Ատոմակայանը վերանորոգելու համար նախատեսվում է ծախսել 300 միլիոն դոլար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցնում է, որ կա բավականաչափ ժամանակ Մեծամորի (Հայկական) ատոմային էլեկտրակայանի շահագործման լիցենզիայի երկարաձգման հարցին լուծում տալու համար: «Արմենպրես»-­ի հետ զրույցում նախարարը տեղեկացրեց, որ հունիսի 13-­ին ատոմակայանի ղեկավարության և շահագրգիռ այլ կողմերի հետ խորհրդակցություն են անցկացնելու` հաշվի առնելով հանգամանքը, որ ատոմակայանի աշխատանքը դադարեցվելու է ոչ թե 2016 թվականի սեպտեմբերի 1­-ին, այլ 2017-­ի գարնանը: «Մենք ժամանակ ունենք, կհասցնենք ամեն ինչ»,­ – ասաց Երվանդ Զախարյանը:

Նախարարը հայտնեց, որ, 2017­-ին` ՀԱԷԿ­-ի շահագործման լիցենզիայի երկարաձգման հայտի ուսումնասիրման ընթացքում, ատամակայանը 6 ամսով կդադարի գործել: «Այդ վեց ամիսների ընթացքում պետք է կատարվեն շատ լուրջ վերականգնողական աշխատանքներ՝ անվտանգության, շահագործման հետ կապված, որպեսզի գործողության ժամկետը երկարացվի 10 տարով»,­ – ընդգծեց Երվանդ Զախարյանը` հավելելով, որ այդ աշխատանքների համար նախատեսվում է ծախսել 300 միլիոն դոլար, որը վարկի տեսքով ստացել են ռուսական կողմից:

Հարցին ի պատասխան, թե արդյոք այդ ժամանակ կրկին կանգնելու ենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վտանգի առջև` Երվանդ Զախարանն ասաց. «Վերականգնման աշխատանքների համար պետք է ծախսենք 300 միլիոն դոլար, 30 տարիների ընթացքում այդ վարկը պետք է մարենք, որոշակի ազդեցություն 2017 թվականից հետո դա, իհարկե, կունենա սակագների վրա»: Հայաստանը հյուրընկալել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման միասնական առաքելությունը` (IRRS):

Առաքելությունը Հայաստանում իր աշխատանքն սկսել է այս տարվա հունիսի 1­-ին ու ավարտել հունիսի 12-­ին: IRRS առաքելության ղեկավար, Շվեյցարիայի Միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի ղեկավար Հանս Վանները, ներկայացնելով առաքելության արդյունքները, նշել է, որ Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր մարտահրավերը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման խնդիրն է. ՀԱԷԿ­ի շահագործման լիցենզիայի ժամկետը ավարտվում է 2016 թվականի սեպտեմբերի 1­ին:




Լրահոս