլիարդ դրամի կորուստ է եղել: Բացի այս՝ անցած տարիներին շուկայականից թանկ գներով ապրանքներ ձեռք բերելու պատճառով ՀԷՑ-ը 22 միլիարդ դրամի գերածախս է ունեցել:
Վերջին ութ տարիներին, կրկին ըստ Նազարյանի, ՀԷՑ-ը աշխատավարձերի վրա նախատեսվածից ավել է ծախսել 6,5 միլիարդ դրամ: Ըստ Ռոբերտ Նազարյանի՝ իրենք թույլ չեն տվել, որ այդ գումարները ներառվեն սակագնի մեջ, եւ այն այժմ այնտեղ արտացոլված չէ: Սակայն իրականում այդպես չէ, քանի որ, եթե այդ գերածախսերը եւ հավելյալ 25 միլիարդի վնասը չլիներ, ապա ՀԷՑ-ը 70 միլիարդ դրամի վարկային պարտավորություն չէր կուտակի եւ ներկայիս ծանր ֆինանսական կացության մեջ չէր հայտնվի: Իհարկե, Ռոբերտ Նազարյանն ինքն էլ է ընդունում, որ եթե այդ կորուստները չլինեին, ապա ներկա վիճակը չէր լինի:
Ի դեպ, պատգամավորների հարցերին պատասխանելիս Ռոբերտ Նազարյանը պարբերաբար կրկնում էր, թե իրենց հանձնաժողովը, սակագինը բարձրացնելուց բացի, ուրիշ ոչինչ չի կարող անել ստեղծված վիճակում: Ավելին՝ նա պարբերաբար պատգամավորներին էր կոչ անում՝ իրեն հուշել, թե ինչպես անեն, որպեսզի առանց սակագինը բարձրացնելու կարողանան ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը շտկել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ինքն է դրա համար աշխատավարձ ստանում եւ ոչ թե պատգամավորները: Բայց ինչու է Ռոբերտ Նազարյանը համոզված, որ սակագինը բարձրացնելն է միակ լուծումը, իսկ ինչու իրենք չեն դիտարկում սակագինը նույնը թողնելու եւ ՀԷՑ-ի սնանկ ճանաչելու գործընթացը սկսելու տարբերակը:
Եթե կարծում են, որ սեփականատերը, այսինքն՝ Ռուսաստանը, կնեղնա, ապա կարող են նրանց առաջարկել, որ իրենք իրենց նշանակած թալանչիների հարցերը լուծեն: Ավելին՝ Ռոբերտ Նազարյանը ՀԷՑ-ի սեփականատերերին կարող է առաջարկել, որ նրանք իրենք պարզեն, թե ուր են գնացել ընկերության փոշիացրած գումարները:
Ի վերջո, իրավական տեսանկյունից ստացվում է, որ այդ «անհետացած» փողերը սեփականատերերից են գողացել: Բայց չգիտես ինչու՝ ՀՀ իշխանությունները Ռոբերտ Նազարյանի ձեռքով ամեն ինչ անում են, որ դրանց համար Հայաստանի բնակչությունը վճարի: Այնինչ, կրկնում ենք, դա սեփականատիրոջ եւ նրա նշանակած տնօրինության խնդիրն է:
Մի խոսքով, ԱԺ լսումներն էլ ավարտվեցին, եւ բոլորի համար պարզ դարձավ, որ Հայաստանի խորհրդարանին բանի տեղ դնող չկա: ՀԷՑ-ը որոշել է էլէներգիայի սակագինը թանկացնել, եւ Ռոբերտ Նազարյանի գլխավորած ՀԾԿ հանձնաժողովը նրանց ցանկությունը կիրագործի:
Վահագն Հովակիմյան