Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը Բաքվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժառանգությունե” կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, հույս է հայտնել, որ հակամարտության կողմերը կկարողանան հասնել խաղաղության եւ վերականգնել հարաբերությունները, հայտնում են “Ժառանգություն” կուսակցությունից:
Րաֆֆի Հովհաննիսյանը նախօրեին մեկնել էր Բաքու` մասնակցելու Ադրբեջանի մայրաքաղաքում ընթացող “Ասիայի քաղաքական կուսակցությունների գիտաժողովին”, որին հրավիրված է որպես “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ:
Ադրբեջանական “Թուրան” լրատվական գործակալության փոխանցմամբ, հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ սխալ է օգտագործել այնպիսի քաղաքական բառեր, ինչպիսին է “բռնազավթումը”:
“Նման տերմինաբանության համաձայն, հայկական հողերի մեծամասնությունը նույնպես բռնազավթվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից”,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ արցախյան հակամարտության պատճառը եղել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի բնակիչների դեմ:
“Հուսով եմ, որ կկարողանանք հասնել խաղաղության եւ վերականգնել հարաբերությունները: Դա տեղի կունենա, երբ կողմերից յուրաքանչյուրը սկսի հասկանալ, որ պատասխանատվություն է կրում ողջ տարածաշրջանի համար: Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրավունք ունեն արտահայտվել եւ հայտարարել իրենց ինքնության մասին: Պետք է հարգել միմյանց, դիմացինի ինքնությունը եւ մշակութային ժառանգությունը”, – ասել է Հովհաննիսյանը:
“Ժառանգություն” կուսակցության հիմնադիրն ու առաջնորդը անդրադարձել է նաեւ փախստականների եւ ներքին տեղահանված անձանց հարցին: “Ես հասկանում եմ 700 հազար ադրբեջանցի փախստականների խնդիրները եւ 400 հազար հայ փախստականների իրավունքները, որոնք վտարվել են Բաքվից եւ Սումգայիթից: Նրանք բոլորն իրավունք ունեն վերադառնալ իրենց հողերը, այդ թվում` ադրբեջանցիներն անկախ Լեռնային Ղարաբաղ, իսկ հայերը` Թուրքիա”,- ասել է Հովհաննիսյանը:
Եզրափակելով Բաքվում լրագրողների հետ հանդիպումը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին ընդունելության համար եւ հույս հայտնել, որ կկարողանա այցելել հայկական եկեղեցի եւ հանդիպել Բաքվում բնակվող հայերի հետ:
Արձագանքելով Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից Բաքվում արված հայտարարություններին՝ Ադրբեջանի կառավարող “Նոր Ադրբեջան” կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովն ասել է, թե “Հայաստանի նախկին արտգործնախարարի կողմից արված հայտարարություններն անհիմն են”:
“Անկախ այն բանից, թե ինչ է ասել նախկին արտգործնախարարը, ՄԱԿ-ը, եվրոպական հեղինակավոր կազմակերպությունները եւ միջազգային հանրությունն ընդհանրապես, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբն ու դրա համանախագահները բազմիցս շեշտել են Հայաստանի կողմից Ադրբեջանի օկուպացված հողերի շուրջ առկա փաստերը եւ բացեիբաց հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին”, – ասել է “Նոր Ադրբեջան” կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմադովը:




Լրահոս