Իջեւանի քաղաքապետարանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ընդդեմ «Իջեւանի շուկա» ՍՊԸ-ի, որով պահանջում է շուկայի հետ քաղաքապետարանի 2005թ. մարտի 14-ին կնքած պայմանագիրը, որպես հետեւանք նույն օրն իրականացված անշարժ գույքի պետական գրանցումը եւ այդ իրավունքի գրանցման վկայականը համարել անվավեր: Դատավոր Արման Կուրեխյանը հոկտեմբերի 10-ին մերժել էր քաղաքապետարանի հայցը, քանի որ քաղաքապետարանը 4000 դրամ պետական տուրք էր մուծել, մինչդեռ իր երկու պահանջի համար պետք է մուծեր 8000 դրամ: Բացի այդ, դատարան չէր ներկայացվել նաեւ պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգելու կամ դրույքաչափը նվազեցնելու միջնորդություն:
Քաղաքապետարանի կողմից պետական տուրքը պատշաճ մուծելուց հետո նոյեմբերի 13-ին կայացել է առաջին դատական նիստը: Իսկ երկրորդ նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին: Երկու նիստերին էլ ո՛չ քաղաքային շուկայի տնօրենը, ո՛չ էլ նրա ներկայացուցիչը դատարան չեն ներկայացել: Նոյեմբերի 20-ի նիստին չի ներկայացել նաեւ քաղաքապետարանի շահերը ներկայացնող փաստաբան Խաչիկ Զաքարյանը: Որպես քաղաքապետարանի ներկայացուցիչներ՝ դատարան են ժամանել քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Արամ Մելիքսեթյանը եւ քաղաքապետարանի ճարտարապետ Մարզպետ Ալիխանյանը: Դատավոր Կուրեխյանը նրանց հարցրել է, թե արդյոք նրանք դատարան են բերել իր կողմից նախորդ նիստի ժամանակ պահանջված, քաղաքապետարանի հայցը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը: Սակայն քաղաքապետարանի աշխատակիցները հայտարարել են, որ այդ փաստաթղթերը փաստաբան Խաչիկ Զաքարյանի մոտ են գտնվում: Դատավորը դատը հետաձգել է եւ հաջորդ նիստը նշանակել նոյեմբերի 27-ին:
Նշենք, որ քաղաքապետարան-շուկայի տնօրեն հակամարտությունը «քաղաքական արմատներ» ունի: Շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանն Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հարեւանն է, իսկ Օհանյանի ավագանի որդին՝ Նարեկը, ավագանու նիստերին չի ներկայանում: Քաղաքապետ Վարդան Ղալումյանը Գ. Օհանյանին մեղադրում է շուկայի տարածքն անօրինական ընդլայնելու մեջ: Շուկայի տնօրենն էլ դժգոհում է այն բանից, որ Իջեւանի կենցաղի տան եւ եկեղեցու հարեւանությամբ սննդամթերքի բացօթյա, հակասանիտարական պայմաններում առեւտուր է կատարվում, փոխանակ այն շուկայի տարածքում տեղի ունենա: Իր հերթին քաղաքապետն էլ հակադարձում է, որ այդ տարածքում բացօթյա առեւտուրը կատարվում է համայնքի ավագանու որոշմամբ:
Տավուշ