Նույն գետում ամեն տարի դժբախտ դեպքեր են լինում. ղեկավարների համար երևույթը սովորական է դարձել. ո՞վ պետք է վերահսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետությունում այսօր գրանցվեց ջրահեղձման հերթական դեպքը: Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի:

Վերջին շրջանում ջրահեղձման դեպքերը սովորականից ավելի շատ են կրկնվում. գրեթե ամեն օր կարելի է լսել ջրանցքներում կամ գետերում ջրահեղձման դեպքերի մասին: Հիշեցնենք, որ ընդամենը երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Վեդիում գետում լողալիս ջրահեղձ են եղել 7 և 9 տարեկան անչափահաս եղբայրներ:

Armlur.am-ի հետ զրույցում Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը զարմանք հայտնեց, որ իր խոսքով, արդեն սովորական դարձած ջրահեղձման դեպքերից արձագանք եղավ միայն այսօր տեղի ունեցած դժբախտ դեպքին. «Ամեն տարի, նույնիսկ տարվա ընթացքում մի քանի անգամ կանալներում մի քանի երիտասարդներ են խեղդվում, այն օրից, ինչ կանալը գործում է, այս վիճակն է տիրում, ինչո՞ւ արձագանք չեղավ: Տարեց կին էր. իր բոստանը ջրելիս է եղել, ոտքը սահել-ընկել է ջրանցքը, հասել է թունելի ծայրը, չի հասցրել դուրս գալ, խեղդվել է: Անցած տարի 20, 21 տարեկան եղբայրներ խեղդվեցին, դրանից առաջ էլ մեկ ուրիշը ու այդպես շարունակ»:

Armlur.am-ի հարցը` եթե ջրահեղձման դեպքերը բավականին հաճախակի են դարձել, ի՞նչ միջոցներ են ձեռնարկում պատկան մարմինները խնդիրը լուծելու համար կամ գոնե հնարավորինս թիվը կրճատելու ուղղությամբ, Անդրանիկ Պապիկյանին կրկին զարմացրեց. «Կարկուտից էլ են մարդիկ մահանում: Ի՞նչ կարող ենք անել դրա դեմ: Մարդիկ դժբախտ դեպքերի զոհ են դառնում: Պարզապես անփութության հետևանք է»:

Իսկ մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր չէ արգելապատնեշներ կամ ինչ-որ այլ մեխանիզմներ կիրառել, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց:

Ստացվում է` իրավիճակը որևէ կերպ չի կանոնակարգվում և հույս ունենալ, թե երբևէ կկանոնակարգվի, կարծես, պետք չէ ունենալ:

Ավելրոդ չենք համարում հիշեցնել, որ տարիներ առաջ, արձանագրելով ջրահեղձման դեպքերը՝ ԱԻՆ Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը հայտնել էր, որ վիճակն անվերահսկելի է հատկապես մարզերում: Նրա խոսքով, բավարար չէ փրկարարների թիվը, չկա նաև անհրաժեշտ տեխնիկա: Ի դեպ, ԱԻՆ փրկարարական ջոկատը, ըստ ոլորտի պատասխանատուի, պետք է սկսեր աշխատել «Ոչ մի զոհ ջրին» նշանաբանով: Սակայն փաստերն այլ բան են հուշում:

Հ.Գ. Երեկ Armlur.am-ի հետ զրույցում Գոռավան համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանը, անդրադառնալով անչափահաս եղբայրների ջրահեղձման դեպքին, նշեց, որ գետը, որտեղ երեխաները լողալիս են եղել բավականին խորն է: Այստեղ տարվա այս սեզոնին մշտապես երեխաները լողում են, մահվան դեպքեր էլ ոչ հաճախ, սակայն գրանցվում են: Այսպիսով, բացահայտումները գնալով շատանում են՝ գազալցակայաններ, վերելակներ, այժմ էլ՝ ջրանցքներ և գետեր… Մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:

Տաթև Հարությունյան




Լրահոս