Խորթ մոր վրայից զգացած տհաճ հոտը՝ ծեծի պատճառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի հունվարի 3-ին՝ առավոտյան, տղամարդու կողմից խորթ մորը ծեծի ենթարկելու դեպք էր արձանագրվել: Կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 36-ամյա Կարապետը ծեծի է ենթարկել խորթ մորը՝ Ռոզային՝ հարվածելով վերջինիս աչքերին:

Armlur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ սրանից բացի, հունվարի 16-ին իր տան ննջասենյակում Կարապետը մահճակալում պառկած խորթ մոր խնդրանքով նրան արտաքնոց տանելու, մոտեցել, բռնել է ձեռքերից, օգնել, որ նստի, սակայն զգալով արտաթորանքի հոտը՝ իրեն վատ է զգացել, բաց է թողել մոր ձեռքերը: Սրա հետևանքով Ռոզան կիսանստած դիրքից թեքվել և ընկել է մահճակալի կողքին դրված փայտյա պահարանի վրա՝ դեմքի ձախ հատվածով դիպչելով եզրին: Կինը գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, ձախից այտոսկրի և հայմորյան խոռոչի առաջնային պատի փակ կոտրվածքներ, ձախ ստորակնապիճային շրջանի արյունազեղման, քթի մեջքի աջ կեսի քերծվածքների ձևով միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ:

Կարապետն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և խնդրել է արագացված կարգով դատական քննություն անցկացնել: Կարապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 118-րդ (թեթև վնաս հասցրած ծեծ) և 121-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Իսկ որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝  դատարանը հաշվի է առել այն, որ ըստ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության Կարապետը տառապում է հոգեկան և վարքային խանգարումներ ալկոհոլի չարաշահման հետևանքով, կոգնիտիվ անբավարարությամբ և իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ  ճանաչվել է սահմանափակ մեղսունակ:

Դատարանը վճռել է կատարած արարքների համար Կարապետին դատապարտել 70 հազար դրամ տուգանքի:




Լրահոս