Մարդկանց մոտ մթագնել է հույսը. նկարիչ Շմավոն Շմավոնյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը, ում աշխատանքները մեծ հետաքրքրություն են վայելում նաեւ արտերկրում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատել է, որ թեեւ արվեստասերներն այսօր Հայաստանում քիչ չեն, սակայն մեզ մոտ նկատվում է արվեստի նկատմամբ անտարբերություն, իսկ, ահա, դրսում մարդիկ գիտեն սիրել եւ զարմանալ: Նրա խոսքով` սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների պատճառով մարդկանց շրջանում մթագնել է հույսը:

-Պարո՛ն Շմավոնյան, Ձեր կտավների շարքում մեծ տեղ ունեն բնանկարները. այս եղանակին գնո՞ւմ եք բնության գիրկը` նոր նկարներ ստեղծելու, առաջիկայում ցուցադրություններ ունե՞ք:

-Այո՛, գարնանից ամառ այս անցումային փուլը հրաշալի է, եւ ես նախընտրում եմ դուրս գալ բնության գիրկը, արդեն ունեմ մի քանի նոր կտավներ գարնանային եւ ամառային թեմաներով: Իմ նախընտրելի վայրերն են Արարատյան դաշտն ու Վայքը` Եղեգնաձորը: Ինչ վերաբերում է ցուցադրություններին, հավանաբար, ԱՄՆ-ում տարեվերջին կունենամ ներկայանալու առիթ: Այնտեղի հիվանդանոցներից մեկում փակցվելու է իմ նկարներից մեկը, եւ լինելու է ցուցահանդես:

11301551_933507863372781_2070904550_n

-Գլենդելի Մեմորիալ հիվանդանոցում էլ է փակցված Ձեր «Հույս» կտավը: Հիվանդանոցներում ինչպիսի՞ նկարներ պետք է տեղ գտնեն:

-Ձեր ասած կտավում արտացոլված է հենց հույսը, լավի ակնկալիքը, ինչն այնքան անհրաժեշտ է հիվանդներին: Հիվանդանոցում փակցվող նկարը պետք է մաքրի մարդու ներսը, գույների ու հաղորդվող էներգետիկայի շնորհիվ մարդ պետք է մի պահ մոռանա իր հոգսերի մասին: Հայտնի է նաեւ, որ գեղեցիկ պատկերը թոթափում է մարդու հոգնածությունն ու սթրեսները, ապրեցնել է տալիս:

11301593_933507860039448_963433800_n

-Ձեր կտավները փակցված են նաեւ ԱՄՆ-ի Սենատում: Ամերիկացիներն ինչպե՞ս են ընկալում հայկական շունչը, կովկասյան ձեռագիրը:

-Ես այն համոզման եմ, որ աշխարհում կա միայն գեղեցիկի շունչը` բոլոր ժողովուրդների համար. գեղեցկությունը մեկն է աշխարհիս երեսին, եւ կա մի սահման, որից հետո վերանում է ազգային պատկանելությունը: Եվ, ընդհանրապես, կարեւոր չէ, թե դու ինչ ես նկարում, կարեւոր է, թե ինչպես ես նկարում. դա է մարդկանց հետաքրքրում:

11268097_933507840039450_662119091_n

-Իսկ հայ ակնդրին ինչո՞վ է հնարավոր զարմացնել:

-Ամեն մեկն էլ նույն սպասելիքն ունի կտավից. նոր շունչ է ուզում տեսնել եւ պատկերների միջոցով լրացնել սիրո պակասը, որ ինքն ունի: Հսկայական է նաեւ գունային էներգիայի ազդեցությունը եւ դիտողի ու կտավի ակնթարթային կոնտակտը: Ինքն է ու նկարը. ահա, այդ կոնտոկտը ապահովելով եւ զգայական տարածությունը հատելով է հնարավոր զարմացնել եւ «լցնել» ակնդրին: Բայց այսօր մեզ մոտ երբեմն մարդկանց շրջանում ֆիքսում եմ անտարբերություն, այնինչ, օրինակ` դրսում ամերիկացիները գիտեն սիրել եւ զարմանալ. մարդիկ ունեն այդ ժամանակը, հնարավորությունը: Իհարկե, մեզ մոտ էլ կան այդպիսիք, սակայն, ցավոք, ժամանակները փոխվել են, եւ մարդկանց մոտ սոցիալ-տնտեսական տարբեր խնդիրների պատճառներով մթագնել է հույսը:

-Դիմանկարներ ստեղծո՞ւմ եք:

-Երբեմն:

-Կա՞ մի բան, որ համատարած առկա է հայերիս դեմքին:

-Իհարկե, փողոցով քայլելիս էլ նկատում եմ, որ քչերն են հանգիստ, ժպիտով, ծիծաղով, անհոգ: Իսկ մարդու հոգեկան վիճակն անմիջապես արտացոլվում է նրա դեմքին: Չեմ սիրում այդ «թթվածությունը». մեղք է մեր ժողովուրդը: Իսկ ուրիշ երկրներով քայլում ես, տեսնում ես` մարդիկ փարթամ, հանգիստ, շփվող, մեզ մոտ նայում ես` դեռ երիտասարդ են, բայց արդեն կնճիռներ ունեն. շատերը հոգնած են ու դժգոհ:

-Այդ վիճակից, թերեւս, նկարիչն էլ է ընկճվում, հատկապես, երբ վերջինս ինքն էլ ունի իր բազում հոգսերը…

-Յուրաքանչյուր նկարիչ այսօր կարող է ավելի շատ ու լավ աշխատել, բայց այսօրվա վիճակը նրան շատ է ընկճում: Տեսեք, օրինակ, դերասանը բեմի վրա խաղում է ու գնում, գրողին մեկ թուղթ ու գրիչը բավական է, որ ստեղծագործի, բայց, ահա, նկարչին կտավ ստեղծելու նպատաով համապատասխան նյութեր ձեռք բերելու համար մեծ գումարներ են պետք…Եվ հետո՝ սոցիալ-տնտեսական վատ վիճակը նկարչին հոգեպես էլ է ճնշում: Ինքս ձգտում եմ միշտ ավել ժամանակ գտնել, ներաշխարհս հանգիստ պահել, որպեսզի նորանոր գործեր ստեղծեմ…

Աննա Բաբաջանյան




Լրահոս