ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱ՛Մ… ԿԱ՛Մ
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Օննո Սիմոնսը երեկ հայտարարել է, որ Հայաստանը Եվրոպական միության եւ Եվրասիական միության միջեւ ընտրություն անելիս պետք է առաջնորդվի իր շահերով: Նա հիշեցրել է, որ Եվրասիական միությունը, որի նախաձեռնողն է ՌԴ նախագահ Վլ. Պուտինը, իր էությամբ նման է ԽՍՀՄ-ին, եւ դրան անդամակցությունը նշանակում է վերադարձ անցյալ. «Եվրասիական միությունը շատ նման է Եվրոպական միությանը: Բայց Եվրասիական միությունը, եթե չեմ սխալվում, պետք է սկսի գործել 2015թ.-ից, իսկ ԵՄ-ն արդեն 60 տարվա փորձ ունի։ Հայաստանը պետք է հասկանա, թե որտեղ են իր շահերը…»:

ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՍՊԱՆԵԼ
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2012թ. նոյեմբերի 6-ին ինքնասպանություն գործած զինծառայող 19-ամյա Սարգիս Սահակյանի հարազատները նախօրեին իրենց այցելած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցների մոտ պնդել են, որ Սարգիսը չէր կարող ինքնասպանություն գործել, եւ ավելացրել, որ նրա ձեռքերը բռունցք արված են եղել, իսկ ատամները՝ կոտրված: Բացի այդ, դեպքից ընդամենը մի քանի օր առաջ զինվորը քրոջը տեղեկացրել է, որ մի քիչ գումար ուղարկեն, որպեսզի կարողանա մոր համար նվեր գնել նոյեմբերի 10-ին արձակուրդ գալու ժամանակ:

ՃԱՐՆ ԻՆՉ
ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առաջարկով որպես առաջնային տարբերակ քննարկվել է գալիք նախագահական ընտրություններին իր՝ Վարդան Օսկանյանի թեկնածությունը: Սակայն կուսակցության անդամներն արտահայտվել են հօգուտ Ծառուկյանի առաջադրման, ինչին Վարդան Օսկանյանն էլ է համաձայն:

ԴԵՌ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ԵՆ
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, թե իրենց համար ընդունելի է ԲՀԿ-ի հետ համագործակցությունը: Սակայն, ըստ նրա, ԲՀԿ-ն, հրաժարվելով իշխող կոալիցիայի մաս կազմելուց, դեռեւս վերջնականապես չի ազատվել կաշկանդվածությունից: «Քաղաքականության մեջ առաջնորդվում են շահերով, այդ իսկ պատճառով մեր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ ընդունելի է: Մեզ ոչ ոք խոստումներ, հավատարմության երաշխիքներ չի տվել, քաղաքականության մեջ նման բաներն իսկապես ծիծաղելի են: Մենք փորձում ենք պայմանավորվել եւ անել այն, ինչ ժողովուրդը սպասում է մեզանից: Եթե ստացվի, որ դա միասնաբար անենք, լավ է, իսկ եթե ոչ, կշարունակենք անել մեր ուժերով»,-ասել է Զուրաբյանը:




Լրահոս