«ԻՆՁ ԱՅԴ ՌԵՅՏԻՆԳՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ռադիո «Վան»-ի հիմնադիր-տնօրեն ՇՈՒՇԱՆԻԿ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք ինչպես քաղաքացիական, այնպես էլ քաղաքական հարցերի շուրջ:
-Նկատել եմ, որ հասարակական նախաձեռնություններին` Մաշտոցի պուրակ, Փակ շուկա, ակտիվ արձագանքում եք: Սակայն շատերի կողմից հայտնիների այդ պահվածքը դիտվում է ոչ թե որպես սրտացավ քաղաքացու վերաբերմունք, այլ սեփական ռեյտինգը բարձրացնելուն ուղղված փիառ քայլ:
-Ինձ այդ ռեյտինգները չեն հետաքրքրում, ես իմ քաղաքի համար եմ մտածում: Ի՞նչ եմ անելու այդ ռեյտինգները, ո՛չ դեպուտատ եմ լինելու, ո՛չ կուսակցություն ունեմ: Իմ բիզնեսին էլ այդ ռեյտինգը պետք չէ: Մենք բոլորս ապրում ենք այս երկրում, ուզում ենք մեր երեխաները մեծանան այստեղ, բնականաբար, սիրտս ցավում է, ինչպես բոլորի սրտերը իրենց տան համար: Ռադիոն իր գործունեության 15 տարիների ընթացքում կարողացավ հավաքել իր ռեյտինգը, քանի որ անկեղծ մարդիկ են աշխատում, ովքեր ոչ մեկի պատվերով ոչինչ չեն անում:
-Իսկ ես լսել էի, որ ինչ-որ կուսակցության եք անդամակցում:
-Լավ գիտենք, որ ԶԼՄ-ների 90 տոկոսը պատկանում է օլիգարխներին ու դրանով բարեկամներին, բայց ես փաստում եմ, որ մենք որեւէ մի կուսակցության չենք պատկանում: Մենք այն սակավաթիվ լրատվամիջոցներից մեկն ենք, որ իրենք են իրենց գլուխը պահում եւ ոչ մեկի պատվերը չեն կատարում: Ունենք առաքելություն, որ ժողովուրդը լավ ապրի, ինչքանով կարողանում ենք, փորձում ենք թեթեւացնել մարդկանց հոգսը: Մարդիկ գալիս, բողոքում են այս կամ այն խնդրի շուրջ:
-Բայց ի՞նչ կապ ունի ռադիո «Վան»-ն այդ ամենի հետ:
-Ռադիո «Վան»-ը սոցիալական նախագիծ է, մենք քաղաքացիական հարցեր ենք բարձրացնում, ինչը մեզ դարձնում է պարկեշտ եւ ցիվիլ հանրություն: Երբ մարդիկ գալիս են  իրենց հոգսերով ու խնդիրներով, մենք փորձում ենք հենց ուղիղ եթերում լուծել դրանք: Կարողանում ենք զանգահարել կադաստրից սկսած, քաղաքապետարաններով վերջացրած: Դրանից է, որ մարդիկ սկսում են մեզ հավատալ: Մենք միջնորդ ենք քաղաքացու եւ իշխանության միջեւ, որովհետեւ շատ անգամ նրանց միջեւ պատ է շարված:
-Այս 15 տարիների ընթացքում չե՞ն եղել ռադիոյի դեմ ուղղված արհեստական արգելքներ:
-Ոչ մի անգամ էլ չի եղել, մեզ մոտ եղել են անախորժություններ ՀՌԱՀ-ի հետ, բայց դրանք զուտ օրենքի շրջանակներում են եղել: Մենք ապացուցեցինք, որ կարելի է տալ եւ պիտի տրվեն հաղորդումներ նաեւ ռուսերենով, չէ՞ որ ունենք այլազգիներ, որոնք ապրում են Հայաստանում: Օրենքից դուրս մեզ վրա ոչ ոք ոչինչ չի կիրառել: Մենք էլ վճարել ենք հարկերը, բոլոր աշխատողներին գրանցել ենք, ոչ մի սխալ բան չենք արել, որ մեր հետեւից ընկնեն, ինչ եկամուտ ունենք, ցույց ենք տալիս:
Մենք նույնիսկ ընտրությունների ընթացքում ոչ մի քաղաքական գովազդ չենք տեղադրում: Դա շատ լավ շրջան է գումար վաստակելու համար, բայց մենք չենք անում: Դա մեր ռադիոկայանի քաղաքականությունն է: Գիտեք ի՞նչ կա, բացի փողից, դու պետք է հավատաս քո արած աշխատանքին: Պետք է տրվեն հավասար պայմաններ բոլոր կուսակցություններին կամ թեկնածուներին: Իսկ եթե ես մեկին չեմ հավատում, չեմ կարող իրեն եթեր տրամադրել: Այդ պատճառով մենք որոշեցինք, որ այդպիսի բան չենք անելու: Բիզնեսի առումով շատ ենք տուժում, բայց չենք անում:
-Բավական սկզբունքային եք, ցանկություն չկա՞ գնալ Ազգային Ժողով, մանավանդ որ մի քիչ ակտիվ եւ ուժեղ կանայք փորձում են իրենց տեղն ու դիրքն այնտեղ զբաղեցնել:
-Ես իմ դիրքը չեմ գերագնահատում, ես իմ տեղում եմ գտնվում: Ազգային Ժողով էլ չեմ ուզում գնալ, մեր այս փոքր տեղում կարող ենք շատ ավելի մեծ բաներ անել, քան այն կանայք, որոնք այնտեղ են:
-Զրույցի սկզբում նշեցիք, որ Ձեզ մոտ են գալիս բազմաթիվ քաղաքացիներ իրենց խնդիրներով, ամենից շատ ո՞ր խնդիրն է այսօր հուզում մարդկանց:
-Գործազրկությունը: Մեր ժողովուրդն այնքան հետաքրքիր է, եթե իշխանությունները չխանգարեն, աշխատատեղեր ստեղծեն, իրենք հանգիստ կապրեն: Երիտասարդությունն էլ այսօր արտագաղթում է, քանի որ աշխատատեղ չկա: Դե տեսե՛ք, հիմա երկու ռադիոկայան է այստեղ, մոտավորապես 30 մարդ է աշխատում: Անկեղծ ասած, ինձ այդքան էլ պետք չեն այդ 30-ը: Հանգիստ կարող եմ կրճատել 8 կամ 10 հոգու, այն 20 հոգուն էլ մի քիչ աշխատանք ու աշխատավարձ ավելացնել: Բայց իրավունք չունեմ դա անել, որովհետեւ եթե այդ տասն էլ գնացին իրենց ընտանիքներով, հաշվե՛ք՝ ինչ թիվ կկազմի:
Մարդիկ, որոնք ղեկավարում են, չպետք է մտածեն միայն իրենց գրպանի մասին: Ես ավելի հանգիստ եմ զգում ու քնում, երբ 30 հոգի նորմալ ապրում է: Եթե դառնան 20 հոգի, բնականաբար, ավելի շատ կհարստանամ, բայց դա ինձ օգուտ ու երջանկություն չի բերի:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս