ՑՄԱՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս «Նուբարաշեն» ՔԿՀ-ից փախուստի փորձ էին արել ցմահ ազատազրկման դատապարտված երեք անձինք: Նրանցից մեկը Ուկրաինայում բիզնես ծավալած հայազգի գործարար էր, որը դատապարտվել էր հենց բիզնեսի հետ կապված խնդիրների պատճառով մի քանի անձանց սպանության համար: Իսկ ամիսներ առաջ ՄԻԵ դատարանը պարտավորեցրել էր հայրենի կառավարությանը նրան վճարել 6000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Խոսքը Արարատ Մուրադխանյանի մասին է:
Հայազգի նախկին գործարարին այս անգամ դատում են իր բախտակիցների հետ ազատազրկման վայրից փախուստի փորձի համար: Ըստ մեղադրական եզրակացության` Արտակ Ճաղարյանը, Արարատ Մուրադխանյանը եւ Հովհաննես Սահակյանը իրենց պատիժը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի թիվ 89 խցում կրելու ընթացքում նախնական համաձայնության են եկել եւ 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՔԿՀ-ից փախուստ կատարելու դիտավորությամբ իրենց խցում կատարել են նախապատրաստական աշխատանքներ: Սակայն նրանց չի հաջողվել փախուստի ծրագիրն ավարտին հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Գործը քննվում է Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Եւ մինչ դատարանը «կթարմացնի» այս 3 դատապարտյալների դատավճիռը, հիշեցնենք այն իրավիճակը, որում հայտնվել էր 49-ամյա Արարատը մինչ դատապարտվելը, ՄԻԵԴ-ի հայտնաբերած խախտումները` նրան դատապարտելիս, ինչպես նաեւ ՄԻԵԴ-ում առկա` Արարատի երկրորդ դիմումը, որի վերաբերյալ Եվրադատարանը դեռ վճիռ չի կայացրել:     
Հիշեցնենք, որ նախագահական նախորդ ընտրություններից առաջ Արարատը բաց նամակով դիմել էր նախագահի թեկնածուներին` նրանցից հայցելով արդարություն: Նշել էր, որ 2003թ-ից  «Նուբարաշեն»-ում է չկատարած սպանության համար եւ իր ողջ կյանքը պետք է ցմահ անցկացնի ազատազրկման մեջ` հեռու ընտանիքից: Արարատը նամակում նշել էր դեպքի հանգամանքները. «Ուկրաինայի Պոլտավա քաղաքում զբաղվել եմ գործարարությամբ: Գործարքներից մեկի ընթացքում ես պետք է 700 հազ. դոլար ստանայի, սակայն բիզնես աշխարհը, որը սերտաճած էր հանցագործ աշխարհի հետ, հրաժարվեց տալ իմ այդ գումարը, եւ հրաժարվողներից մեկն էլ «Օլիմպիյսկի Լյովիկ» մականունով Լյովա Մեհրաբյանն էր: 2002-ի հունիսի 24-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի տներից մեկի բակում խնջույքի սեղանին SS ատրճանակով սպանվում են այդ պահին Հայաստանում գտնվող Լյովա Մեհրաբյանը, նրա հայրը, եղբայրը, քեռին, իսկ Լյովայի քույրն ու քեռու տղան ստանում են հրազենային վնասվածքներ: Մեղադրանքն ուղղվեց իմ դեմ: 2003-ի հունվարին ես ձերբակալվեցի եւ 2004-ին էքստրադիցիայի ենթարկվեցի: Ըստ ինձ ներկայացված մեղադրանքի, որը պաշտպանում էին գլխավոր դատախազությունից Ա. Աշրաֆյանը, Գ. Երեմյանն ու Ա. Ամիրզադյանը, ես, չստանալով ինձ պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները, թշնամաբար եմ տրամադրվել Լ. Մեհրաբյանի նկատմամբ ու որոշել եմ վրեժխնդիր լինել, սպանել նրան: Այդ շրջանում եւ մասնավորապես այդ օրը ես Ուկրաինայում էի, եւ այդ մասին կարող է վկայել Ուկրաինայի դատախազությունում քննված քրգործը…»:
Սակայն, ըստ Մուրադխանյանի, իր «մեղավորությունը» չի հաստատվել նաեւ գործում եղած մյուս ապացույցներով: Օրինակ` «Գործով վկա տաքսու վարորդ Սիրակը հայտնել է, որ «Սիլ» հյուրանոցի մոտ իր մեքենան է նստել նիհարավուն դեմքով, մոտ 40 տարեկան ատլետիկ կազմվածքով անծանոթ տղա, վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան, բացել է ավտոմեքենայի դուռը, կռացած անցել մեքենայի հետնամաս, կրակոցներ արձակելուց հետո հեռացել: Նա հանցագործությունը կատարել է առանց ձեռնոցների: Քրգործի նյութերից ՀՀ գլխավոր դատախազությունը թաքցրել է դեպքի վայրի զննությամբ առգրավված այդ անձի բոլոր հանցահետքերը, այդ թվում` մատնադրոշմային դակտոժապավենները, դեպքի վայրից առգրավված հրազենային պարկուճները, արձանագրությունը եւ տեսաժապավենը, որը դիտարկելիս վկա Վ. Խաչատրյանը (Լ. Մեհրաբյանի քրոջ ամուսինը) ճանաչել է հանցագործին… Տաքսու վարորդն իր բոլոր ցուցմունքներում հայտնել է, որ հանցագործին ինքն անպայման կճանաչի անգամ տասը տարի անց: Նրան ճանաչման են ներկայացրել լուսանկարներ, այդ թվում եւ իմ լուսանկարը», սական տաքսու վարորդը նրանց մեջ չի տեսել հանցագործին: Համենայնդեպս, Մուրադխանյանն այդպես էր ներկայացրել իր անմեղությունը եւ նշել, որ ինքը Լ. Մեհրաբյանին սպանելու որեւէ մոտիվ չուներ. «Հակառակը, ինձ ամենեւին ձեռնտու չէր նրա մահը, որովհետեւ իմ շահերը կբավարարվեին միայն ու միայն նրա կենդանության պայմաններում: Մեռածը փող չի վերադարձնում»:
Եւ ահա հանցագործությունից 10 տարի անց ՄԻԵԴ-ը գտել է, որ անօրինական կալանքի տակ պահելով (նախաքննության ավարտից հետո նրա կալանքը պետք է կասեցնեին, բայց նա գտնվել է ազատազրկման վայրում)` Հայաստանը խախտել է Ա. Մուրադխանյանի իրավունքը եւ նրան պետք է վճարի 6000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում:
Դեռ Մուրադխանյանի մի գործ էլ ԵԴ-ում է, որով նա պահանջում է 100 հազար եվրո փոխհատուցում` կալանքի տակ գտնվելու տարիներին կրած ֆիզիկական վնասների համար, քանի որ ինքը կորցրել է աշխատանքը, ազատազրկված լինելով` ընտանիքը կորցրել է կերակրողին, ազատազրկման վայրում գտնվող եւ գումարի կարիք ունեցող անձն էլ իր հերթին է մնացել առանց միջոցների…
Հ.Գ. Փաստորեն, դատապարտյալը, կորցնելով հայաստանյան պետական մարմիններից եւ նախագահի թեկնածուներից ունեցած բոլոր հույսերը, արդարությունն ու ազատությունը փորձում է գտնել միջազգային ատյաններում եւ անօրինական ճանապարհներով, որը ստացվում է կամ չի ստացվում…    

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս