Պանիրը ևս կաթի փոշով են արտադրում. ե՞րբ պետք է վերահսկվի իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ գյուղացիները հրաժարվում են ցածր գնով կաթ վաճառել, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները պնդում են, որ այս ամիսներին ձեռնտու չէ բարձր գներով կաթ մթերելը: Բացի այս՝ կաթնամթերքի ոլորտում երկարատեւ գործունեություն իրակացնող գործարարները ներկայումս կանգնած են բազմաթիվ խնդիրների առաջ: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցել է պանրի արտադրությամբ զբաղվող «Իգիթ» ընկերության տնօրեն Անդրանիկ Իգիթյանի հետ:

-Պարո՛ն Իգիթյան, «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ այսօր ՀՀ խանութներում վաճառվող պանիրը կաթի փոշուց է պատրաստված: Ի՞նչ կասեք այս մասին:

-Կաթի փոշին հնարավոր է օգտագործել միայն թթու կաթնամթերքի արտադրության մեջ. պաղպաղակի, մածունի, կաթնաշոռի: Բայց չեմ պատկերացնում, թե կաթի փոշով ինչ տեսակի պանիր կարող են պատրաստել: Միայն՝ թարմ կաթով:

-ՍԱՊԾ-ից տեղեկացանք, որ Ձեր ընկերությունը նույնպես կաթի փոշի է ներմուծում: Այն ինչի՞ արտադրության մեջ եք օգտագործում:

-Այո՛, մենք միայն ապրիլ ամսին ենք 10 տոննա կաթի փոշի ներմուծել, բայց այն օգտագործել ենք պաղպաղակի արտադրության մեջ:

-Հիմա գյուղացիներից որքանո՞վ եք կաթը մթերում:

-Եթե իրենք են բերում գործարան, ապա 150 դրամ ենք վճարում, իսկ եթե մեր մեքենաներն են գնում վերցնում՝ 130 դրամ: Բայց տեղական արտադրողները չեն կարողանում կաթ մթերել, այս գներով այս ամիսներին ձեռնտու չէ, որովհետեւ վաճառք չկա: Հայաստանում պանիրը վաճառվում է միայն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Իսկ մեկ կիլոգրամ կաթի փոշին արժի 1000 դրամ: Այս պատճառով էլ կաթնամթերք արտադրողներին ավելի ձեռնտու է կաթի փոշիով արտադրել, քան թարմ կաթով: Բայց նախորդ տարիներին կաթի մթերումը նորմալ կատարվում էր. հավաքում էին կաթը, փոշի էին պատրաստում, որն էլ ձմռանը օգտագործում էինք՝ թթու կաթնամթերքի արտադրման ժամանակ: Բայց մենք նման խնդիր չունենք, քանի որ մեր սպառողը քաջատեղյակ է մեր արտադրանքի որակին:

-Պանիր արտահանո՞ւմ եք: Դեպի ո՞ր երկրներ:

-Այո՛, պանրի մեծ քանակություն արդեն կարողանում ենք արտահանել դեպի Մոսկվա, Կրասնոդար: Բացի այս՝ մեր ընկերության արտադրանքը վաճառում ենք ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաեւ Երեւանում:

-Պարո՛ն Իգիթյան, դեպի ՌԴ նո՞ր եք սկսել պանիր արտահանել:

-Տարիներ առաջ իրականացրել ենք արտահանում, հետո տեւական ժամանակ դադարեցրինք, բայց այս տարի առաջին անգամ ենք արտահանում: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո կարողացանք արտահանել, քանի որ մեր արտադրամասի բոլոր պայմանները համապատասխանում են իրենց պահանջներին:

-Իսկ արտահանման հետ կապված ի՞նչ խնդիրներ կան: Ռուսական շուկայում դժվա՞ր է արտադրանքն իրացնել:

-Այս տարի շատ բարդ էր: Շատերը գիտեն, որ այս գործով ենք զբաղվում, ուրեմն մեծ փողեր ունենք, բայց դա այդպես չէ: Մենք նաեւ վնասներ ենք կրում: Իսկ վարկային պարտավորությունները շատ են. նախորդ տարվա դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումից տուժեցինք: Հիմա դոլարով վարկն ենք մարում, բայց վերցրած արժեքից ավելի թանկով: Եթե ռուսական շուկայի պահանջարկը մեծանա, բնականաբար, արտադրության ծավալներն էլ կմեծացնենք:

Եթե Ռուսաստանի վիճակը վատ է, ուրեմն մերն էլ կվատանա: Խեղճ ժողովուրդը այստեղից-այնտեղից բան պոկելով է ապրում: Հիմա Ռուսաստանի տարածքով մեկ բոլոր հայերը կաթի ու պանրի արտադրությամբ են զբաղվում: Օրինակ՝ այստեղ՝ Կալինինոյում նախորդ տարի կար պանրի 20 փոքր արտադրամաս, բայց այս տարի դրանցից մնացել է միայն մեկը: Բոլորը գնացել են Ռուսաստան, եւ այնտեղ մեկը՝ մի գյուղում, մյուսը՝ մի քաղաքում պանրի ու կաթի արտադրությամբ են զբաղվում: Ու այսպես, Հայաստանի պանրի անունն ընկած է: Խորհրդային տարիներին՝ յուրաքանչյուր պանրագործ իր պատրաստած պանրի վրա գրում էր իր անունը:

Այն հանձնում էին Մոսկվայում գտնվող հատուկ բազաներում: Եւ եթե որեւէ մեկի պատրաստած պանիրը բարձր որակի անուն էր ստանում, ապա տվյալ պանրագործը պարգեւատրվում էր: Օրինակ՝ դրսի շուկայում հիմնականում վաճառվում են փափուկ տեսակի պանիրները, որոնք արագ են պատրաստվում ու անմիջապես վաճառքի հանվում: Իսկ հայաստանցիների պահանջներն այլ են:

-Պարո՛ն Իգիթյան, առաջիկայում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա…

-Բնական է, որ դա մեր գրպանի վրա վատ կանդրադառնա: Այս պահի դրությամբ հստակ ոչինչ չեմ կարող ասել, դեռ հաշվարկներ պետք է անենք: Հնարավոր է՝ արտադրանքը թանկացնենք:

զրուցեց Սյունէ Համբարձումյան




Լրահոս