Քննիչներին խոչընդոտել են խուզարկել Իջևանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենի տունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի կողմից խոշոր չափերի յուրացում կատարելու գործով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում քննվող, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով հարուցված քրեական գործի շրջանակներում անհրաժեշտություն է ծագել խուզարկություն կատարել Հ. Ներսիսյանի առանձնատանը:

Հունիսի 9-ին՝ ժամը 17-ի սահմաններում, խուզարկության մասին դատարանի որոշմամբ քննիչը այցելել է Իջեւանի ԲԿ-ի նախկին տնօրեն, Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի եղբայր Հ. Ներսիսյանի առանձնատուն, սակայն բնակարանի դուռը փակ է եղել: Հ. Ներսիսյանը այդ ժամանակ Գետահովիտ գյուղում մասնակցել է իր աներձագի ծննդյան միջոցառմանը: Քննիչը նրա հետ հեռախոսակապ է հաստատել եւ հրավիրել խուզարկության վայր:

Մեր տեղեկություններով՝ Հ. Ներսիսյանը ներկայանալով՝ մտացածին է համարել խուզարկության կարեւորությունը եւ թողել-հեռացել է: Քննիչն էլ աննպատակահարմար է համարել բնակարանի խուզարկության հետաձգումը եւ որոշում է կայացրել դրա խոչընդոտները վերացնել: Նա տեսնելով, որ Հ. Ներսիսյանի առանձնատան 3-րդ հարկի պատշգամբը բաց է, Իջեւանի կոմունալ ծառայությունից ավտոկռունկ է հրավիրել եւ մուտք գործել Հ. Ներսիսյանի առանձնատուն, ուր հրավիրված ընթերակաների եւ ոստիկանների ներկայությամբ արձանագրություն է կազմել: Այդ ժամանակ տուն են մտել Հ. Ներսիսյանը եւ նրա հետ 10-12 անձինք, ովքեր խոչընդոտել են քննչական գործողության իրականացումը: Ներկա գտնվող ոստիկանները Հ. Ներսիսյանին փորձել են համոզել չխոչընդոտել խուզարկությունը, ապա ոստիկանության լրացուցիչ ուժեր են հրավիրել:

Սակայն ապարդյուն, խուզարկությունը ձախողվել է: Քննիչի գործունեությունը խոչընդոտելու համար Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածով: Այդ կապակցությամբ հունիսի 10-ին ձերբակալվել է Էդգար Ամիրյանը, ով խոչընդոտել է խուզարկության անցկացմանը: Այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Իջեւանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի Տավուշի մարզային ստորաբաժանման պետ Վարուժան Ներսիսյանի մտերիմ համարվող Է. Ամիրյանը մասնակցում էր այս տարվա մարտի 15-ին տեղի ունեցած Իջեւանի ավագանու ընտրություններին, նա 21 թեկնածուների մեջ ստացել էր ամենաքիչ` թվով 87 ձայն:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս