Ո՞Վ Է ԼԱՓԵԼ ՄԱԶՈՒԹԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀՇ վարչության անդամ, ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Երջանիկ Աբգարյանը հաստատել է, որ իրենց իշխանության տարիներին եղել է «մազութ լափելու» հայտնի գործը: Երեկ Աբգարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Մազութի լափելը եղել է եւ դրա լափողին գտնելու համար կարիք չկա ակնարկներով եւ խորհրդավոր այլաբանություններով խոսել, այլ ուղղակի հարկավոր է գնալ Պետական կադաստրի շենքը, մտնել նրա ղեկավարի կաբինետը եւ Պանիկովսկու նման հարցնել նրան. «Բենդե՛ր, է՜, չէ՛, Երվա՛նդ, ի՞նչ եղան մեր փողերը»: Մազութի գործի մասին առաջին անգամ իմացա, եթե չեմ սխալվում, 1993թ. աշնանը՝ կառավարության առավոտյան գումարվող մի դիսպետչերականի ժամանակ: Ուշացած նիստերի դահլիճ մտավ վարչապետ Հրանտ Բագրատյանը, նույնիսկ չբարեւեց դահլիճին եւ միանգամից վրա տվեց. «Էս ի՞նչ է կատարվում, մի քանի ամիս առաջ մենք պատվիրել ենք մազութը ներկրել, այդ մազութը արդեն 15 անգամ կարող էր Կալինինգրադից հասնել Վլադիվոստոկ եւ ետ վերադառնալ: Որտե՞ղ է գլխավոր դատախազը»: Արտավազդ Գեւորգյանը, չնայած արդեն տարիքն առած մարդ էր, աշխուժորեն վեր թռավ տեղից: Բագրատյանը շարունակեց. «Հենց հիմա գործ կհարուցես»: Արդեն երեկոյան ես իմացա, որ Նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ Երվանդ Զախարյանը փախել է Հայաստանից: Հաջորդ օրը իմացա, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Որոշ ժամանակ անց իմացա, որ Մոսկվա է մեկնում պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանը, եւ որ նրան հանձնարարված է ռուսների օգնությամբ գտնել Զախարյանին եւ Երեւան բերել: Սերժիկը Երեւան վերադարձավ ձեռնունայն, չէ՜ր գտել: Դրանից ոչ շատ ժամանակ անց Սերժիկն իր ծառայողական «Վոլգա»-ն փոխարինեց ջիփով եւ համարյա ամիսը մեկ Հունաստան մարդ ուղարկելով: Չար լեզուները սկսեցին խոսել այն մասին, որ նրա համար շվեյցարական բանկերից մեկում հաշիվ են բացել: Այդուհետեւ Ե. Զախարյանի մասին ես լսեցի 1998-ի պետական հեղաշրջումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 11-ին նա իր ընկերների հետ նշել էր իր վերադարձը Երեւանին մերձակա ռեստորաններից մեկում: Չնայած հետախուզումը նրա վրայից չէր հանվել, նրան չձերբակալեցին ո՛չ այդ ժամանակ եւ ո՛չ էլ նրանից հետո, երբ «մազութի գործով» կազմակերպված ռոբիկասերժիկական եւ վազգենմանուկյանաարշակսադոյանական խորհրդարանական հանձնաժողովն ի վերջո ստիպված եղավ հայտարարել, որ ՀՀՇ-ականները կապ չունեն լափած մազութի գործի հետ: Սա է սրանց իրական մազութի գործը, որը մտցրել են իրենց խելոք կարծող տխմարների գլուխը, եւ սրանք թութակի պես ամեն րոպե կրկնում են այդ սուտն ու կեղծիքը»:




Լրահոս