Ավելի քան մեկ ամիս է, ինչ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կաթի մթերման գինը 170 դրամից իջել է մինչեւ 100-110, որոշ տեղերում անգամ 80-90 դրամ: Բացի այս՝ կան կաթնամթերք արտադրող ընկերություններ, որոնք հրաժարվում են գյուղացիներից կաթ գնել: Հայաստանի ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի պնդմամբ այս ամենի պատճառն այն է, որ ՀՀ է ներմուծվել մեծ քանակությամբ Էժան կաթի փոշի, եւ այն ձեռք բերող կաթնամթերք արտադրող ընկերությունները հրաժարվում են գյուղացիներից թարմ կաթ գնել: Արդյունքում այն ֆերմերները, որոնք մեծ անասնագլխաքանակ ունեն, աստիճանաբար մորթում են իրենց անասունները, որպեսզի կարողանան անասնակեր գնել, աշխատող պահել եւ նաեւ ընտանիք կերակրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ էժան կաթի փոշին ներմուծվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի «բարձր հովանու ներքո», ում միջնորդությամբ էլ կաթնամթերք արտադրող ընկերություններին «հորդորվել է» մեծ քանակությամբ կաթի փոշի գնել: Եվ հենց այս պատճառով է, որ կաթ արտադրող ընկերությունները գյուղացիներից հրաժարվում են թարմ կաթ մթերել կամ էլ շատ ցածր գին են առաջարկում: Արդյունքում` անելանելի վիճակում հայտնված բազմաթիվ անասնապահներ մորթում են իրենց անասունները: Սա լուրջ խնդիր է, որը, սակայն, կարծես թե որեւէ մեկին չի հետաքրքրում: Մինչդեռ հայտնի իրողություն է, որ կաթնատու խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կտրուկ նվազեցման դեպքում մի քանի տարի է պետք՝ այն վերականգնելու համար:
Ովքե՞ր են կաթի փոշի ներմուծող ընկերությունները: Այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից փոխանցեցին, որ կաթի փոշի ներմուծում է 10 ընկերություն: Այդ ընկերություններն են՝ «Արահետ Դեվելոպմենտ», «Արամ-Գ», «Առեւտրի տուն Բելար», «Գրանդ Քենդի», «Էլիտ Շանթ», «Իգիթ», «Լիա-Կ Գրուպ», «Մեգաֆուդ», «Պարգեւ», «Պրոդինվեստ ՏՊԿ»: Ի դեպ, «Մեգաֆուդ» ընկերությունը կապվում է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի անվան հետ: ՍԱՊԾ-ից տեղեկացանք նաեւ, որ մարտին ՀՀ է ներմուծվել 144, ապրիլին՝ 209, մայիսին՝ 120 տոննա կաթի փոշի: Ըստ ՍԱՊԾ-ի՝ առաջին հինգ ամիսների համեմատականով այս տարի հանրապետություն շուրջ 40 տոննայով ավելի քիչ կաթի փոշի է ներմուծվել, քան նախորդ տարի: Այն ներմուծվել է Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Նիդեռլանդներից: Բացի այս, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2015 թ. ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկել է կաթ-կաթնամթերք արտադրող 74 ընկերություն:
Մինչ օրս ստուգման է ենթարկվել 5 ընկերություն, որոնցում եղել են մակնշման խախտումներ: Այսինքն՝ տնտեսավարողը արտադրանքի մակնշման մեջ չի նշել կաթի փոշի օգտագործելու կամ արտադրանքում կաթի փոշու մասնաբաժնի մասին: Այդ խախտումների վերաբերյալ տրվել են հանձնարարականներ եւ ժամկետներ: Թեեւ նշված պետական կառույցը վստահեցնում է, որ կաթի փոշու ներմուծման ծավալները նվազել են, այլ ոչ թե ավելացել, «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության ընթացքում պարզեց, որ այսօր ցանկացած քաղաքացի կարող է հեշտությամբ մեծ քանակությամբ կաթի փոշի ձեռք բերել եւ պանրի կամ կաթից պատրաստված մեկ այլ սննդատեսակի արտադրություն հիմնել: Օրինակ` List.am էլեկտրոնային կայքէջում կաթի փոշու վաճառքի բազմաթիվ հայտարարություններ կան, որտեղ նշված է, թե այն որ երկրից է ներմուծվել ՀՀ եւ որքան արժի: Այդ հայտարարություններից պարզ է դառնում, որ կաթի փոշին հիմնականում ներմուծված է Ուկրաինայից, Մերձբալթյան երկրներից եւ Բելառուսից: «Ժողովուրդ»-ը զրուցեց այդ հայտարարությունները տեղադրած գործարարների հետ (անունները նրանց խնդրանքով չենք հրապարակում):
Նրանցից մեկը խորհուրդ տվեց պանրի համար օգտագործել լիտվական կաթի փոշին, որի 1 կգ-ն արժի 1800 դրամ: Ի դեպ, այն մի քանի օր առաջ արժեր 2000 դրամ, սակայն կաթի փոշու մեծածավալ ներմուծման արդյունքում էժանացել է: Նշենք, որ կաթի փոշի վաճառողները հմուտ առեւտրականների նման համոզում էին պանրի համար գնել լիտվական կաթի փոշին: Նրանք վստահեցրին, որ լիտվական կաթի փոշին բերված է «հատուկ պանիր արտադրողների համար»: Ինչ վերաբերում է ուկրաինական կաթի փոշուն, ապա մեր զրուցակիցները նշեցին, որ այդ երկրից բերված կաթի փոշով կարող ենք ե՛ւ մածուն, ե՛ւ թթվասեր, ե՛ւ պաղպաղակ արտադրել: Նրանցից մեկը «Ժողովուրդ»-ին ասաց. «Մեզ մոտ եղածը անյուղ կաթի փոշի է եւ օգտագործվում է տարբեր տեսակի սննդամթերքի արտադրության մեջ: 1 կգ-ը վաճառվում է 2000 դրամով: Այս պահի դրությամբ յուղոտ կաթի փոշին սպառվել է: Կարող եք գալ եւ պահեստներից նմուշ վերցնել, տանել, օգտագործել եւ համոզվել բարձր որակի մեջ: Ուկրաինական կաթի փոշին պրոտեիններ ունի: Այն այդքան չեն օգտագործում պանրի արտադրության մեջ: Փորձված է, մարդիկ իրենց արտադրություններում օգտագործել են: Մարդիկ տանում են, մածուն են պատրաստում ու տնականի անվան տակ վաճառում են»:
Սակայն պանրի արտադրության ոլորտում մեծ փորձ ունեցող «Իգիթ» պանրի արտադրամասի ներկայացուցիչ Անդրանիկ Իգիթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված հայտարարեց. «Կաթի փոշուց հնարավոր չէ պանիր պատրաստել: Միայն թարմ կաթից: Իսկ եթե կաթի փոշով են պատրաստվում, ապա դրանք պանիրներ չեն, այլ պանրանման զանգված: Ես 40 տարի է, ինչ այս գործի մեջ եմ, բայց պանիր արտադրել եմ միայն թարմ կաթից»: Մի կողմից՝ այս ոլորտում իշխող դիրք գրավող ընկերությունները գյուղացուց կաթը ձեռք են բերում էժան գնով, մյուս կողմից՝ խանութներում եւ սուպերմարկետներում կաթնամթերքի գները թանկանում են ու թանկանում: Բացի այս՝ սպառողը խանութից կաթնամթերք գնելիս հստակ չգիտի, թե այն ինչից է պատրաստված՝ թա՞րմ կաթից, թե՞ կաթի փոշուց:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով եւ հետաքրքրվեց, թե այս կապակցությամբ կառույցն ինչ քայլեր է ձեռնարկում, արդյոք վերահսկում է, թե որքանով է վաճառվող կաթնամթերքի բաղադրությունը համապատասխանում ներկայացված տեղեկատվությանը, եւ արդյոք այսօր թարմ կաթի փոխարեն կաթնամթերք արտադրող ընկերություններն իրենց տեսականին չեն ստանում առավելապես կաթի փոշուց` այդպիսով գերշահույթներ ստանալով սպառողներին մոլորեցնելու հաշվին:
Մեր այս մտահոգությանն ի պատասխան՝ ՏՄՊՊՀ-ից հայտնեցին. «Կաթի մթերման գների տատանումները պայմանավորված են տվյալ բնագավառին բնորոշ սեզոնայնության գործոնով եւ կաթ արտադրող գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների կողմից տարվա առանձին ամիսներին կաթի առաջարկի զգալի ավելացմամբ: Ձեր կողմից բարձրացված խնդիրը վերաբերում է կաթնամթերք արտադրող ընկերությունների կողմից չոր կաթի օգտագործմանը, ինչի կապակցությամբ պետք է նշել, որ բարձրացված խնդիրն առավելապես հնարավոր է բացահայտել լաբորատոր փորձաքննության միջոցով: Գործող օրենսդրությամբ կաթնամթերք արտադրող ընկերությունները սահմանափակված չեն չոր կաթի օգտագործման հարցում, հետեւապես ներմուծվող չոր կաթի գինը կարող է ազդեցություն ունենալ գյուղացիական եւ ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրվող կաթի մթերման գների ձեւավորման գործընթացի վրա»: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է մեզ հրամցվող կաթնամթերքի որակը, այսօր գյուղացիներից մթերվող անարատ կաթի անթույլատրելի ցածր գինը հանգեցնում է գյուղերում առանց այդ էլ անկում ապրող անասնապահության էլ ավելի մեծ անկմանը: Մարդիկ ստիպված են մորթել իրենց եկամտի միակ աղբյուրը, որպեսզի կարողանան ժամանակավոր գոյատեւել: Մինչդեռ ողջ օրը սեփական PR-ով զբաղվող գյուղնախարարն այս խնդրի լուծման ուղղությամբ ոչինչ չի անում: Հիշեցնենք, որ գյուղացու խնդիրներին առանձնահատուկ ուշադրություն դարձնելու մասին հայտարարել էր նաեւ Սերժ Սարգսյանը. «Այսուհետ մենք շրջվելու ենք դեպի գյուղացին»:
Այսքանից հետո հետաքրքիր է, թե Ս. Սարգսյանը մարմնի որ մասով է շրջվել դեպի գյուղացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ