ՊԱՇՏՊԱՆԸ ՉԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 20-ին Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3 օրով հետաձգեց «Հարսնաքար» ռեստորանում կատարված դաժան ծեծի եւ սպանության հանգեցրած գործով դատաքննությունը: Պատճառը ամբաստանյալներից մեկի պաշտպանի բացակայությունն էր: Դատարանը նիստից առաջ ստացել էր ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մ. Թովմասյանի գրությունը, որով վերջինս խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի եւ հետաձգել դատական նիստը, քանի որ ինքը՝ որպես պաշտպան, մասնակցում է մեկ այլ քրեական գործի դատաքննությանը: Սակայն դատարանն անհարգելի համարեց փաստաբանի բացակայությունը` նշելով, որ նա ի սկզբանե իմացել է դատական նիստերի օրերի մասին, եւ կրկնվելու դեպքում նրա նկատմամբ դատական սանկցիա կկիրառվի: Դրան հետեւեց մյուս պաշտպանի` Երեմ Սարգսյանի գրավոր միջնորդությունը: Նա էլ խնդրում էր հետաձգել հաջորդ` նոյեմբերի 23-ին նշանակվելիք դատական նիստը, քանի որ ինքն էլ Կապան է գնալու` մեկ այլ քրեական գործով: Սակայն դատարանը չընդունեց խնդրանքը, քանի որ նախապես զգուշացրել էր կողմերին յուրաքանչյուր երկուշաբթի եւ ուրբաթ դատական նիստ անցկացնելու մասին: Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 23-ին:




Լրահոս