Հունիսի 11-ի կեսգիշերին մոտ ուժգին կարկուտ է տեղացել Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք գյուղերում` մեծ վնասներ պատճառելով տեղի գյուղացիներին: Լոռու մարզի Ճոճկան, Մեծ Այրում, Աքորի, Շնող, Տավուշի մարզի Լճկաձոր, Արճիս գյուղերում տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են ոչ միայն գյուղացիների ցանքատարածությունները, պտղատու այգիները, այլեւ մարդկանց տների տանիքները:
ՀՀ Լոռու մարզի Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարզպետարանի կողմից վնասները հաշվարկելու նպատակով հանձնաժողով է ստեղծվել:
«Ամեն ինչը վնասվել է: Մարդկանց տների տանիքներն էլ են վնասել, մեքենաները, ցանքատարածությունները նույնպես ամբողջովին վնասել են: Այս պահին հստակ թիվ չեմ կարող նշել, թե քանի տոկոսով ենք վնաս կրել, բայց մոտավորապես 300 տան տանիք կոտրվել է: Այս պահին հանձնաժողովի անդամներն ընկած տնետուն հաշվում են վնասների չափը»,- ներկայացրեց Ճոճկանի գյուղապետը:
Տեղացած ուժգին կարկուտից մեծ վնասներ են կրել նաեւ Մեծ Այրումի բնակիչները. այստեղ կարկուտից կոտրվել են ոչ միայն տների տանիքները, այլեւ պտղատու ծառերի ճյուղերը, բնակիչների ավտոմեքենաները: Ինչպես Ճոճկանում, այնպես էլ Մեծ Այրումում մարզպետարանի կողմից ստեղծվել է հանձնաժողով, որի անդամները արձանագրում են վնասները:
Մեծ Այրումի գյուղապետ Սահակ Նազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց գյուղն ունի 184 տուն, որից տեղացած ուժգին կարկուտի պատճառով 170-ի տանիքները վնասվել են: «Նման աղետի մենք առաջին անգամ ենք ականատես լինում: Հավի ձվի մեծություն ուներ այդ կարկուտը: Տան պատուհաններն է կոտրել, մարդկանց բանջարանոցներն է փչացրել, ծառերի ճյուղերն է կոտրել»,- նկարագրեց գյուղապետ Նազարյանը:
Իսկ, ահա, Տավուշի մարզի Արճիս գյուղի ցանքատարածությունները 100 տոկոսով են վնասվել: Արճիսի գյուղապետ Սերյան Միկիչյանը «ժողովուրդ»-ին հայտնեց, որ իրենց գյուղում 380 տան տանիք է վնասվել: «Մարդիկ հուսահատված են, չգիտեն, թե ինչ անեն, ում դիմեն: Մենք այս տարի հաստատ գյուղմթերք չենք ունենալու: Իսկ թե ինչպես են ապրելու մարդիկ, հայտնի չէ»: Նշենք, որ կարկուտից տուժած բոլոր գյուղերում մարզպետարանի կողմից ստեղծվել են վնասները հաշվարկող հանձնաժողովներ: Իսկ թե որքան մեր Կառավարությունը կփոխհատուցի կարկուտից տուժած բնակիչներին, «Ժողովուրդ»-ը առաջիկայում կտեղեկացնի:
Սյունէ Համբարձումյան