ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մշտապես աշխատանքի եմ գնում ավտոբուսով եւ ոչ մի անգամ չեմ կարողանում օգտվել անվճար երթեւեկելու իմ իրավունքից, քանի որ վարորդներն ասում են, որ իմ քարտը դեղին չէ: Դա ինձ շատ է զայրացնում: Ծիածանի ո՞ր գույնի վկայական պետք է ունենամ, որ  վարորդներին դուր գա:

Մարուսյա Խանոյան (49 տարեկան, դերձակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության որոշմամբ առանձին խմբերի քաղաքացիներին հատկացվում են ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկության վկայականներ: Ներկայում առանձին խմբերի քաղաքացիներին ուղեւորատար տրանսպորտով անվճար երթեւեկության վկայականներ տրամադրվում են սպիտակ, դեղին, վարդագույն հիմնագույներով:
Սպիտակ հիմնագույնի վկայականները անժամկետ են, որով քաղաքացիները կարող են օգտվել մերձքաղաքային, ներքաղաքային տրանսպորտից, բացի տաքսուց: Սպիտակ հիմնագույնով վկայականները տրվում են այն քաղաքացիներին, որոնք սոցիալիստական աշխատանքի հերոսներ են, ծերանոցներում, մանկատներում ապրող պետական լրիվ խնամքի տակ գտնվող անձինք են, «Հերոսուհի մայր» 10 եւ ավելի երեխաներ ծնած եւ դաստիարակած մայրեր, Մարտական խաչի 1-ին եւ 2-րդ աստիճանի շքանշանակիր, Փառքի երեք աստիճանի շքանշանակիր:
Դեղին հիմնագույնով վկայականները կրկին տրվում են անժամկետ՝ ներքաղաքային ուղեւորատար տրանսպորտից (բացի տաքսուց) օգտվելու համար: Այս արտոնությունից կարող են օգտվել Հայրենական մեծ պատերազմի թիկունքային վետերանները, ինչպես նաեւ 5 եւ ավելի երեխաներ ունեցող բազմազավակ ծնողները:
Վարդագույն հիմնագույնով վկայականներ ունեցողները կարող են օգտվել միայն էլեկտրատրանսպորտից: Վկայականը տրվում է I եւ II խմբերի հաշմանդամներին՝ հաշմանդամության կարգով սահմանված ժամկետում (անժամկետ կամ ժամկետով), իսկ բռնադատվածներին տրամադրվում է անժամկետ:

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ լավ է՝ մեր քաղաքում վերջին շրջանում ավտոբուսներ  են երեւում, այլապես մեր խեղճ քաղաքացիներն ակամայից զրկվել էին անվճար երթեւեկելու վկայականը «օգտագործելու» իրավունքից:




Լրահոս