«Վիկիլիքսի» հրապարակած սույն զեկուցագիրը, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը, պատմում է նրա եւ այնժամ ՀՀ ՊՆ նախարար Սերժ Սարգսյանի` դեռեւս հեռավոր 2006թ. սեպտեմբերի 11-ին կայացած հանդիպման մասին: Տարիներ առաջ տեղի ունեցած այդ զրույցում արծարծված թեմաների շրջանակում առանձնահատուկ տեղ են գրավում Իրանի հետ Հայաստանի հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանը բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտում վերոհիշյալ հիմնահարցերի առնչությամբ, որոնք այսօր նույնքան արդիական են: Ավելին՝ Սարգսյանի պնդումները հայ-իրանական հարաբերությունների մակերեսայնության եւ ադրբեջանական դիրքերի առավելության մասին միանշանակ պատկերացում են տալիս թե՛ Քոչարյանի օրոք վարված քաղաքականության, թե՛ Սարգսյանի իշխանության գործողությունների տրամաբանության մասին:
Այսպես, դեսպան Էվանսը արտահայտել է հայ-իրանական հարաբերությունների հեռանկարայնության ու լայնամասշտաբ համագործակցության շուրջ իր մտահոգությունները:
Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հայ-իրանական հարաբերությունները համարել է անլուրջ եւ մակերեսային: Նրա համոզմամբ՝ Իրանի հետ կատարվող առեւտուրը նվազագույն աստիճանի է հասցված, այն էլ հիմնականում ամփոփվում է Հայաստանի էներգետիկ կենսական պահանջների բավարարման շրջանակում: Սարգսյանը հավելել է, որ առեւտրային մակերեսային համագործակցությունից ու սահմանափակ թվով մարդկանց գործարարությունից, բացի Հայաստան-Իրան հարաբերություններում, ոչինչ չկա:
Նրա կարծիքով՝ երկու երկրների կառավարությունները լիովին տարբեր արժեքներ ու հետաքրքրություններ ունեն, ինչը մտերմության համար տեղ չի թողնում: Արձանագրենք, որ Սարգսյանն Իրանի հարցում մեկ անգամ չէ, որ նման արհամարհական կեցվածք է որդեգրել ամերիկյան դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ: Կարեւոր է, սակայն, այն հանգամանքը, որ երրորդ երկրի ճնշման արդյունքում Հայաստանը փաստացիորեն շրջափակվում է 3 կողմից, քանզի Իրանի հետ սահման ունենալ ու չօգտվել դրանից, ոչ այլ ինչ է, քան պարզագույն ինքնաշրջափակում:
Ավելին՝ Հայաստանի իշխանությունները նման իրավիճակում անկարող են եղել անգամ ԱՄՆ-ին հակել Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ նույն Թուրքիայի վրա լուրջ ճնշում բանեցնելուն: Ստացվում է, որ ԱՄՆ-ից ոչինչ չստանալով՝ Հայաստանը «հանուն միջազգային շահերի» ինքնամեկուսացել է: Հիշարժան է, որ հենց այդ ժամանակներում էին Հայաստանի պաշտոնյաները՝ սկսած Ռոբերտ Քոչարյանից, շաղակրատում հայ-իրանական հարաբերությունների մտերմության ու խորքային լինելու մասին, մինչդեռ իրականում դրանք մակերեսայնության աստիճանից վեր չէին էլ բարձրանում: Սարգսյանի կողմից անլուրջ որակված այդ առնչությունները վստահաբար այսօր էլ գտնվում են նույն մակարդակում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Սարգսյանը համաձայնել է, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններից շեղվելը վտանգավոր է: Նա բողոքել է Ադրբեջանից՝ բանակցություններն անլրջացնելու համար: Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող գործընթացները Սերժ Սարգսյանը համարել է պարզ ժամավաճառություն: Նա պնդել է, որ հակամարտությունը հազիվ թե առաջիկայում լուծում ստանա: Փոխարենը Սարգսյանը կոչ է արել ԱՄՆ-ին մի ուսումնասիրություն կատարել ու տեսնել, թե շփման գծում ադրբեջանական դիրքերը որքան են առաջ եկել՝ ի հաշիվ հայկական կողմի: Հատկանշական է, որ այս փաստը երբեք հրապարակայնորեն չի բարձրաձայնվել:
Մինչդեռ այդպիսով գործնականում մերժվում է նաեւ «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը՝ հաշվի առնելով ադրբեջանական դիրքերի առաջանալը ի հաշիվ հայկական կողմի:
Սերժ Սարգսյանն անկեղծացել է նաեւ բանակցային գործընթացի շուրջ՝ պնդելով, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր խոսքի տերը չէ, քանզի մշտապես փոփոխում է իր պահանջները եւ նոր զիջումներ ցանկանում:
Նա կանխատեսել է, որ երկուստեք համաձայնության հասնելու պարագայում եւս Ադրբեջանը նոր զիջումներ է պահանջելու: Իրավիճակին վերջ տալու համար Սերժ Սարգսյանը որպես լուծում առաջարկել է Մինսկի խմբի համանախագահների՝ Ադրբեջանի նկատմամբ պահվածքի կոշտացումը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ հանգիստ խոսելը հավասար է ընդհանրապես չխոսելուն, քանի որ Ալիեւը ականջալուր է լինում միայն ամուր եւ ուժային միջամտություններին: Իրականում Սերժ Սարգսյանի նման մեկնաբանություններից հետո հարց է առաջանում՝ ինչո՞վ են զբաղված միջնորդներն ու Հայաստանը վերջին առնվազն 9 տարում:
Ստացվում է, որ Ադրբեջանը բանակցություններում պարզապես ծաղրում է թե՛ միջնորդներին, թե՛ Հայաստանին՝ իր անլուրջ կեցվածքով ու զիջումների մասին նորանոր պահանջներով: Վերջապես, Սերժ Սարգսյանի խոսքից երեւում է, որ զիջումներ պահանջող կողմը հենց Ադրբեջանն է: Հաշվի առնելով հանգամանքը, որ բանակցային գործընթացում դրամատիկ փոփոխություններ չեն եղել, կարելի է եզրակացնել, որ իրավիճակն այս հարցում նույն մակարդակի վրա է: Ակնհայտ է, որ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը՝ սպասելով Հայաստանի ծայրաստիճան թուլացմանը, ինչին ՀՀ իշխանությունները ամեն կերպ աջակցում են:
Նժդեհ Հովսեփյան