Երեկ ԱՄՆ-ում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը:
55 տարեկան երգչուհին մահացել է լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետեւանքով: Մինչ այդ Ֆլորա Մարտիրոսյանն իր ոտքով է գնացել հիվանդանոց, քանի որ լեղապարկի շրջանում ցավի նոպաներ է ունեցել:
ՀՀ ժողովրդական արտիստուհին ծնվել է 1957 թվականի փետրվարի 5-ին Գյումրիում: Սովորել է տեղի Պուշկինի անվան միջնակարգ եւ Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցներում, ապա` Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում: 1976թ. ՀԽՍՀ առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հրավերով տեղափոխվել է Երեւան եւ սկսել մեներգչուհու գործունեությունը Հայաստանի ժողովրդական գործիքների պետական նվագախմբում: 1985թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ-խմբավարական բաժինը: Համերգներով հանդես է եկել ավելի քան 80 երկրներում:
Ֆլորա Մարտիրոսյանը 1991 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում: 2002-ին Հոլիվուդում եւ Բրբենկում հիմնել է Կոմիտասի անվան 2 միջազգային երաժշտական դպրոց: Նրա նախաձեռնությամբ 2006-ին Երեւանում կայացել է Կոմիտասի անվան համահայկական երգի փառատոն: 2007-ին Լոս Անջելեսում ստեղծագործական գործունեության 30-ամյակի առիթով հանդես է եկել մենահամերգով: Նաեւ ստեղծել է «Արտիստներ խաղաղության համար» միջազգային բարեգործական հիմնադրամը, որը ներկայացնում է «Այլեւս երբեք» ծրագիրը` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: 2011-ին Լոս Անջելեսում նույն այդ ծրագրի շրջանակներում համերգով է հանդես եկել հանրահայտ երգիչներ, արվեստագետներ Սթիվի Ուոնդերի, Մայքլ Սթոունի, Ալեքսիա Վասիլիուի հետ: 2011թ. արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ցավակցում է Ֆլորա Մարտիրոսյանի հարազատներին:
ՆԱ ՀԵՌԱՑԱՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ