Լուսինե Աղաբեկյանը (Լուսի) երկրպագուների համար հերթական տեսահոլովակն է պատրաստում, որը մի քանի շաբաթից կհանձնի նրանց դատին: «Ժողովուրդ»-ը երգչուհու հետ զրուցել է Լուսինե Աղաբեկյանից Լուսիի վերածվելու, անճանաչելիորեն փոխվելու, իր համար յուրահատուկ ոճ ստեղծելու մասին: Նա խոստովանել է, որ երգարվեստում իր տեղը գտնելու հարցում իրեն շատ է օգնել ամուսինը: Երգչուհին անդրադարձել է նաեւ ընտանիքը համալրելու թեմային:
-Լուսինե՛, վերջին շրջանում Ձեզ տեսնում ենք նոր, համարձակ կերպարներում: Կարծես ձգտում եք յուրահատուկ ոճ կերտել, այո՞:
-Անկախ ամեն ինչից` ես փորձում եմ որակյալ պրոդուկտ տալ: Ի դեպ, իմ հերթական տեսահոլովակը չի ուշանա. արդեն տարվում են մոնտաժային աշխատանքներ: Չեմ ուզում գաղտնիքներ բացել եւ մանրամասնել, թե ինչ է սպասվում հանդիսատեսին. մի քանի շաբաթից ամեն բան պարզ կլինի:
-Էլի մեծ գումարնե՞ր եք ծախսել (նախորդ տեսահոլավակն արժեցել էր շուրջ 50 հազար դոլար):
-Գումարից ընդհանրապես չեմ ուզում խոսել, կարեւորը ճաշակով, նոր մեսիջով արտադրանք մատուցելն է: Միայն կասեմ, որ այս աշխատանքը կդասվի իմ սիրելի տեսահոլովակների թվին:
-Մեր հիշողություններում դեռեւս թարմ է «Հայ Սուպեր-սթար»-ից հայտնի դարձած Լուսինե Աղաբեկյանը, որը, սակայն, վերջին շրջանում դարձավ Լուսի, անճանաչելիորեն փոխվեց. հաճա՞խ եք կտրուկ փոփոխությունների դիմում:
-Իրոք, նախկին կերպարիցս շատ բան է փոխվել` իմ ոճը, արտաքինը, մազերիս գույնը: Առհասարակ, ես սիրում եմ ռիսկի դիմել, հատկապես երբ ամուսինս կողքիս է: Իհարկե, միեւնույն ժամանակ, ամեն բան անում եմ չափի մեջ:
-«Հայ Սուպեր-սթար»-ին մասնակցելուց եւ ճանաչվելուց ի վեր կա՞ մի նպատակ, որ շատ եք ուզում իրականացնել, սակայն մինչ այժմ չի ստացվել:
-Միանշանակ, իմ ամենամեծ նպատակներից մեկի մասին ես դեռ չեմ ուզում բարձրաձայնել, երբ հասնեմ դրան, կասեմ, որ հենց դրան էի ձգտում: Կարծում եմ` այդ նպատակն ինձնից հեռու չէ, եւ մոտենում է այդ պահը: Իմ նպատակներից մեկն էլ ոչ միայն Հայաստանում, այլեւ երկրից դուրս գործունեություն ծավալելն է: Եթե Հայաստանում որոշակի գումարով կարող ես մեգաաստղ դառնալ, ընդ որում, կապ չունի` լավ ես երգում, թե վատ, ապա այլ երկրներում հաջողության հասնելու համար պահանջները բոլորովին այլ են, որոնց պետք է պատրաստ լինել:
-Իսկ արտաքինի մեջ կտրուկ փոփոխության, վիրահատական միջամտության երբեւէ կդիմե՞ք:
-Դա մարդու անձնական գործն է` անկախ մասնագիտությունից: Ճիշտ է՝ առ այսօր ոչ մի վիրահատության չեմ դիմել, բայց գուցե դրա ժամանակն էլ գա…Համենայն դեպս, ես ավելի շատ փորձում եմ ներկայանալ հետաքրքիր, խարակտերային կերպարներով, քան զարմացնել իմ սանրվածքով, դիմահարդարմամբ կամ արտաքինին վերաբերող այլ գործոններով:
-Ձեր ոլորտում հավատարիմ ընկերներ ունե՞ք:
-Օյ…Ոլորտում հավատարիմ ընկերներ չունեմ. իմ հավատարիմ ընկերներն իմ կողքին են, ու կապ չունի` որ ոլորտից են: Կարծում եմ` այս ասպարեզից դեռ չկա մեկը, որը կարող է իմ ընկերը լինել: Ընկեր հասկացությունն ինձ համար առանձին, կարեւոր նշանակություն ունի, քանի որ ինքս շատ նվիրվող տեսակ եմ:
-Երգարվեստի ոլորտում Ձեր տեղը գտնելու գործում Ձեր ամուսինը` ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ի՞նչ դեր ունի:
-Մեծ դեր ունի եւ՛ իմ անձնական, եւ՛ երաժշտական կյանքում: Երբ ազատ ժամանակ ենք գտնում, նախընտրում ենք այն միասին անցկացնել, թե՛ տանը, թե՛ դրսում աշխատանքային քննարկումներ ենք անում: Նա ամեն վայրկյան ինձ խորհուրդներ է տալիս, եւ եթե ես այդ խորհուրդներին հետեւեմ, կարծում եմ` իմ կյանքում շատ քիչ սխալներ կգործեմ:
-Իսկ ի՞նչը կարող է թեկուզ փոքրիկ անհամաձայնությունների պատճառ դառնալ:
-Ես ցանկացած հարցում վստահում եմ ամուսնուս, օրինակ` երբ տեսահոլովակի ընթացքում նա ցուցումներ է տալիս, վերջում արդյունքը տեսնելով` հասկանում եմ, թե նա ինչ էր ուզում ստանալ: Նա լիարժեք մտնում է իր աշխատանքի մեջ, եւ ես աշխատում եմ չխառնվել ամուսնուս գործերին, քանի որ, ինչպես նշեցի, վստահում եմ նրա ճաշակին:
-Իսկ մտածո՞ւմ եք ընտանիքը համալրելու, երեխաներ ունենալու մասին:
-Դա կլինի, երբ Աստած կամենա, բայց, ճիշտն ասած, մենք չենք շտապում: Ամեն բան իր ժամանակն ունի. կարծում եմ` այդ պահն էլ կհասունանա:
Աննա Բաբաջանյան